Կարդացեք նաև՝ Այս օրերին բոլոր աղանդավորական կառույցների ղեկավարները Հայաստանում են. Ալեքսանդր Ամարյան
2012 թվականի տվյալներով` Հայաստանում գրանցված է 64 կրոնական կառույց:
Շուրջ 200 կրոնական կազմակերպություններ գրանցված չեն կամ գործում են այլ անունով:
Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Բանախոսի խոսքերով` Հայաստանում ապրում է 350 հազար ոչ առաքելական եկեղեցու, 200 հազար քայքայիչ աղանդների հետևորդ: Աղանդների քանակով և գործունեությամբ տարածաշրջանում Հայաստանը առաջատարն է, մեր բնակչության համեմատ մեծ թիվ են կազմում աղանդները:
Այստեղ գործող բոլոր կրոնական կառույցներն արտասահմանից են եկել։
Ըստ Ալեքսանդր Ամարյանի` ամենամեծ թվով հետևորդներ ունի աղանդավորական բողոքական ճյուղը՝ 180 հազար և ավելի:
Բանախոսը նաև տեղեկացրել է, որ 2012թ.–ին Հայաստանում գործող կրոնական կառույցներին ավելացել են ևս երկուսը, որոնցից մեկը կոչվում է «Աստծո հարսնացուներ» և ղեկավարում է կնոջ կողմից, իսկ մյուսը պատկանում է ուկրաինական դեսպանատան աղանդին:
«Մենք չունենք դրանց դեմ պայքարող որևէ մասնագետ։ Մեզ մոտ չկա անգամ ճշգրիտ վիճակագրություն, մեզ մոտ աղանդավորական կառույցի անդամ 12 տարեկան երեխան ինքնասպան է լինում, ձևակերպում են կենցաղային հողի վրա»,– ասել է Ա. Ամարյանը:
Ըստ Ալեքսանդր Ամարյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները վտանգված են, և ոչ մի հասարակական կամ իրավապաշտպան կազմակերպություն չի բարձրաձայնում նրանց խնդիրները, քանի որ նրանցից ֆինանսական օգուտ չունեն:
Բանախոսը նաև շեշտել է ոլորտը կարգավորող օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, քանի որ իրավիճակը որևէ կերպ չի վերահսկվում: