▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդի՛կ, էս ի՞նչ եք արել դուք...

Մարդ կա, որ ծնվելուց հետո այնպես է հարմարվում աշխարհին՝ կարծես աշխարհը իր վրա ձևված լինի։ Ինձ չհաջողվեց այդ։ Աշխարհը ինձ համար մի սովետական արտելում կարած զգեստ եղավ ու ինչքան «պերեդելկա» արի՝ չնստեց ու չնստեց վրաս։

Լեռ Կամսար

1888 թվականի հոկտեմբերի 24-ին Վան քաղաքում՝ հոգևորականի ընտանիքում, ծնվել է Պարոնյանից և Օտյանից հետո հայ երգիծաբանության ամենափայլուն դեմքը՝ Լեռ Կամսարը (իսկական անվամբ՝ Արամ Թովմաղյան 1921 թվականին փաստաթղթերը սխալմամբ լրացվում է Թովմասյան և այդպես էլ մնում է՝ Արամ Թովմասյան): Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ամերիկյան վարժարանում: Հայրը՝ տեր Թովմասը, մտադրություն ունենալով որդուն էլ դարձնել հոգևորական, 1902 թվականին ուղարկում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու:

Դեռ մանկուց սիրելով Կամսար անունը՝ Արամ Թովմասյանը հրատարակում է իր առաջին շրջանի ֆելիետոնները՝ այդ անվան ներքո:

Մեկ անգամ  Վան  քաղաքի երևելիներից մեկը Կամսարին տեսնելով փողոցում՝ շնորհավորում է նրան հերթական երգիծական պատմվածքի համար և գովեստի խոսքը ուժգնացնելու համար, տմբտմբացնելով նրա կռնակին՝ ասում է. «Կամսար չէ, մե՛ծ Կամսար, լեռ Կամսար»: Այդ օրվանից էլ մկրտվում է նրա գրական անունը՝ Լեռ Կամսար:

Հետագայում հեղինակը գրում է.

«Ես, որ գրական ասպարեզ մտնելիս «Լեռ Կամսար»  անունն առի վրաս, երբեք մտքովս չանցավ, որ այդ անունն այսօր սաստիկ պետք պիտի գար ինձ, որ այսօրվա իմ կյանքը ես պարտական պիտի լինեմ այդ անվանը:

Որովհետև, եթե այն ժամանակ ինձ  «Լեռ» չանվանեի ու ասենք  «հաստաբուն կաղնի» անվանեի անգամ, սա  40 տարվա իմ վրա փչող քամին արմատահան պիտի աներ ինձ և հողմավար տաներ, ինչքան էլ «հաստ»  բուն ունենայի:

Ես անպայման  «Լեռ» պիտի լինեի՝ դիմանալու համար այս ամեն տեսակ գլխիս ոռնացող քամիներին ու փոթորիկներին:

Եթե «Լեռ»  չլինեի՝ հիմա չկայի:

Փա՜ռք քեզ անուն, որ փրկեցիր ինձ կորստից…»:

Անհատի պաշտամունքի տարիներին գրողը մեղադրվում է ֆաշիզմի, հակահեղափոխական  գործունեության  և  Ստալինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Դատավորը կարողանում է 3 տարով ազատազրկել: Սկզբում երգիծաբանը Երևանի բանտում էր, ապա տեղափոխվում է Վորկուտա հեռավոր աքսորավայր: Երեք տարի անց վերադառնում է, բայց կառավարությունը կարծում է, որ նա բավականաչափ չի պատժվել, հիմա էլ աքսորում է Բասարգեչար, այս անգամ արդեն 17 տարով: «20 տարի քայլել եմ՝ երկու կողմս ունենալով երկու սվինավոր պահակներ: Սպեց-կոլեգիան առանց իմ համաձայնության վերցրեց ինձ ու դաշնակցության կուսակցության մեջ մուտք արավ  այն պատճառաբանությամբ, որ ես տասը տարի գրել եմ նրանց մամուլում և տեսակցել դաշնակցականների: Եթե ես 10 տարի դաշնակցության մամուլում գրելով և 3 դաշնակցականի տեսնելով դաշնակցական եմ, ապա որքան ավելի կոմունիստ եմ՝ 15 տարի բոլշևիկյան մամուլում գրելուց և 300-ից ավելի կոմունիստներին տեսակցելուս համար: Ինչևէ, ես անտրտունջ նվիրվեցի 20 ամյա տանջանքիս: Բանտապահս զվարճալի մարդ էր, ձանձրույթս փարատելու համար ուղարկեց ֆիզկուլտուրայի: Գետային նավեր էի բեռնաթափում և շատ գոհ էի վիճակիցս: Միայն մի անգամ «նարյադչիկս» ծանր բեռ դրեց կռնակիս և, ես ճոճուն սանդուղքից գետը գլորվեցի: Բայց ոչինչ, նա չէր մեղավոր, այլ ես, որ մի փոքր թուլակազմ էի…»:

«Իմ սենյակը այնտեղ այնքան փոքր էր, որ պառկելու ժամանակ պետք էր շորերը դուրս հանել և լողվորի նման ինքզինքը անկողին ձգել: Ձմռանը վիճակս սոսկալի էր: Քարացած հացս, որպեսզի կրծվեր՝ պառկում,  դնում էի ծոցս, որ մարմնիս տաքությամբ մի փոքր կակղացնեի: Ծանր արճիճի վերմակիս տակ տափակում  էի, բայց չէի տաքանում: Իմ ուտելիքն էր մի կիլո հաց, մի լիտր կաթ: Գրում էի միայն արևոտ օրերին, խոտի դեզերի տակ: Երևակայեցեք, այս բոլորից հետո չէի թքում սովետական կառավարության երեսին, որովհետև, ինչպես մի անգամ ասել եմ, տեղվանքը ցուրտ էր, և թուքս կարող էր սառած մնալ նրա երեսին…20 տարի հետո Սովետական կառավարությունը վերանայելով իր վճիռը, գտավ, որ արդար եմ և իզուր տեղը 20 տարի տառապել եմ: Մի փոքրիկ վրիպակ: Հետաքրքիրն այն է, որ սխալի համար կիսաբերան ներողություն անգամ չի խնդրում ինձանից, ինչը պահանջում է տարրական քաղաքավարությունը…»:

Երգիծաբանի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը, ով շարունակում է նրա աշխատանքները հասանելի դարձնել բոլորին,  Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հիշում է՝ չնայած որ ծնվել է Լեռ Կամսարի օջախում, նրան որպես լավ պապ է ընդունել, իսկ որպես գրող բացահայտել է այն ժամանակ, երբ հայրը հորդորել է անօգուտ թափառելու փոխարեն պապի գրվածքները վերցնել և փորձել տպագրել մամուլում.

«Եթե  արժեքավոր  լինեին,  ինձ  չէին սպասի`  վաղուց  արդեն  հրատարակած  կլինեին,- նետեցի ես: Իմ անպատկառ հայտարարությունից հայրս սփրթնեց և, դրությունը  փրկելու համար շտապեցի ասել, որ նյութերը տա, «Ավանգարդը» ճամփիս է, կտամ կանցնեմ: Վերցնելով նյութերը՝ որոշեցի սրբագրել, նոր տանել, հաստատ իմանալով, որ մեքենագրելուց հայրս  բավականին  սխալներ արած կլիներ: Մեկ սխալ,  երկու,  երեք, տասը...մեկ  էլ  հանկարծ  նկատեցի,  որ  այլևս վրիպակներն ինձ  չեն հետաքրքրում` միտքս մեկեն  բռնեց  տողի  պոչը  և գնա~ց՝  ընկնելով  Լեռ Կամսարի  աշխարհը. Անվախ մտածողություն,  անբռնազբոս  խոսք, անկաշկանդ  գրելաձև, պարզապես   մի  զվարճալի  զրուցակից... Հենց այդ պահից էլ հասկացա, թե ինչ մեծության հետ գործ ունեմ, և, որ ամենակարևորն է, ինչ մարդկային տեսակ է եղել իմ պապը: Հպարտություն, անասելի հպարտություն զգացի նրա համար, նաև անպատմելի ցավ, որ մարդկային այդ կարգին տեսակը  ճշմարտության համար անարդար հալածվել և անտեսվել է ողջ սովետական ժամանակահատվածում: Եվ հասկացա, որ իմ խաչն է՝ կյանքի կոչել մահվան սպառնալիքի տակ ստեղծված ձեռագրերը և բղավել.

-Մարդի՛կ, էս ի՞նչ եք արել դուք...

Երգիծաբանի թոոռնուհին նկատում է՝  Լեռ Կամսարի սատիրան դեռ սպասում է իր թարգմանչին, որն անպայման պետք է երգիծաբան կամ ֆելիետոնիստ լինի, որ կարողանա հաղորդել գրողի ոճը և ըմբոստ ոգին:

Նշենք, որ Լեռ Կամսարի անունով այսօր չկա դպրոց, նրա գործերն ընդգրկված չեն դպրոցական դասագրքերում, չկա հուշատախտակ, նրբանցք կա՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքը:

***

Տարիներ ի վեր կոշտացած հայկական հարցը նավթո՜վ կլուծվի եղեր... Մինչդեռ մեր ազգասերները միամտորեն կարծեր են թե արյունով պիտի լուծվի։

Թյուրիմացություն մը որուն զոհ գնաց մեկ միլիոն հայություն։

Ինձի որ մնար Ամերիկային կլսեինք ու հայկական հարցը ջուրով կլուծեինք։

«Ծովե ծով» լոզունգը որ Ամերիկան դրավ մեր բերնին՝ ջուրով լուծել ըսել էր, որ մենք չհասկցանք ժամանակին ու թող տվինք որ այսօր մեր անարատ հացին մեջ նավթ խառնեն։

***

-Ո՞վ ես դուն պզտիկ,- հարցուցին մեծ պետությունները Հայաստանին։

Ե՞ս…Ռուսաստանին անկախն եմ ե՛ս,- կուրծքը հպարտ դուրս ձգելով խրոխտ պատասխանեց պզտիկը։

***

                                                                                 Անի  Կարապետյան                                                                                                             

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին