▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ ամեն ինչ համաձայնեցնենք». Ալիևը մերժեց Փաշինյանին

«Մենք պատրաստ ենք ստորագրել Խաղաղության համաձայնագիրն այս ամիս»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում` առաջարկելով Ալիևին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է:

Մինչդեռ SHOT-ի լրագրողի հարցին, թե երբ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է՝ «Երբ ամեն ինչ համաձայնեցնենք»։ Նույն պահին Փաշինյանը լրագրողին ասաց` համաձայնեցված կոնտենտն էլ բավական է:

***

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին, այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։
Նա հիշեցրել է, որ ԱՊՀ-ի ձևաչափի համաձայն, երկրների ղեկավարները միշտ նստում են մեկ սեղանի շուրջ, բայց դա չի վկայում Մոսկվայի` Բաքվի ու Երևանի գործերին մասնակցության մասին։

«Նրանք, այսպես թե այնպես, շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ-ի շրջանակներում։ Բայց մնացածը՝ երկկողմ հարաբերությունները, այլևս մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է»,- պարզաբանել է նա։ Միաժամանակ ռուսական կողմը երկխոսության մեջ է երկու երկրների հետ, պարզաբանել է նախագահի մամուլի քարտուղարը։

«Մենք քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունները Հայաստանի հետ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ»,- հավելել է Պեսկովը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ կլոր սեղանի շուրջ նստել էին միմյանց կողքին։ Նիստը բացել է ԱՊՀ-ում նախագահող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպմանը Հայաստանի վարչապետն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Դիտեք նաև՝

Մենք պատրաստ ենք ստորագրել Խաղաղության համաձայնագիրն այս ամիս և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է։

Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում:
«Ցանկանում եմ Հայաստանի տեսանկյունից տեղեկացնել ձեզ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակի և հետագա զարգացման շուրջ Երևանի տեսլականի մասին։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղի դուրս բերելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։

Այս տարի մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում, և մասնավորապես, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի երեք հատվածներում իրականացվել է սահմանազատում, և այդ հատվածներում խորհրդային ժամանակաշրջանի միջհանրապետական վարչական սահմանն արդեն վերարտադրվել է որպես սահմանազատված միջպետական սահման։ Սա, անկասկած, հաջողության օրինակ է։

Մեկ այլ կարևոր իրադարձություն տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 30-ին, երբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Հայաստանում ավարտվում է այս փաստաթղթի ընդունման ներքին պետական ընթացակարգերի գործընթացը, և այս ամսվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը կքննարկի այս փաստաթղթի վավերացման հարցը։ Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն արդեն հաստատել է ստորագրված կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ենթադրում է Խորհրդային Ադրբեջանի ողջ տարածքը, սահմանադրական է, ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան։
Հարգելի գործընկերներ,

Մենք ելնում ենք այն ամուր համոզմունքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձևաչափով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ աշխատանքը։
Սկզբունքորեն մենք կարող ենք գործել հետևյալ տրամաբանությամբ, ինչն էլ առաջարկում ենք Ադրբեջանին՝ ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն, և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Ցանկացած դեպքում անհնար է մշակել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կպատասխանի բոլոր հարցերին և կկարգավորի երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն կմնան կարևոր, հիմնարար հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն, լուծվեն և պետք է նոր պայմանագրեր ստորագրվեն:

Ավելին, ստորագրված և վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում այլ հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ։

Իսկ այս փուլում մենք պետք է որոշում կայացնենք մի շարք հիմնարար հարցերի շուրջ, որոնք կարող են մեր երկրների միջև խաղաղության հաստատման համար ամուր հիմք դառնալ։ Խոսքը միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին է։ Խոսքը միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության մասին է։ Խոսքը ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և խաղաղության պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման մասին է։

Այս բոլոր հարցերի ձևակերպումն արդեն իսկ համաձայնեցված է կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում, և մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,- ասել է ՀՀ վարաչպետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее