▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն այլ ելք չգտնելով՝ շանտաժ է անում

«Բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը, որն ընդունվեց ԵԽԽվ-ի կողմից, որևէ ազդեցություն չի կարող ունենալ, սակայն տալիս է հնարավորություն, որպեսզի Արցախն ավելի մեծ դերակատարում ունենա, իսկ իշխանությունը ճիշտ քայլ է արել՝ դիմելով Ադրբեջանին՝ այդ խնդիրը քննարկելու համար: Ինչ վերաբերում է Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցին, ապա այդպիսի բանաձև ԵԽԽվ-ում անցել է 2007 թվականին, և եթե այսօր չընդունվեց՝ նշանակում է, որ նախկին բանաձևը կորցրել է իր ուժը: Ադրբեջանում ձախողում են համարում հատկապես Ուոլթերի զեկույցի չընդունվելը, քանի որ սա ազդեցություն կունենար արցախյան հարցում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին՝ Պաշտպանության նախկին նախարարը նկատեց. «Աշխարհը գնում է հակամարտությունների և պատճառն ակնհայտ է. տնտեսական քաղաքական կենտրոնն Արևմուտքից Ասիա է շարժվում: Իսկ թե լայնածավալ պատերազմ կսկվի, թե ոչ, ես դա քիչ հավանական եմ համարում: Առաջին՝ Ադրբեջանի այսպես կոչված մեծ բյուժե ունենալը պետք է բաժանենք 3 մասի. Նախ՝ ռազմական սպառնալիքներ կան և՛ Իրանի կողմից, և՛ Աշխաբադից, ուստի, ստիպված է Կասպից ծովում համապատասխան նավատորմ ունենալ, իսկ դա ամենաթանկն է: Հետո գալիս է քարոզչությունը, իսկ վերջում այն, որ բյուջեն նպատակային չեն օգտագործում: Եվ, ասենք՝ եթե ՀՀ-ն զենք է ձեռք բերում 5 անգամ ավելի էժան, ապա Ադրբեջանը ստիպված է դա անել շուկայական գներով: Պետք է հաշվի առնել նաև նրանց բանակի հոգեբանական վիճակը.եթե նայեք, թե ինչ խախտումներ են արվում՝ կհասկանաք, որ այնտեղ կարգապահություն չկա»:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային ճանապարհով լուծել խնդիրը. «Սկսած ՀՀ առաջին նախագահից մինչ ներկայիս նախագահը՝ ասել են, որ մենք պատրաստ ենք զիջել տարածքներ, իսկ Ադրբեջանը պատասխանում է, որ Արցախն իրենն է ու այդ մասին խոսք գնալ չի կարող լինել: Եվ, Ադրբեջանն այլ ելք չգտնելով, շանտաժ է անում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել ՀՀ-ում, Արցախում, մեծացնել արտագաղթը: Նա շանտաժի է ենթարկում նաև Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի բերեն սեղանին դնեն իրենց շահերից բխող առաջարկ, նավթ արտահանող պետություններին էլ է շանտաժի ենթարկում»,-ասաց Պաշտպանության նախկին նախարարը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее