ASEKOSE.am-ի ունեցած տեղեկություններով` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի մեկին, երեկվանից չի ներկայանում աշխատանքի և այս պահին գտնվում է Ֆրանսիայում:
Մեր թղթակիցը փորձեց մեկնաբանություն և հավելյալ ինֆորմացիա ստանալ այս լուրի կապակցությամբ, սակայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից տեղեկացրին, որ խորհրդի մամուլի քարտուղար Լուսինե Թովմասյանը նույնպես քաղաքում չէ, իսկ իրենք իրավասու չեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին:
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Ալեքսան Հարությունյանը պաշտոնավարման ավարտից հետո պետք է նշանակվի Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` չնայած, որ ինքը` Ալեքսան Հարությունյանը հերքել է մամուլում տեղ գտած այդ լուրը:
1993-95 թվականներին Ալեքսան Հարությունյանը եղել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղարը, հետագայում` առաջին քարտուղարը:
Նշենք, որ ներկայում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը: