Մայիսի 3-ին Բեռլինում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) մենամարտելու է Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) դեմ: Առաջիկա մենամարտի, հակառակորդի, ակնկալիքների և այլ հարցերի շուրջ Asekose.am-ի թղթակցի բացառիկ հարցազրույցը` Արթուր Աբրահամի հետ` ստորև.
Արթուր, մայիսի երեքին Բեռլինում սպասվում է մենամարտ` Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի հետ: Ինչպիսի՞ մարզավիճակում եք, պատրա՞ստ եք առաջիկա մենամարտին:
-Լավ մարզավիճակում եմ: Ինչպես իմ բոլոր մենամարտերին, այս մենամարտին էլ լավ պատրաստվել եմ: Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև այսպես է կարծում նաև իմ մարզիչը` Ուլլի Վեգները: Լավ է, որ այս անգամ իմ մենամարտերի միջև կարճ ընդմիջում եղավ, այնպես որ ես զրոյից չեմ սկսել նախապատրաստվել այս մենամարտին:
Ինչպիսի՞ մրցակից է Սյեկլոչան:
-Ուժեղ մրցակից է, վտանգավոր, ունի ինքնատիպ մարտավարություն: Հատկապես վտանգավոր են նրա աջ հարվածերը: Դիտել եմ նրա մենամարտերի տեսագրությունները, ծանոթացել եմ նրա մարտավարությանը, վտանգավոր կողմերին: Չեմ թերագնահատում իմ ոչ մի մրցակցի, այդ թվում Սյեկլոչային: Նա իմ գոտին խլելու ցանկություններ ունի, բայց ես դա նրան թույլ չեմ տա, ես պետք է հաղթեմ:
Եթե փորձենք կազմել առաջիկա մարտի մոտավոր պլանը, ապա ի՞նչ եք կարծում, ո՞ր ռաունդում կլինի Ձեր կողմից մրցակցին ուղղված վերջնական հարվածը:
-Որքան շուտ լինի, այդքան լավ... Ռաունդ նշել չեմ կարող, իսկ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, այնպես որ Ձեր այս հարցի հստակ պատասխանը հայտնի կդառնա Ձեր նշած այդ վերջնական հարվածից վայրկյաններ անց:
Խոսենք, թերևս, առաջիկայում նախատեսվող Ձեր անելիքների մասին:
-Ցանկանում եմ եւս 2 մենամարտ անցկացնել այս տարի: Առհասարակ, ես դեռ մեծ ձգտումներ ունեմ բռնցքամարտում: Ես զգում եմ, որ ներուժ ունեմ պայքարելու ուժեղագույնների դեմ։ Մինչև հիմա ցանկանում եմ վրեժ լուծել ռինգում իմ պարտությունների համար:
Եվ, վերջում, ե՞րբ կլինեք Հայաստանում:
-Շուտով: Ինչպես ամեն մենամարտից հետո, այս մենամարտից հետո էլ կգամ Հայաստան:
Հարցազրույցը` Անի Կարապետյանի