▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կրկեսի դերասաններն ու կենդանիները ցրվել են ամբողջ աշխարհով

Հայաստանի նկարիչների միությունում դեկտեմբերի 4-ին բացված «Կրկես» խորագիրը կրող 6-օրյա ցուցահանդեսը մոտենում է ավարտին, և եթե չեք հասցրել դիտել ծանոթ ու անծանոթ նկարիչների, խեցեգործների, քանդակագործների աշխատանքները, ամեն ինչ կորած չէ: Երբ Կրկեսի նոր շենքը պատրաստ լինի (իսկ այդ օրը կարծես թե մոտ է), նկարների մեծ մասն իրենց տեղը կգտնեն կից գործող թանգարանում:

«Սանկտ-Պետերբուրգում հաճախեցի ցուցահանդեսի, որը կրկեսային թեմայով էր: Որոշեցի նմանօրինակ մի բան էլ Հայաստանում կազմակերպել: Նկարները հավաքվել են մեկ տարվա ընթացքում: Ներկայացված են 120 նկարներ՝ արված հայ ու արտասահմանցի նկարիչների կողմից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ցուցահանդեսի գաղափարի հեղինակ, նկարիչ Գևորգ Բաղդասարյանը:

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում երբեք կրկեսային թեմայով ցուցահանդես չի կազմակերպվել, առաջին քայլն էլ ողջունելի է:

Ինչ վերաբերում է Երևանի պետական կրկեսին, ապա գեղարվեստական ղեկավարի փոխանցմամբ՝ այն պատրաստ կլինի 2018 թվականի վերջին: Ճակատային մասի ապակիները կլինեն գունավոր, պատկերները՝ շարժական:

«Դերասաններն ու կենդանիներն էլ ցրված են ամբողջ աշխարհում, հո չե՞ն նստելու սպասեն: Բոլորը հյուրախաղերի են»,-նշեց Սոս Պետրոսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին