▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բալասանյանի ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՐԴ ԵՆ ԾԵԾԵԼ

Հոկտեմբերի 11-ի առավոտյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին եւ Ռուբենին:

Այս մասին գրում է  galatv.am-ն ու նշում, որ  ըստ տեղեկությունների` նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների`կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաեւ հարեւանների աչքի առաջ:  Դեպքը, ինչպես պատմել են Գյումրու «Պոլիգոններ» կոչվող թաղամասի բնակիչները, ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է Բալասանյանների ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկի նախկին աշխատակիցը, հեռացրել են աշխատանքից, ինչի պատճառով էլ ծագել է վեճը: Արթուրը երկար ժամանակ զբաղվել է սպորտով, հետո որոշակի ժամանակով աշխատել է Անուշարանում՝ որպես անվտանգության աշխատակից: Նրան աշխատանքից հեռացրել են առանց բացատրության, ինչի հետեւանքով էլ ծագել է վիճաբանություն:

Տեղեկությունը երեկ երեկոյան ԳԱԼԱ-ի աշխատակիցը  փորձել է  ճշտել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից, ով տեղեկացրել է, որ միջադեպի մասին ոստիկանությունը տեղեկություն չունի: «Ես զանգահարեցի նաեւ Գյումրի քաղաքի ոստիկանապետին, իրանք էլ նման տեղեկություն չունեն, բողոքող ու հիվանդանոց դիմողներ չկան, բայց ես հանձնարարել եմ վաղը զբաղվել այդ գործով»,-ասել է  Կ. Բաբակեխյանը:

Այսօր, սակայն, վաղ առավոտից ինչպես Շիրակի մարզի ոստիկանապետը, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը հեռախոսազանգերին չէին պատասխանում: Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանն էլ ԳԱԼԱ-ի թղթակցին  փոխանցել է, որ ինքը նման տեղեկություն չունի եւ մինչեւ այսօր դատախազությունը նման հաղորդագրություն չի ստացել:

Նշվում է նաև, որ  ըստ  տեղեկություններով` այսօր արդեն Շիրակի մարզի քննչական բաժնի աշխատակիցները փորձել են հարցաքննել՝ ծեծի ենթարկված Արթուրի եւ Ռուբենի հարազատներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее