Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն» հանդես են եկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին վերաբերող համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է հետևյալը.
«2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Սա նշանակում է, որ 1974-ին և դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչև 2014թ-ի հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ: Բացի այդ՝ առնվազն՝ մինչև 2014թ. մարտի 28-ը գործատուները կարող են չհաշվարկել և չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որևէ պատասխանատվություն: Ելնելով այս որոշման էությունից, վերահաստատելով օրենքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ համակարգված պայքարի կարևորությունը՝
Կոչ ենք անում
1. Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում և փոխանցում մի´ կատարեք, այլապես աշխատակիցների փաստացի տնօրինվող աշխատավարձերը կնվազեն, աշխատակիցներին կստիպեք այս անորոշության մեջ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև: Եվ եթե 2014թ. մարտի 28-ի դատաքննությամբ օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն Սահմանադրությանը հակասող և անվավեր, դուք և ձեր աշխատակիցները կկրեք չվերականգնվող ֆինանսական կորուստներ:
2. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիներին՝ մի´ կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև, հորդորեք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն և չփոխանցեն:
3. Գործատուների միություններին և արհմիություններին՝ պաշտպանեք ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ, թույլ մի տվեք որևէ մարմնի կողմից ձեր կազմակերպության անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում:
4. ՀՀ պաշտոնատար անձանց, կառավարությանը և Կենտրոնական բանկին՝ դադարեցրեք ապատեղեկատվությունը քննարկվող օրենքի վերաբերյալ, ինչը մենք գնահատում ենք որպես բացահայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրա:
5. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ էլ ավելի համախմբված, լայն թափով շարունակեք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղված գործողությունները:
6.Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կճանաչի պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող և կառաջարկի խնդրի սահմանադրական լուծման այնպիսի տարբերակ, որը հաշվի կառնի կենսաթոշակային համակարգի առջև ծառացած բոլոր մարտահրավերները: Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ»: