Դիտեք նաև՝
ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է դերասան Հովհաննես Բաբախանյանը:
-Կկարողանա՞ք հիշել փոքրիկ Հովհաննեսի ամենամեծ հոգսը:
-Մանկության տարիների իմ ամենամեծ հոգսը ծնողներիս բաժանումն էր: Չնայած ես ամենափոքրն էի ու սիրված երեխան էի, այնուամենայնիվ, ինձ մեծ ցավ էր պատճառում նրանց միմյանցից առանձին ապրելու փաստը:
-Դպրոցում ո՞ր առարկայի ժամանակ եք միշտ նայել ժամացույցին` սպասելով դասի ավարտին:
-Աշխատանքի ուսուցման ժամին, որովհետև ուզում էի հաստոցի առաջ դետալներ տաշել, բայց ուսուցչուհիս ասում էր. «Շատ վտանգավոր է. քանի՜, քանի՜ հոգի են մատները վնասել»: Հետո բաժանում էր խարտոցները և ասում. «Դե, խելոք նստեք ու ձեզ համար պահարանի բռնակ տաշեք»: Խարտոցով խարտելն ու դանդաղ արդյունքի հասնելն ինձ ձանձրացնում էր ու ես անընդհատ ժամացույցիս էի նայում:
-Ավելի հաճախ արածի՞, թե չարածի համար եք զղջում:
-Չարածի, որովհետև միշտ մտածում եմ, որ կարելի էր ավելին անել:
-Մարդ կամ մարդիկ, ովքեր լուրջ դեր են խաղացել մասնագիտության ընտրության հարցում:
-Հայրս ու քույրս: Հայրս ինձ մղում էր դեպի թատրոն ու երգարվեստ, իսկ քույրս, որ նկարչուհի էր` դեպի գեղանկարչություն: Երկուսն էլ ընտրեցի, բայց արդյունքում հասկացա, որ ավելի դերասան ու երգիչ եմ, քան` նկարիչ:
-Կինը Ձեզ համար…
-Աստծո կողմից տրված ամենաթանկ ու չքնաղ նվերն է Ադամին: Կինը բնության ամենագեղեցիկ էակն է: Կինն ինձ համար սեր է, մեղմություն, նրբություն, կանացիություն, քույր ու մայր:
-Վարպետներ, որոնց անցած ուղին Ձեզ համար օրինակելի է:
-Բոլոր նրանք, ովքեր բարձր են պահել «Նորին մեծություն թատրոն» կոչվածը և իրենց կատարումներով ու բեմական կրթությամբ կարողացել են ժողովրդին բարձրացնել դեպի արվեստի մակարդակը, և ոչ թե արվեստը իջեցրել մինչև հանրամատչելություն:
-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
-Ամենաթարմ ու մեծ սուտը, որ լսեցի իմ մասին այն էր, թե իբր ես Ամերիկայում բոլոր ատամներս հանել եմ ու, ինչպես իրենք են ասում, պտուտակներով հավաքել եմ տվել` իբր ծախսելով $35.000: Պատմողն անգամ երդվել է` ասելով, թե իբր ինքն անձամբ ոմն բժիշկ Հոստոմից է լսել այդ մասին, որն իբր նաև վերջինիս բժիշկն է:
- Հովհաննես Բաբախանյանը զայրանում է, երբ …
-Երբ չեմ կարողանում ինձ տիրապետել: Զայրանում եմ, չարանում, հետո ավելի եմ զայրանում, որ զայրացա: Հետո հայտնվում է Մարիս, փոխում տրամադրությունս ու կյանքիս իմաստը: Եվ ամեն ինչ սկսվում է նոր տողից…
-Երևույթներ, որոնք խորթ են Հովհաննես Բաբախանյանին:
-Ատում եմ պայմանավորված ու բեմադրված մարդկային փոխհարաբերությունները, անձնական հիմար հաշվարկները, տեսնել լույսը, տաղանդն ու լռել, որովհետև այդպես է պետք: Համակարծիք լինել կեղծիքին, դառնալ ծախված հոգի, կամակատար ու չբարևել արժանի մարդկանց, որովհետև այդպես է պետք…
Իմ այս խոսքերը, իհարկե, կարող են միամիտ թվալ, անգամ, եթե ասվում են 45 տարեկան փորձված ու հաջողությունների հասած տղամարդու կողմից, բայց հավատացեք, որ հաջողության հասնելու գաղտնիքը հենց ուժեղ և առաքինի լինելու մեջ է: Ունենալ քո ուրույն կարծիքն ու անձնական սկզբունքները` երբևէ չպարտադրելով դրանք: Եթե գաղափարդ կամ առաջարկդ լուսավոր է և հաջողված, ընկերներդ քեզ համախոհ կդառնան ու կհետևեն առանց մանկլավիկ ու ծաղրածու դառնալու:
Այս երևույթն, ըստ իս, աններելի է հատկապես արվեստում, այսինքն` ստեղծագործական ոլորտում, որովհետև կեղծիքը կարող է սպանել հենց ստեղծագործական սաղմը...
-Ո՟ր հարցերում եք անդրդվելի:
-Անբուժելի օպտիմիստ եմ: Երբեք չեմ փորձում իմ Աստծուն ասել, թե որքան մեծ է իմ խնդիրը, այլ փորձում եմ խնդրին ասել, թե որքան մեծ ու հզոր է իմ Աստված:
-Ֆիլմ, որը նշանակալի դեր է ունեցել Ձեր կյանքում:
-Արտավազդ Փելեշյանի բոլոր ֆիլմերը և Անդրեյ Տարկովսկու որոշ ֆիլմեր:
Իսկ իմ ֆիլմերն ինձ համար թանկ են` որպես իմ կենսագրական ու ստեղծագործական հաջողությունների սկիզբ կինոյում:
-Ե՞րբ հայաստանցի հանդիսատեսը կրկին կծափահարի Հովհաննես Բաբախանյանին:
-Երբ 45-ամյա հոբելյանիս առիթով գամ ու մեծ համերգային ծրագրով և մենաներկայացմամբ ներկայանամ իմ հանդիսատեսին: Աստված առաջ…
Հեղինակ` Անի Բեքիրյան