Հոկտեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի երիտասարդների կողմից նկարահանված հերթական ֆիլմը՝ «Մարոն» անունով: Ֆիլմը լիամետրաժ է, ժանրը` կատակերգություն: Նկարահանումները կատարվել են Լոռու մարզի Լեռնապատ գյուղում, Դիլիջանում, Գորիսում, Արցախում, Դսեղում, Երևանում: Ֆիլմի ստեղծման, գաղափարի, կերպարների մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ռեժիսորի և սցենարի հեղինակ Րաֆֆի Ղազարյանի և դերակատար Մարինա Պողոսյանի հետ:
Րաֆֆի, կխնդրեի խոսեիր ֆիլմի գաղափարի մասին:
-Ֆիլմը 70 տոկոսով հիմնված է ռեալ փաստերի վրա: Հիմնականում ներկայացնում է մերօրյա աղջիկների մտածելակերպը, որը իմ կարծիքով շատ սխալ է, քանի որ նրանք մտածում են միայն գեղեցիկ զգեստների, զարդերի , հարուստ տղաների, մեքենաների մասին:
Ֆիլմի միջոցով ցանկանում եմ ցույց տալ, որ բացի այս ամենը գյուղում էլ կյանք կա և կարելի է սիրահարվել նաև ոչխար կամ կով պահող տղայի:
Իսկ ինչո՞ւ «Մարոն»:
-Մարինե անունը գեղեցիկ է, ըստ իս: Չգիտեմ ինչու՝ Երևանում այդ անունով աղջիկներին Մարիշ են ասում: Նրան տանում են գյուղ և դառնում է Մարո, ինչպես և կոչում են նրան գյուղի բնակիչները:
Տեղյակ եմ, որ ֆիլմում հայտնի դերասաններ չկան, ինչո՞ւ:
-Դերակատարների ընտությունը պատահական է եղել, իսկ հայտնի դեմքերի չենք ընդգրկել ֆիլմում, անգամ դերակատարների մեծ մասն այդ բնագավառում մասնագիտացած չէ: Ինձ թվում է, նրանք, ովքեր մասնագետներ չեն, դերն ապրելով են խաղում:
Յուրաքանչյուր ասելիք թիրախին հասցնելու համար նախ դու պետք է ապրես, տեսնես: Ֆիլմում ներկայացվող գյուղական կյանքը լսածների, թե՞ տեսածի հիման վրա է:
-Ես ապրել եմ այդ միջավայրում: Դերակատարների մեծ մասն էլ Երևանից չէ. Լոռիից, Գյումրիից են, չնայած ունենք նաև Վրաստանից և Մոսկվայից:
Մարինա, Մոսկվայից ես եկել և ֆիլմում քաղաքից գյուղ ես գնում՝ ապրելու: Իրականում կգնայի՞ր այդ քայլին:
-Չէ, ես քաղաքի կյանքին սովոր եմ, ես չէի կարողանա կով կթել-մթել:
Եթե համեմատես Երևան-Մոսկվա-ՀՀ որևէ գյուղի աղջիկներին: Նմանություն կամ տարբերություն տեսնու՞մ ես:
-Գիտեք, Մոսկվայում բնակվող հայ աղջիկներն այնպիսին են, ինչպես Երևանում, իսկ Մոսկվայից մի 40 կմ այն կողմ՝ այնպիսին, ինչպես գյուղում: Շատ բան ընտանիքից է կախված: Այնտեղ դեռ ասում են օրինակ վերցրու հայ աղջիկներից, իսկ այստեղ…
Րաֆֆի, ինչ ես կարծում, ֆիլմը որևէ ազդեցություն կունենա՞:
-Միգուցե: Գոնե կսկսեն մտածել, որ շքեղությունից այն կողմ սեր կա, իսկ այն ամեն ինչ է:
Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի