ԵԽԽՎ-ում ելույթ է ունենալու Ադրբեջան տարածքի նախագահ Իլհամ Ալիևը, որը կարող է լինել նրա համար բավական բարդ քննություն, եթե հայ պատվիրակները հանդես գան սուր հարցադրումներով՝ շեշտը դնելով ոչ թե հակամարտության լուծման ուղիների, լարվածության թոթափման շեշտադրումների վրա, որովհետև արդեն բազմիցս համոզվել ենք, որ դրանք հակառակ էֆեկտ են ունենում և ավելի գրգռում ադրբեջանական գեդոնիստական-էսկապիստական քարոզչական էությունը, այլ՝ օգտագործելով ադրբեջանական թույլ կողմերը՝ քաղաքական, իրավական, պատմական, մշակութային, միլիտարիզացիայի և այլ հարցեր:
Օրինակ՝ ինչպե՞ս է վերաբերում Ալիևն այն հարցին, որ ինքը բանակցությունների մեջ մտնի Բակո Սահակյանի հետ (ի դեպ, 2013թ. հունիսի 26-ին Էնիսկիլենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներն իրենց զեկույցում կոչ էին արել հակամարտության ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻ ղեկավարներին վերահաստատել իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին), ինչպես որ Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասկերովը առաջարկեց հայ պատվիրակներին մի կողմ քաշվել և թողնել, որ իր երկիրը բանակցի ԼՂՀ-ի հետ: Արդյո՞ք Ալիևը պատրաստ է ԼՂՀ-ի իր կոլեգայի հետ քննարկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանների ճշգրտման հարցեր, արդյո՞ք պատրաստ է քննարկել դիպուկահարներին դուրս բերել սահմաններից և այլն:
Հաջորդը, հայտարարելով հայկական ագրեսիայի մասին, որը զուրկ է իրական հիմքերից, քանի որ 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ ԱԺ-ն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի պետական անկախության մասին» հռչակագիրը, որն իր բացառիկ իրավունքն էր՝ տրված ԽՍՀՄ Սահմանադրության 70 հոդվածով. «Միությունը բազմազգ պետություն է՝ հիմնված ազգերի ազատ ինքնորոշման վրա», որին հետևեց հունվարի 25-26-ին ՊՆ նախարար Մեհտիևի գլխավորությամբ Ադրբեջանի զինված խմբավորումների գրոհը Քարինտակ գյուղի վրա, արդյո՞ք ագրեսիա չէր Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացումն ադրբեջանական բանակի կողմից և մարդասպանին դեմոնստրատիվ կերպով հերոսացնելը՝ ի նշան հայերի նկատմամբ ատելության և ամենուր հայ սպանելու պետական խրախուսման: Ինչու՞ է «հնագույն Ադրբեջանը» ոչնչացնում հայկական մշակութային կոթողները, եթե այդ տարածքներում, ինչպես իրենք են պնդում, ապրել ու արարել են դարերով: Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղը պատմական Ադրբեջանի մաս է՝ վկայակոչելով դրա իմաստը, որը ԹՈՒՐՔԵՐԵՆ է և այդպես անվանվել է, ասենք, 18-րդ դարում, երբ թյուրքերը հաստատվեցին Կովկասում, իսկ տեղյա՞կ է, արդյոք, ինչպես էր կոչվում այդ երկրամասը մինչև 18-րդ դարը, ասենք, հին հույն ու հռոմեացի պատմիչների աշխատություններում, և նրանց հնագույն քարտեզներում ո՞ր երկրի տարածքում էր այն ներառված:
Արդյո՞ք Ղարաբաղը օրինական հիմքով էր ԱԽՍՀ կազմում, երբ 1921թ. հուլիսի 5-ին Ստալինի միանձնյա որոշումով այն հանձնվեց Ադրբեջանին, որը միջազգային իրավունքի կառուցվածքային, սկզբունքային կոպտագույն խախտում է, այն էլ այն դեպքում, երբ Ղարաբաղում մեծամասամբ հայեր էին ապրում, ու պատճառաբանվեց նրանով, որ վերջինս տնտեսապես ավելի է կապված Ադրբեջանին, այսինքն՝ մարդու իրավունքը ստորադասվեց տնտեսական հարաբերություններին, որը նույնն է, եթե Նախիջևանը միացվի Թուրքիային, քանի որ վերջինիս հետ ավելի սերտ տնտեսական հարաբերությունների մեջ է, քան Ադրբեջանի: Եվ, վերջապես, մի՞թե Ադրբեջանի հոգևոր-արժեհամակարգային, բարոյական դաստիարակման խորհրդանիշ է մեկ քնած հային կացնահարողի կերպարը, իսկ այսօր այդ երկրում նորածիններին կնքում են նրա անունով:
Հատկապես պատմամշակութային և արժեհամակարգային ասպեկտներն այն ոլորտներն են, որտեղ Ադրբեջանը որևէ ռեսուրս չունի մրցակցելու համար: Հեղինակազրկումն առավելապես այս միջոցներով է հնարավոր իրականացնել՝ կապիտուլյացիայի ենթարկելով վերջինիս քարոզչական ճակատում: Մենք հաճախ ենք նման հարցրին վերաբերում իբրև էմոցիոնալ մոտեցում, սակայն Ադրբեջանն աշխատում է հենց այս ոլորտներում՝ կիրառելով սիմվոլիկ կապիտալի էֆեկտը:
Նա ձգտում է միջազգային հանրության մոտ կասկածներ առաջացնել հայկական մշակույթի ու պատմության նկատմամբ, գաղափարապես բարոյազրկել վերջինիս՝ իր քաղաքական նպատակների ռացիոնալ իրագործման դաշտ ապահովելով: Միաժամանակ արհեստականորեն բարձրացնում է սեփական գաղափարական-մշակութային արժեքայնությունը՝ պատմություններ հորինելով ու մշակույթներ յուրացնելով: Եվ սա է հենց ինֆորմացիոն պատերազմի էությունը. նախ՝ հակառակորդի հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ բացասական, կասկածամիտ վերաբերմունք ձևավորել, և հետո դրանք վերափոխել քաղաքական օգուտների: