▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես են բրազիլացիները համաձայնում խաղալ տարօրինակ անվանում ունեցող հայկական ֆուտբոլի ակումբում

Հարավային Ամերիկայի խոշորագույն պետություն Բրազիլիան իր տարածքով ու բնակչության թվով աշխարհում հինգերորդն է, տարածաշրջանի բնապաշարային ամենամեծ ներուժ ունեցող, տնտեսապես ամենահզոր ու ամենազարգացած երկիրը:

1500 թվականին այստեղ ափ է դուրս գալիս պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբալը, որն իր հայտնագործած երկիրը հայտարարել է Պորտուգալիայի տիրույթ։ Պորտուգալացիները այստեղից արտահանել են պաո-բրազիլ (pau-brasil) կարմիր փայտը. այստեղից էլ առաջացել է երկրի Բրազիլիա անվանումը։ Ազատագրական պայքարի հետևանքով Բրազիլիան 1822 թվականին հռչակվել է անկախ կայսրություն, 1889 թվականից՝ դաշնային հանրապետություն։

XIX դարի վերջերից Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ տարիներ շարունակ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայերը:

Այնտեղ կա «Արմենիա» անունով մետրոյի կայարան, հրապարակ, որտեղ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է կանգնեցված:

Սա դեռ ամենը չէ՝ տեղի ռադիոալիքներից մեկում կա «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամ, դեռ ավելին՝ «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղում են ոչ թե հայ, այլ բրազիլացի ֆուտբոլիստներ:  Բրազիլիայի հայ համայնքի, ռադիոժամի ու ֆուտբոլի ակումբի, հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ընդլայնման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամի, նույնանուն ինտերնետային հեռուստաընկերության և «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սարգիս Կարամեկյանի հետ:

«Արմենիա Էթերնա» ռադիոժամը գործում է 2006 թվականից, հայերեն և պորտուգալերեն տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային, սպորտային հաղորդումներ է պատրաստում ինչպես Բրազիլայի, այնպես էլ տարբեր երկրների հայ համայնքների ունկնդիրների և բրազիլացիների համար:  «Էթերնա»-ն թարգմանաբար նշանակում է հավերժական, ասել  է,  թե՝  Հավերժական  Հայաստան: Ինչպե՞ս  որոշեցիք   ռադիոժամի  այս   անվանումը:

-Այո, թարգմանաբար  նշանակում  է Հավերժական  Հայաստան: Ինչ վերաբերում է անվան  ընտրությանը, ապա  4 անուն էր  միտքս եկել: Տատանվում էի երկուսի միջև: Ընկերս  կողքիս  էր, ասացի Հավերժական Հայաստան, թե՞, Հզոր Հայաստան. Ընտրեցինք առաջին  տարբերակը:

Ինչի՞  հետ եք  կապում Հայաստանի  հավերժականությունը:

-Մեր ազգը հավերժական է: Դարերով հետ գնանք. Այնքան պատերազմներ են  եղել, խնդիրներ, իսկ  Հայաստանը եղել է ու  կլինի: Քանի ազգեր  ոչնչացան, իսկ մենք…մենք  մնացինք: Թուրքը փորձեց ոչնչացնել մեզ, հաղթել, բայց  չստացվեց: Մենք այն ազգն  ենք, որը հավերժ  լինելու  է:

Ի՞նչն  էր  դրդել  Ձեզ՝  ունենալ  ռադիոժամ:

-Փոքրուց միշտ  հետաքրքրել  է  հայոց  մշակույթը. լեզուն, պատմությունը, երաժշտությունը, Ցեղասպանության  խնդիրը: Պապս  որբացել  էր  թուրքի պատճառով: Սերնդեսերունդ եկող պատմության ամեն մի պատառիկ մնացել էր հիշողությանս մեջ:  Մեծացա, որոշեցի ֆուտբոլի ակումբ  ունենալ, հետո նոր ռադիոժամ՝ պատմությունը, մշակույթը տարածելու համար:  Ուզում էի, որ Բրազիլիայի մեր հայ համայնքը ճանաչվի:  Բրազիլիայում շատերը մեր ազգի մասին ոչինչ  չգիտեն: Ասում ես հայ՝ ասում  են՝ ինչը  հայ, թո՞ւրք  եք: Նրանց համար հայ, թուրք  նույնն  է:

Ի  դեպ, հաղորդումներն արդեն հնարավոր է ունկնդրել Հայաստանում՝ երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 16:30-ին, 104.1 հաճախականությամբ:

Որքա՞ն հայ է ապրում Բրազիլիայում: Կա՞ն հայկական դպրոցներ:

-Ասում են,  որ մոտ  20.000  հայ  կա  Բրազիլիայում:  Իսկ դպրոցը  մեկն  է: Երկիրը  մեծ  է, դպրոցը  շատ  լավ  տեղ  է, բայց  շատերը  մոտակայքում չեն  ապրում: Նվազագույնը մեկ  ժամում են  հասնում  տեղ, ուստի, երբեմն գերադասում են ոչ հայկական դպրոցը: Շատ դժվար է պահպանել հայկականությունը:  Երեխաներս  ինձ  հետ  հայերեն  են  խոսում, պորտուգալերենից  իսպառ  հրաժարվել  բնականաբար հնարավոր չէ: Ոչինչ չես  կարող  անել. Երիտասարդ  են, պետք է հարգես  նրանց:  Բայց, Փառք  Աստծո,  հասկանում, խոսում  են  հայերեն:

Իսկ ամուսնություննե՞րը Այս դեպքում  կրկին  նախընտրությունը տալիս  են օտարների՞ն, թե՞  հայը  հայի հետ է  ամուսնանում:

-Կարելի է  ասել, որ  ոչ  միշտ  է  հայը  հայի  հետ   ամուսնանում: Բայց, հետաքրքիրը  գիտե՞ք   որն   է:   Տեղացիներից   ոմանք, ում ամուսինը կամ  կինը   հայ   է, նկատում եմ, որ  հետաքրքրվում  են  հայոց  պատմությամբ, մշակույթով: Ուզում  են, որ  իրենց երեխաները  հայերեն  սովորեն: Փոխարենը  կան   հայեր, որոնց  այս   ամենը  չի   հետաքրքրում:

Հայերը  հիմանականում ի՞նչ  աշխատանք են կատարում  Բրազիլիայում:

-Մեծ մասը  կոշկակար է  կամ  հագուստ  է   վաճառում: Հայերով  զորավոր  ենք   Բրազիլիայում: (Ծիծաղում  է.Ա.Կ): Բնականաբար, բժիշկներ, փաստաբաններ  կան, բայց  մեծամասնությունը  առևտուր  է  անում. կոշիկ-հագուստ, հագուստ-կոշիկ:

Կարծես թե Դուք էլ անմասն չեք մնում այս գործից:

- Այո…Հագուստի վաճառքով եմ զբաղվում: Ծնողներս  խանութպան են  եղել, ասել է, թե  արյան  մեջ  կա:  Պատրաստի  գնում  ու  վաճառում   եմ:

Վերջերս էլ ինտերնետային հեռուստաընկերություն եք բացել՝ կրկին «Արմենիա Էթերնա» անունով:  Ի՞նչ  է հնարավոր  դիտել  այստեղ:

-Հիմնականում  ներկայացնում  ենք   ֆուտբոլի   խաղերը, հոգևոր  երաժշտություն, պատարագ, ցուցահանդեսներ: Ծառայում  ենք  հայությանը. Հայություն,  հայություն   և  միշտ   հայություն:

2012 թվականին Լրագրողների համահայկական համաժողովը պաշտոնապես  առաջին  անգամ, իսկ  ոչպաշտոնապես  երկրորդ  անգամ, (քանի որ 2 տարեկանում էլ եք Հայերնիքում  եղել), Ձեզ բերեց Հայաստան: Այս  անգամ էլ՝  Հայաստան-Սփյուռք  5-րդ  համաժողովը: Եթե  չլինեին  այս   համաժողովները, Հայաստան   չէի՞ք  գա:

-Ծուռ  նստենք, շիտակ  խոսենք. Սա  պատճառներից  մեկն  է, որ   դու  գաս: Ասում  ես՝  պետք  է գնամ, կարևոր  է, իսկ, եթե  լինի՝  ինքդ  որոշում  ես  այս  ամիս   գնալ, հետո  չի   ստացվում՝ ասում  ես 3 ամիս  հետո  կգնամ: Այդպես  ձգձգվում է և  տարին  անցնում  է:

Այս  այցին  կարծես  թե  անակնկալ  էր  Ձեզ  սպասում: Սփյուռքի  նախարարի կողմից   պարգևատրվեցիք  «Մայրենիի  դեսպան» մեդալով: Ի՞նչ  նշանակություն  ունի  այն   Ձեզ   համար:

-Նախ  շատ  շնորհակալ  եմ   մեդալի   համար, բայց, չգիտեմ՝  ես  արժանի  էի, թե՞ ոչ:  Ինձանից  շատ   ավելի   արժանի  անձինք   կային: Բայց, չեմ  հերքի, որ  ուրախալի  է, որ  պետությունը  ճանաչում  է  օտար  հողում  կատարած  մեր  աշխատանքը: Մենք  ծառայում  ենք  մեր  հայրենիքին:  Մեր  արած  գործը  դյուրին  չէ. ռադիոժամ, ինտերնետային  TV,  ֆուտբոլի   ակումբ…

Հասցրել եք  հանդիպել  նաև  Գյուղատնտեսության   նախարարին, քննարկել  հայ-բրազիլական  առևտրատնտեսական  կապերի  ընդլայնման  համագործակցության  խորացմանը  վերաբերող   հարցեր: Որքանո՞վ  եք  ծանոթ  տեղական  արտադրատեսակին և  որո՞նք  կարող  են  տեղ  գրավել  բրազիլական   շուկայում:

-Փորձում  ենք  ամեն  կերպ  օգտակար  լինել  մեր  Հայաստանին  ու  ժողովրդին: Հանդիպումը,  կարելի  է  ասել, հաջողվեց: Գաղափարներ  տվեցինք, գաղափարներ  ստացանք  և   ցանկանում  ենք  կապեր  ստեղծել: Ինչ-որ  Հայաստանը  կարտադրի, այն  էլ  կփորձենք  հասցնել   Բրազիլիա: Դեռ  հստակ   որոշված  չէ, թե  կոնկրետ  ինչ   կարտահանվի:

Այսքան  հիշատակվեց  ֆուտբոլի   ակումբը, բայց  ընթերցողն  այդպես  էլ  մանրամասներ  չիմացավ:   1985թ. հիմնելեք՛  «Հայ  երիտասարդ  ֆիդայիներ» ֆուտբոլի  ակումբը: Ինչո՞ւ  հենց  այս   անվանումը  ու ընդհանրապես, ֆիդայինն  ի՞նչ  կապ  ունի   ֆուտբոլի   հետ  և, երկու  տարի  առաջ, երբ  կրկին  այս  առիթով  զրուցում  էինք, ասացիք, որ  ակումբում  հայեր   չկան: Հիմա  փոփոխություն  կա՞:

-Ոչ, ցավոք  դեռևս  հայ  չկա: Բրազիլիայում, դժբախտաբար,  չկա  պրոֆեսիոնալ  հայ  ֆուտբոլիստ, իսկ  անվանումը  փոքրիկ  մեծարանք  է  հայ  ֆիդայիներին. նրանք  դրան  արժանի   են: Նրանց  շնորհիվ  է, որ  այսօր  ունենք   պետություն:

Ինչպե՞ս  են   համաձայնում   խաղալ   ակումբում: Անվանումը  տարօրինակ  չէ՞  նրանց  համար:

-Դե  մենք  բացատրում  ենք   նրանց: Եթե   այդպես   նայենք՝ ճապոնական  կազմակերպություններ  կան՝  տարօրինակ  անուներով: Եվ, հետո, մեր  ազգը  սիրվող   է, համակրելի   ենք:

Եթե  անվանումը  մի  կերպ   հասկանում  են, ապա  ի՞նչ  է  կատարվում, երբ  հագնում  են   եռագույնը   պատկերող   համազգեստ:

-Նրանք  գործավոր  են: Ֆուտբոլիստը, որ  երկրում  էլ  խաղա՝  լինի  Հնդկաստան,  թե  Չինաստան, գումար  է   ստանում  և  պետք  է  հագնի  այն, ինչ  վարչությունն  է   տալիս:

Դուք  դեռ  նոր  շապիկը   չեք  տեսել: Եռագույնն  է  ու  Արցախը: Խորհրդանշում  է   Հայաստան-Արցախ-Սփյուռք   միասնությունը:

Ի՞նչ  եք  կարծում, կգա՞  մի  օր, որ  Արցախը  կրկին  կմիանա  Հայաստանին:

-Մինչ  սա  կկատարվի, մենք՝ հայերս, պետք  է   պատրաստված  լինենք: Մենք  պետք  է  ձեռք  ձեռքի   տանք, որովհետև  գիտեք՝ մեծ երկրները  բոյկոտելու  են: Սփյուռքը  պետք  է  իր  պապական  խոսքի  տեր ը  լինի. օգնի:  Անհերքելի  է, որ  կարևոր  է  փողի  գործոնը:  Դժբախտաբար, աշխարհում դրամի լեզվով են  խոսում: 

Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին