▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավաքվել էին երկար-բարակ պոչերն ու մտածում էին, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը

Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում Հայաստանում է իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը, ով ծնվել է 1943 թվականին՝ Աթենքում և, ինչպես ինքն է կատակում՝ լույս է սփռել Աթենքի վրա: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: Հիմնական ստեղծագործությունները՝ լարային, փայտյա և պղնձյա փողային քառյակների և կվինտետների, սոնատներ՝ լարայինների, փողայինների նաև դաշանամուրի համար, քայլերգեր՝ փողային նվագախմբի համար, երգեր և խմբերգեր՝ դաշնամուրի, փողային նվագախմբի հետ՝ ինչպես մանկական, այնպես էլ խառը երգչախմբերի համար:

Դեպի երաժշտություն տանող ճանապարհը կոմպոզիտորի համար շատ դժվար է եղել: Նա հիշում է ու անկեղծանում. «7-րդ դասարանից դպրոց չեմ գնացել, հեռացրել էին անկարգության համար, չնայած  լավ էի սովորում: Աշխատեցի շինարարության վրա, որ տաբատ ու շրթհարմոն գնեի: 7 տարեկանից մայրս ինձ տարել էր երաժշտական դպրոց՝ չընդունեցին, քանի որ վճարովի էր: 20 տարեկանում կրկին դիմեցի, որպեսզի թույլ տային մասնակցել դասերին՝ գոնե որպես ազատ ունկնդիր: Հետո ընդունեցին»:

Կոմպոզիտորի հետ զրուցել ենք հայկական երաժշտության, նրա՝ պատգամավոր լինելու, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ տածած սիրո, հիասթափության, Արամայիս Սահակյանի գրած երկիմաստ բառի ու գեղարվեստական խորհրդի որոշման, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սիփանա քաջեր» կոնցերտի, Իսրայելում հայերի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի և այլ հարցերի  շուրջ: 

Հայաստանում  եք  Հայ  ժամանակակից  երաժշտության  փառատոնի շրջանակներում: Դո՞ւք  էիք  ցանկություն հայտնել մասնակցել, թե՞ առաջարկ եղավ:

-1982 թվականից Կոմպոզիտորների միության մի մասնիկն եմ, կազմակերպվել էր փառատոն, որի պահանջն էր՝ ներկայացնել 2000թ.-ից հետո գրված ստեղծագործություն: Բնականաբար, ցանկություն առաջացավ մասնակցելու:

Ներկայացվեց տրոմբոնի և նվագախմբի համար նախատեսված «Մենք» կոնցերտը: Ինչո՞ւ  հենց այդ գործը և ինչո՞ւ «Մենք»:

-Ստեղծագործությունը կոչվում է «Մենք» և, եթե մենք ենք, բնական է, պետք է մեզ ցույց տանք, մեր արմատները: Կոնցերտը մեկ մասանի է և իր մեջ ընդգրկում է երկու ավարտուն մասեր: Օգտագործված են ֆիդայական երգեր, ինչպես նաև կոմիտասյան «Կռունկի» մոտիվներ:

Գործն ինձ խնդրել էր գրել Հայֆայի (Իսրայելի 3-րդ քաղաքն է) նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմեյստերը՝ Դենիս Վուլլը: Ավարտեցի մոտ 2 ամսում: Վուլլը նոտաներն ու ձայնագրությունը ներկայացրեց իրենց դիրիժորին:

Ընդգրկեցին հաջորդ տարվա ծրագրում, իսկ այս տարին ավելի շուտ եկավ, քան  հաջորդը…

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես  եկավ Դենիս Վուլլը: Ինչո՞ւ հենց իսրայելցի  մենակատար և ոչ հայ:

-Այդ գործը կարող էի տալ հայ երաժշտի, բայց, քանի որ ինքն էր խնդրել և բնականաբար, կուզեր ստեղծագործությունն առաջինը կատարել, ուստի չցանկացա  նրան այդ  հնարավորությունից  զրկել: Նրան ինձ հետ Հայաստան բերեցի:

Սակայն, մինչ Վուլլի ելույթը շատ տխուր պահեր ապրեցինք: Երբ առաջին օրը եկանք փորձի՝ Դենիսը չէր կարողանում նվագել: Անընդհատ ջուր էր խմում:  Իսրայելը ծովի մակերևույթի վրա է, Հայաստանը՝ բարձր, և, քանի որ տրոմբոնը օդի հետ է  կապված, պետք է փչես, շրթունքները չորանում էին: Այդ օրը ամբողջ գիշեր չեմ քնել, ապրումների մեջ էի, չնայած համերգի ժամանակ նա արեց անհնարինը:

Իսկ նվագախմբի մասին խոսքերն ավելորդ են: Երբ տեսնում էի, թե ինչպես էին նվագում, տպավորություն էր, թե նրանք այն կարծիքին են, որ այն իրենց ստեղծագործությունն է: Շատ «ջիգյարով» էին նվագում: Դա գալիս է և՛ դիրիժորից, և՛ նվագախմբից:

Բացի նվագախմբի  «ջիգյար»-ով նվագելուց ուրիշ ի՞նչ բացահայտեցիք  Ձեզ համար:

-Փառատոնից հետո գնացինք Կոմպոզիտորների միություն: Քննարկումներ էին գնում, որոնք դուրս չեկան: Կարևոր հարցի մասին ոչ ոք չխոսեց: Եվ ես հասկացա, որ ժողովուրդն այստեղ, ցավոք, քաղաքականապես հասուն չէ: Նրանք չեն զգում այն վտանգը, որը կախված է Հայաստանի գլխին, այն է՝ ազգին կտրել սեփական մշակույթից:

Սակայն, երաժշտագետը վեր է կենում ու հիացմունքով խոսում, որ ունկնդրած երաժշտությունը հիշեցնում էր օտարազգի այս կամ այն երաժշտին:

Է՜, պետք է ողբաս, դրա համար, ոչ թե լավ զգաս: Ոչ ոք Կոմիտաս չունի: Նա էր, որ հայկական երաժշտությունը մաքրեց բոլոր օտար էլեմենտներից: Չե՞ք հասկանում,այ մարդ: Ամբողջ օրը մտածում են՝ Լևոնը լինի,  թե Գագոն. սպանեցիք, էլի:

Ձեր ստեղծագործությունը քննարկեցի՞ն:  

-Քննարկեցին: Դրական կարծիքների կողքին  կար նաև բացասականը: Երաժշտագետներից մեկը բողոքեց, որ կոնցերտս կոնցերտի ֆորմայով չէ:

Մոցարտը, Հայդնը և ուրիշներ ստեղծել էին կուռ օրենք, թե ինչ կանոններով պետք է լինի ստեղծագործությունը: 9-րդ սիմֆոնիայում Բեթհովենն առաջին անգամ երգչախումբ մտցրեց, քննադատեցին: Հիմա այսօր առանց այդ գործի ոչ մի դիրիժոր չի կարող:

Ժամանակները գնում են առաջ:

Այս նույն երաժշտագետները չեն զգում, որ ազգայինի պակաս կա և դրա մասին չեն խոսում: Տեսաբաններն իմ մասին Իսրայելում գրել են. գրում է ազգային երաժշտություն՝ ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայով: Այսինքն՝ իրար հետ համատեղել, ազգայինը նոր ձևով ցույց տալ:

Կա՞ր գործ, որը  հավանեցիք:

Ինձ պես հայերեն էին մտածում էդուարդ Սադոյանը (Փառատոնի ժամանակ հնչեցին հատվածներ՝ «Նարեկացի, ձայն առ Աստված» բալետից, որի հիմքում«Մատյան ողբերգության» աղոթագիրքն է/հեղ.), Ստեփան Բաբաթորոսյանը (Փառատոնի ժամանակ հանդիսատեսն ունկնդրեց «Մենակյացը և գամփռ շունը» ստեղծագործությունը, որում հայ հոգևոր երաժշտությունը համադրված էր ժամանակակից կոմպոզիտորական մտածողության և հնարքների հետ/հեղ.):

Մի առիթով ասել եք՝   կցանկանայիք, որ Կոմպոզիտորների միությունը լիներ այնպիսին, ինչպիսին Էդուարդ Միրզոյանի օրոք  էր: Ինչպիսի՞ն էր:

-Նրա ժամանակ մեր միությունը Սովետական միության մեջ Ռուսաստանից հետո երկրորդն էր: Առանձնանում էինք մեր հզորությամբ, տաղանդով, սակայն դա քիչ էր, մի հատ էլ «բրդող» պետք է լիներ, որն էլ Միրզոյանի հեղինակությունն էր: Կոնստանտին Օրբելյանի նվագախումբը միության մեջ միակն էր, որ ազատ կարողանում էր դուրս գալ արտասահման: Երբ իշխանափոխություն եղավ, նրանք գիտեին, որ ինտիլիգենցիան չի լռելու և հենց առաջին հերթին՝ Միրզոյանը, հեռացրեցին:

Ամիրխանյանի օրոք այն դարձավ մեկ հոգու միություն: Փառք, Աստծո, Արամ Սաթյանի բոլոր քայլերը տանում են դեպի պայծառ ապագա: 

 Ո՞վ  կարող է  և  պետք է համարվի  կոմպոզիտոր:

-Երբ  նոր էի մեկնել Իսրայել՝ ուզում  էի Կոմպոզիտորների  միություն ընդունվել, և, քանի որ լեզուն դեռ չգիտեի,  ռուսախոս կոմպոզիտորի կցեցին, որ ինձ օգնի՝ հասկանան, թե ինչ եմ ուզում: Նրա առաջին հարցն այն էր, թե ինչպիսի՞ երաժշտություն եմ գրում: Պատասխանեցի, որ գրում եմ իմ երաժշտությունը: Ապա հարցրեց, թե ի՞նչ ոճով, պատախանեցի՝  իմ ոճով:

Նա էլ ասաց, թե իրենք գրում են այնպես, ինչպես ԱՄՆ-ում, ես էլ ասացի, թե այ ընկեր, դու հրեա ես, չէ՞, գրի՛ր քո ազգային երաժշտությունը: Հիմա մեզ մոտ էլ կա այդ ցավը. Գրել այնպես, ինչպես Եվրոպայում: Երբ որ բոլորը մտածում են մի ձևի, նրանց կառավարելը հեշտ է:

Էբոլա,  թռչնի գրիպ և այլ հիվանդությունները  պարբերաբար ստեղծվում են և մարդիկ չեն հասկանում, որ այդ բոլորը նրանց քչացնելու համար են: Թեթևացնում են երկրագունդը:

Մեր ժամանակներում կար Байкал Амурский Магистраль  (БАМ): Արևմուտքի, Չինաստանի հետ երկաթգիծ էին քաշում: Բոլորը ոգևորված երգեր էին գրում: Որոշեցի մի բան էլ ես գրեմ: Որպեսզի երգն անցներ, ռադիոյում կար գեղարվեստական խորհուրդ: Այսօրվա նման «բարդակ» չէր:  Այն ժամանակ դեռ նոր էի մտել Կոմպոզիտորների միություն: Արամայիս Սահակյանը բառերը գրեց, ես երաժշտությունն ու ներկայացրեցինք: Սկզբից լսեցին երաժշտությունը, այն գերխորհուրդն ընդունեց: Անցան տեքստին: Արամայիս Սահակյանն իրեն յուրահատուկ ոճով հետևյալ տողերն էր գրել.

Կառուցում ենք մենք ԲԱՄ-ըայս,

ԲԱՄ-ն էլ մեզ է կառուցում:

Մարտին Վարդազարյանը վեր կացավ, թե չեղավ, սա երկիմաստ բառ է: Որոշեցին, որայդ տողը փոխի: Արամայիսը համառեց ու չփոխեց: Ստիպված դիմեցի Նանսեն Միքայելյանին, ով տեքստ գրեց: Ստացվեց գործ՝ մանկանան երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար:

Ուզում եմ ասել, որ այդ ժամանակ Արամայիսի ծաղկուն շրջանն էր, փաստորեն մերժեցին: Իսկ այսօրվա ամեն կոտեմ, բողկ ու սխտոր, որ չգիտի՝ դո-ից հետո ռե-ն կա, թե չկա, կոմպոզիտոր է: Ամեն երգեր գրող իր հոգու պարտքն է համարում նաև մեկ երգ գրելը:

Սա խայտառակություն է, կոչումների մասին էլ չեմ խոսում:

Ազգային տարրեր պարունակող Ձեր երաժշտությունն ինչպե՞ս է ընդունվում Իսրայելում:

-Ուրախալի փաստ է, այնտեղ իմ ստեղծագործությունները կատարում են: Այնտեղ տարին մեկ անգամ լինում է իսրայելյան երաժշտության փառատոն: 2003 թ.-ին ընդգրկված էր նաև իմ «Սարերում»  սյուիտը՝ դաշնամուրի  և փայտյա փողային քառյակի համար: Երբ որ համերգն ավարտվեց՝ ժողովուրդն ինձ շրջապատեց՝ ասելով՝ սա մե՛րն է, մե՛րը:

Բանն այն է, որ հայկական և հրեական  երաժշտության լադերի մեջ նմանություններ կան և նրանք վերցրեցին, ընդունեցին իմ երաժշտությունը որպես իրենցը:

Օրինակ՝ մեր երգերից կա՝ «Հովիվը սարում տխրեց, սիրո երգը նվագեց…»: Մի հատ փորձեք այնտեղ ասել, որ սա հայկական է, հակառակը կհամոզեն:

Իմաստային առումով է՞լ են նման:

-Չէ, դա էր մնում…կարծեմ քամու մասին է:

Բառեր կան, որ նման են.օրինակ մենք խանութ ենք ասում, նրանք էլ:

Հայերն Իսրայելում ո՞ր բնագավառում են աշխատում հիմնականում և ինչպե՞ս են վերաբերվում նրանց:

-Ամենամեղքն այնտեղ հայերն են: Ավագների մեծ մասն անուսում է, ջարդի սերունդն է: Հիմնականում արհեստավորներ են: Շատերը հեռանում են: Իսկ վերաբերմունքը…Իսրայելում ռուսալեզու ԶԼՄ-ի մեծ մասը Բաքվի հրեաների ձեռքում է գտնվում:

Մի քանի տարի առաջ  իրանական  ինքնաթիռ  էր  գալիս  Հայաստան, որը  ճանապարհին  կործանվեց:  Բաքվի հրեաներն այստեղ լուրեր տարածեցին, որ այդ ինքնաթիռով «Հըզբոլլահը» հրթիռներ է տեղափոխում Հայաստանի տարածքով դեպի Սիրիա ու ինքնաթիռը պայթել էր, որովհետև հրթիռները դետոնացվել էին: Այդ բոլորը հաղորդվեց տեղի ռուսալեզու հեռուստատեսությամբ, իսկ Իսրայելում 2 մլն ռուսախոս կա: Նպատակը՝ Հայաստանն ահաբեկչական երկրների ցուցակում ընդգրկելն էր:  Եվ նրանք հարց բարձրացրեցին, որ եթե սա հաստատվի, արդյոք պե՞տք է Իսրայելը ռմբակոծի  Հայաստանը,  թե՝ ոչ: Զանգեցի Հայաստանում Իսրայելի դեսպանին և  հարցրեցի, թե արդյոք սա պետական մոտեցո՞ւմ է: Նա պատասխանեց, որ նման խոսակցություններին լուրջ չենք վերաբերվում: Կապ հաստատեցի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ և հայտնեցի,  որ հավաքվել են «գյուղի ջոջերը», «երկար-բարակ պոչերն» ու մտածում են, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը: Հիմք ընդունելով իմ իրազեկումը, ՀՀ ԱԳՆ  երեք լեզուներով հաղորդագրություն տարածեց կեղծ տեղեկատվության և Իսրայելի պաշտոնական դիրքորոշման մասին:

Մի քանի ամիս առաջ էլ «Հեյդար Ալիև հիմնադրամն» ու Իսրայել-Ադրբեջան բարեկամության միջազգային ասոցացիան («АzIz») որոշել էին քաղաքի բնակիչների համար համերգ  կազմակերպել:  Դահլիճի հարցով դիմել էին  քաղաքապետարանին: Բայց նրանց նպատակը դա  չէր: Նախասրահում դրել են Խոջալուի նկարները՝ ագիտացիա  անելով, որ հայերը մորթել են  ադրբեջանցիներին: Մենք անհապաղ քայլեր ձեռնարկեցինք:  Քաղաքագլուխը դիմեց նրանց՝ ասելով, որ եթե նպատակը դա էր, թող ասեին: Ներողություն  խնդրեցին:

Ակտիվորեն արձագանքում եք հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Պարզվում է՝ 90-ականն թթ. քաղաքականությամբ եք զբաղվել, ավելին՝ պատգամավոր եք եղել: Ինչո՞ւ  սկսեցիք զբաղվել քաղաքականությամբ և ինչո՞ւ չ շարունակեցիք:

-90-ականներին  Լևոն  Տեր-Պետրոսյանի վստահված անձը` Աշոտ Սարգսյանը, ասաց` դու անպայման պետք է պատգամավոր լինես: Այն ժամանակ բոլորս էինք շարժման մեջ: Ընտրությունների ժամանակ Շենգավիթի շրջանում 4 թեկնածու կար, ես ավելի շատ ձայն հավաքեցի, քան երեքը միասին: Դարձա պատգամավոր և սկսեցի գործունեությունս: Ես սիրահարված էի Լևոն Տեր-Պետրոսյանի իդեաներին՝ կապված անկախության հետ:

Անգամ բանաստեղծություն էի գրել.

Լևոնն ես, Տեր-Պետրոսյան,

Զավակը՝  ժողովրդի,

Մինչև այսօր ապրել ենք՝

Ում խելքը ինչպես բրդի,

…Տեր եղիր մեզ, հեր օրհնած

Մենք էլ քեզ հետ կողք կողքի,

Սև օրերին չլինի դարձ

Գյուղը թող գերան կոտրի:

Բայց, երբ որ հիասթափվեցի, գրեցի.

Այս Նոր տարուն ինձ սպասիր, հյուր եմ գալու,

Խաբված հոգուս երազների պարտքն եմ տալու,

Գալու եմ, որ նստեմ կողքիդ, հարցեր ունեմ,

Աչքս գցեմ ճոխ սեղանիդ՝ ցավեր ունեմ,

Բայց, առավել, քան սեղանդ, ինձ մի ուրիշ բան է հուզում,

Մեկ դու գիտես, մեկ էլ Աստված,

Ասա, մեզնից ի՞նչ ես ուզում:

Իսկ ի՞նչը հիասթափեցրեց:

-1992 թվականն էր, ՀՀՇ-ի ակտիվի նիստն էր, ձայն խնդրեցի՝ ասելով. Երբ որ Նապոլեոնը սկսեց իր հեղափոխությունը, Բեթհովենը տարվեց Նապոլեոնով, ոգեշնչված սկսեց գրել 3-րդ սիմֆոնիան և շապիկին գրեց՝ «Նապոլեոն Բոնապարտին»: Իսկ, երբ որ Նապոլեոնը ինքն իրեն կայսր հռչակեց, Բեթհովենը հիասթափվեց, պատռեց թուղթն ու վրան գրեց «Հերոսական սիմֆոնիա»:

Ասացի՝ ես իհարկե Բեթհովենը չեմ, Դուք էլ Նապոլեոնը չեք, բայց ես հիասթափվեցի, որովհետև մենք խաբել ենք ժողովրդին: Տեսնել թալանը և այն, թե ով ում ինչ է անում, ես չէի կարող:

Ի՞նչ կարծիքի եք ներկայիս խմբակցությունների, կուսակցությունների մասին.

-Բոլորի շահն առկա է: Ամեն մարդ իր դուդուկն է նվագում՝ իր գործի համար:

Բացի երաժշտությունից նաև բանաստեղծություններ եք գրում: Դրանք նվիրված են ոչ միայն քաղաքական, այլև մշակութային գործիչներին: Երբևէ Ձեզ չե՞ն «ահաբեկել»: 

Կարծում եմ, որ մեր իշխանությունները դեմոկրատ են, իսկ ես նրանց համար մի «փոքր մրջնակ» եմ:

Բանաստեղծություներիս շարքը 4 մասից է բաղկացած. Մեկը կոչվում է «Թոռնիկներիս», մյուսը՝ «Նվիրումներ լուրջ և կատակ», 3.«Լիրիկ, անձնական», 4. «Քաղաքական, հայերնասիրական»:

Իսկ առաջին բանաստեղծություն ինչի՞ մասին է եղել:

Չափածո էր…5-րդ դասարն էի կամ 6-րդ: Մի աղջիկ կար, իրեն էի սիրում: Մեր դասարանի պատմությունն էի գրել, տարա, որ կարդամ,  տղան, որ նույնպես սիրում էր այդ աղջկան՝ ընկերների հետ ինձ ծեծեցին, ճանապարհեցին:

Հետո էլի մի քանի նման փորձեր ու դադար եղավ…գրիչս սկսեց գրել, երբ եղավ երկրաշարժը, Սումգայիթը…

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը  Ցեղասպանության  100-ամյակին նվիրված  2015-ի համերգաշարը սկսելու է Ձեր «Սիփանա քաջեր» ստեղծագործությամբ, իսկ ա յն նախատեսված էր կատարել դեռևս 2007 թվականին, ո՞րն էր հետաձգման պատճառը:

-«Սիփանա քաջեր»-ը գրել եմ 2005 թվականին: Նվիրված է Ցեղասպանությանը, Ֆրանց Վերֆելի և ծնողներիս հիշատակին: Իմ պապին թուրքը գլխատել է ծառի կոճղի վրա: Նախատեսված էր կատարել 2007թ. հունիսի 15-ին, սակայն հետ ընկավ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով և հիմա նշանակված է 2015թ. հունվարի 31-ին:

Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին