▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր տաքուկ սենյակներում մեզ նման տղաների շնորհիվ եք նստած.Ինչո՞ւ Արցախյան պատերազմում վիրավորվածին հաշմանդամ չեն համարում

ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը վրդովված է՝ 1992 թվականի նոյեմբերին Լաչինում վիրավորվել և գանգուղեղային տրավմա է ստացել, իսկ այսօր նրան հաշմանդամ չեն համարում, որպեսզի գումար չտան.

«Ես 1992 թվականի նոյեմբերին Լաչինում վիրավորվել և գանգուղեղային տրավմա եմ ստացել, տեղափոխվել եմ Գորիսի հիվանդանոց: Դե, վիրավորվեցի, անցավ-գնաց, բայց տրավման չի անցնում, այն ժամանակի ընթացքում ավելի է խորանում: 2-3 տարին մեկ գնացել ու բուժվել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Սրա համար քանի որ հաշմանդամության կարգ պետք է ձեռք բերվեր, վերցրեցի բոլոր փաստաթղթերս ու դիմեցի Շենգավիթի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովին: Այնտեղ ասացին, թե հոսպիտալի բուժումները բավարար չեն, պետք է քաղաքացիական հիվանդանոց էլ գնամ: Գնացի N2 հիվանդանոց, հաստատեցին, որ առողջական խնդիրներ ունեմ: Թղթերը տարա՝ հանձնաժողովը մերժեց: Սա 5 տարի առաջ էր: Երկրորդ անգամ այս տարի դիմեցի, կրկին մերժեցին: Այս ընթացքում Զեյթունի հիվանդանոցում համապատասխան բուժում էլ ստացա: Երբ 2-րդ անգամ էլ մերժեցին՝ ասացի՝ գիտե՞ք ինչ, այսօր դուք տաքուկ սենյակներում մեզ նման տղաների շնորհիվ է, որ նստած եք: Տղաների, որոնց պետությունը գումար է հատկացնում, իսկ դուք վաճառում եք այն մարդկանց, ովքեր պատերազմի հետ կապ չունեն, ռազմաճակատից կիլիոմետրերով հեռու են եղել: Ես այդ հանձնաժողովի անդամներին շատ պարզ ասացի՝ ես ձեզ կաշառք կյանքում չեմ տալու»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Մկրտչյանը՝ հավելելով.

«Հանել, ցույց եմ տվել, թե ինչքան դեղեր եմ գնում ու բոլորն իմ հաշվին: Ախր, այդ կարգը պետք է լինի, որ գնամ բուժվեմ, ցավերս թեթևացնեմ: Գիշերը չեմ կարողանում քնել ականջների, գլխի ցավից: Անընդհատ ցնցումներ եմ ունենում: Այս ցավերով ապրիլյան պատերազմին եմ մասնակցել, բազում պատվոգրեր եմ ստացել, բայց դե, ի՞նչ...»: ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետը հույսը կորցրել է, գրեթե վսահ է՝ անգամ ՊՆ-ն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը ոչինչ չեն անի:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանվում է անձին հաշմանդամ ճանաչելու կարգը, որն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային մարմինները (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները) և կառուցվածքային ստորաբաժանումը (փորձաքննական բաժինը):

Անձին հաշմանդամ ճանաչելն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, խեղում կամ վնասվածք) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Անձը բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում իր հաշվառման կամ մշտական բնակության վայրն սպասարկող բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից, համապատասխան մարմնի ղեկավարին ուղղված գրավոր դիմումով:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին