▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօրվա երգարվեստում կան թե՛ հոյակապ, թե՛ անտանելի երգեր». Արա Գևորգյան

ASEKOSE.am-ի բլից հարցերին պատասխանում է հայ երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր` Արա Գևորգյանը:

 -Արվեստի բնագավառի մարդը միշտ էլ ոգեշնչման կարիք ունի: Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

- Մեր երկիրն ու պահը:

 -Վարպետներ, որոնց անցած ուղին Ձեզ համար օրինակելի է:

- Կոնստանտին Օրբելյան, Մարտին Վարդազարյան և էլի ուրիշներ:

 -Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է մեր ժամանակի երգարվեստը:

- Այսօրվա երգարվեստում կան հոյակապ երգեր և նաև անտանելի երգեր: Կարծում եմ լավը կմնա, իսկ վատը` ոչ: Իմ կարծիքով հարկավոր է վերականգնել գեղարվեստական խորհուրդը և ամեն բան կընկնի իր տեղը:

 -Մեր երգարվեստում առաջընթաց նկատու՞մ եք:

- Մեծ առաջընթաց ոչ, բայց այդ ամենը թելադրում է ժամանակը:

 -Ո՞րն է հայկական երաժշտության մեջ բացակայող տարրը:

-Նախկինում երգերն ավելի մեղեդային էին, խորիմաստ և բազմաձայն: Բացակայում է ազգայինը: Աշխարահռչակ շատ երաժշտագետներ միշտ հիացել են մեր ազգային և հոգևոր երգարվեստով, որովհետև այն յուրահատուկ է և հետաքրքիր: Հատկապես մեր 1500-ից ավելի շարականները, որոնք դեռ շատ կզարմացնեն աշխարհին:

 -Եբևէ պատկերացրե՞լ եք Ձեզ քաղաքական ոլորտում:

-Ո'չ: Սակայն կցանկանայի և կառաջարկեի մեր պատգամավորներին, որ եվրոպառլամենտի նիստերի ժամանակ միշտ հնչեցնեին Քրիստոնյա Հայաստան և իսլամական Ադրբեջան բառերը: Կարծում եմ, շատ կարևոր կլինի, եթե իհարկե այդպես թույլատրվում է հայտարարել:

 -Որտե՞ղ է հանդիսատեսն ավելի ջերմ` Հայաստանու՞մ, թե՞ Սփյուռքում:

-Հատկապես ինձ համար և' Հայաստանում, և' Սփյուռքում: Անչափ շնորհակալ եմ, ջերմ են ամենուր:

-Ի՞նչ ծրագրեր, ստեղծագործական ի՞նչ նորություններ են սպասվում:

- Աշխատում եմ խաղաղության թեմայով երկու ստեղծագործության վրա, մեկն իմ «Սիրեցեք զմիմեանս» երգն է, մյուսը` Կոմիտասի «Օրօրը», որը նույնպես խաղաղություն քարոզող է: Եվ շատ կարևոր նոր երգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցին ընդառաջ: Այն կհնչի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: Երգն արդեն ընդգրկված է Հայոց ցեղասպանության նվիրված գեղարվեստական ֆիլմում: Նաև պայմանագիր եմ ստորագրել Շվեյցարական «Թայմ Պրեստիժ» ընկերության հետ, և նրանք այսօր զբաղվում են իմ մենեջմենթով և համերգների կազմակերպմամբ:

 - Կարծրատիպերը հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքում: Առավել հաճախ «ենթարկվո՞ւմ», թե ՞ «կոտրում» եք դրանք:

-Ես ավանդապաշտ մարդ եմ, սակայն չեմ սիրում դոփել տեղում: Եվ հաճախ ստիպված եմ լինում նաև ռիսկի դիմել, ինչը կարծում եմ մինչ օրս հաջողվում է: Ես սիրում եմ անել այն, ինչ ուրիշները չեն արել:

-Հովհաննես Թումանյանն ասել է. «Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ»: Ի՞նչ է Ձեզ համար արվեստը:

-Հովհաննես Թումանյանը շատ ճիշտ է մեկնաբանել: Ես կավելացնեի` արվեստը պետք է լինի հաճելի, ոգեշնչող, ուղղորդող: Արվեստը դա հենց բնությունն է, առանց որի...

 -Ի՞նչ է ընկերությունը Ձեզ համար: Ո՞վ կարող է համարվել իսկական ընկեր:


- Բարեբախտաբար ունեմ շատ ընկերներ ու բոլորին շատ եմ սիրում: Ունեմ նաև դպրոցական ընկերներ և առանց նրանց չեմ պատկերացնում: Կյանքը շատ տխուր կլիներ առանց ընկերոջ: Պապս ասում էր` ընկերոջդ համար ամեն ինչ արա և ոչինչ մի պահանջիր:

 -Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

- Ինձ միայն զայրացնում է զրպարտությունը: Աշխատում եմ ապրել ազնիվ և լինել բարիացակամ բոլորի նկատմամբ:

 -Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին և Ձեր հանդիսատեսներին: 

-Մեր ժողովրդին մաղթում եմ համբերություն, ժպիտ և լինենք բարի միմյանց նկատմամբ: Լինենք միասին, և դուրս շպրտենք մեզ իրարից բաժանող ամեն մի երևույթ, ինչը մեր թշնամիների ծրագիրն է: Մեզ փորձում են իրարից բաժանել աղանդների, շատ կուսակցությունների, հակահայկական հատուկ ծրագրերի և դրամաշնորհների օգնությամբ: Եկեք չվաճառվենք և չտրվենք օտարամուտ տարբեր կրոնների և կազմակերպությունների գցած փշրանքների համար: Լինենք միասին, և ապրենք արժանապատիվ: Ես Սիրում եմ Ձեզ: 
Շնորհակալ եմ հրաշալի հարցերի համար:

 

Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին