Վերջին շրջանում քաղաքական ամենաքննարկվող թեմաներն են ՀՀ նախագահի` ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությունը , նույն օրը նշանակված հանրահավաքը, որը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ է, ինչպես նաև` Երևանի ավագանու ընտրությունները: Հենց սրանց մասին է ASEKOSE.am-ի զրույցը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
- Պրն Մելիք-Շահնազարյան, չնայած, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակության մեջ նոր սպասումներ է առաջացրել, այնուամենայնիվ, որոշ բաներ, կարծես թե, կիսատ են: Ըստ Ձեզ ի՞նչն է պակասում և ի՞նչն է անորոշ այս ամենում:
- Հասարակությունը Րաֆֆի Հովհաննիսյանից այլևս մեծ սպասումներ չունի: Եթե նման սպասումներ կային նախընտրական շրջանում` քարոզարշավի վերջում և անմիջապես հետընտրական փուլում, ապա դրանք այսօր չկան: Ինչ-որ բան պակասում է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր գործունեությունը դուրս բերեց քաղաքական շրջանակներից: Այն պահից սկսած, երբ նա հացադուլ հայտարարեց և կատեգորիկ հայտարարություններով հանդես եկավ, գործընթացները, որպես այդպիսին, դադարեցին քաղաքական լինել: Եվ առաջացավ պահանջատիրություն: Իսկ իշխանությունները, բնականաբար, թույլ չէին տա, որ ինչ-որ մեկը փորձի իրենց հետ նման մեթոդներով հարաբերություններ կազմել: Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարները անիրատեսական էին հասարակության համար. բոլորն հասկանում էին, որ պահանջների հիմքում ընկած է միայն անձնական ամբիցիաները և ուրիշ ոչինչ:
Երկրորդ հանգամանքը Երևանի ավագանու ընտրություններն են: Ակնհայտ է, որ այսուհետ բոլոր քաղաքական գործընթացները կենտրոնացած են այդ հարցի շուրջ: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ հաշվի առնել այդ կապը, նա լքեց Ազատության հրապարակը` իր քաղաքական պայքարի թատերական հրապարակը: Հասարակությունը հասկացավ, որ այս ընտրություններին «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ դեր չեն ներկայացնում ու գնաց այնտեղ, որտեղ կարող է իրական պայքար ծավալվել:
- Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին կարո՞ղ է ինչ-որ բան փոխել:
- Նա ոչինչ փոխելու հնարավորություն չունի: Նրա ամենամեծ ձեռքբերումը ապրիլի 9-ի հանրահավաքին կարող է լինել այն, որ դրան ներկա լինի 3-5 հազար հոգի մարդ: Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այդ թիվը նա չի կարողանալու հավաքել, և ապրիլի 9-ը, իմ կարծիքով, կազդարարի նրա գործունեության, հետընտրական պայքարի վերջը:
- Իսկ հնարավո՞ր է, որ ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը երկխոսեն:
- Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը նաև այդ հնարավորությունն է բաց թողել: Համենայն դեպս, եթե մեկ ամիս առաջ նա ուներ գոնե սոցիալական աջակցություն, որի հետ իշխանությունները չէին կարող հաշվի չնստել, ապա այսօր նա կորցրել է նաև այդ գործոնը և հետևաբար, թե ինչ սպասելիքներով է իշխանությունը նրա հետ երկխոսելու, ինձ համար անհասկանալի է:
- Իսկ ի՞նչ կարող էր տալ երկխոսությունը:
- Այն կարող էր իշխանության մեջ երկու բևեռ ձևավորել: Իհարկե, մեկը մյուսի նկատմամբ վերահսկողություն չէր ունենա: Այնուամենայնիվ, ընդդիմությունը կարող էր իշխանության մեջ հզոր բևեռ ստեղծել և ինչ-որ չափող ներազդել քաղաքական զարգացումների վրա: Րաֆֆի Հովհաննիսյանը այդ հնարավորությունը բաց թողեց և իմ կարծիքով` հիմա ինչ-որ սպասելիքներ ունենալն անիմաստ է:
- Ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակել է որպես «նոր Հայաստանի սկիզբ»: Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի նա` ասելով նոր Հայաստան:
- Դա դժվար է հասականալ և պատկերացնել, հատկապես իր արած նախորդ հայտարարությունների և քայլերի կոնտեքստում: Մենք տեսնում ենք, որ նմանատիպ հայտարարությունները անիրական են և անգամ` պոպուլիզմի նմանվող:
- Եթե «նոր Հայաստանի սկիզբը» չդրվի, ձեր կանխատեսմամբ, հասարակությունը ի՞նչ արձագանք կտա դրան:
- Նրանից այս պահին սպասելիքները մեծ չեն, դժգոհության ալիքն արդեն կա, դա արտահայտվում է Ազատության հրապարակի տրամադրությամբ այն հարցով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված է եղել լքել հրապարակը և ինչ-որ ձևով նոր թափ հաղորդել շարժմանը: Հասարակության գլխավոր սպասելիքն այս պահին քաղաքական զարգացումների կայունացումն է, բնականոն հունի մեջ ընկնելը և սոցիալական իրավիճակի բարելավումը:
Հարցազրույցը` Սեդա Հերգնյանի