Գրիշա Էձգերիձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաց նամակ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Հարգարժա'ն պարոն նախագահ, սույն նամակը գրելու անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե խնդիրը, որը կներկայացնեմ ստորև, չլիներ առավել քան կարևոր, չլիներ ճակատագրական: Պարո'ն նախագահ, հասարակության բոլոր խավերը տագնապում են, բոլորը տեսնում են օր օրի ավելացող ու նոր ծավալներ ընդգրկող արտագաղթը: Լավատեսները պարզապես կանխազգում են վտանգը, վատատեսները համոզված են, որ կկատարվի մեր դարավոր թշնամիների' թուրքերի երազանքը, և Հայաստանը կմնա առանց հայերի:
Հարգարժա'ն պարոն նախագահ, Դուք' որպես ՀՀ նախագահ, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր և քաղաքացի, առավել քան համոզված եմ' պակաս անհանգստացած չեք այս խնդրով...
Պարո'ն նախագահ, ես' Գրիշա Էձգերիձես, նոր եմ մտնում հասուն կյանք, նոր պետք է սովորեմ երկրի գլխավոր բուհում, և, ահա, խնդրեմ, դեռ կյանք մտնելուս նախաշեմին՝ ստանում եմ ծանր սոցիալական հարված, որը, անկախ իմ կամքից, ստիպում է ինձ' կյանքիս ամենակարևոր սեպտեմբերներից մեկը դիմավորել վատ, հյուծված, չարացած տրամադրությամբ: Այս խնդրին են բախվում այս տարի բուհ ընդունվածների ութսուն տոկոսից ավելին: Ահա այստեղ է իր հիմքերը դնում "արտագաղթ" կոչվածն ու գաղջ մթնոլորտը: Ահա այսպես է ձևավորվում սոցիալական անհավասարությունը, երբ կրթությունն անգամ սոցիալականացվում է՝ հետայսու բուհերի դռները բացելով միայն վճարունակ, ասել է թե՝ մեծահարուստների առջև:
Սույն նամակով, պարո'ն նախագահ, խնդրում եմ, որ այս հարցը համարեք առաջնային, նպաստեք, որ մենք' երիտասարդներս, հասուն կյանք մտնենք դրական լիցքերով, չմտածենք, որ շուրջբոլորը անարդարություն է տիրում:
Պարո'ն նախագահ, խնդրում եմ' տեր կանգնեք Ձեր կառավարած երկրի երիտասարդներին' վաղվա ու այսօրվա զինվորներին, վաղվա մայրերին: Խնդրում եմ' նպաստեք Հայաստանի հինգ պետական բուհերում անհիմն կերպով բարձրացված վարձավճարների թանկացումը կանխելուն:Հատկապես այն բուհում, որի կառավարման խորհրդի նախագահն եք: Համոզված եմ, որ Դուք տեղյակ չեք եղել բուհի ռեկտորի ոչ իրավաչափ և ոչ ուսանողակենտրոն որոշմանը: Վարձերի բարձրացումը կվերածվի սոցիալական նոր ցնցումի, երիտասարդների վստահությունը երկրի հանդեպ կթուլացնի, շատերին կպարտադրի ատելությամբ լցվել մի երկրի հանդեպ, որտեղ ամեն ինչ արվում է կյանքի տերեր դարձածների, հարյուր հազարավոր աղքատացածների հաշվին հարստացածների համար: Կրթությունը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, մինչդեռ այսօր փակվում են շատերի առջև բուհերի դռները, որովհետև շատերի համար անընդունելի են այս ոչ ողջամիտ որոշումները: Մենք համաձայն ենք այն բանին, որ լավ կրթությունը մեծ փողեր է պահանջում, որ դասախոսներին պետք է բարձր վճարել, սակայն տարեկան մոտ 700 մլն դրամ հարկ վճարող բուհը կարող է օտգվել որոշակի արտոնություններից, բուհերի նկատմամբ կարելի է կիրառել սահուն հարկային քաղաքականություն... Ուրեմն, մեծարգո պարոն Նախագահ, երկրի համար մտահոգվելով, առաջին հերթին խնդրում ենք հոգ տանել երիտասարդության մասին, մանավանդ որ մեր ազգն արդեն, ցավոք, դասվում է աշխարհի ծերացող ժողովուրդների շարքին...
Հույսով, հավատով և մեծ ջերմությամբ' մեր ու Ձեր երկրի երիտասարդ»: