Բաքուն փորձում է հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի թյուրըմբռնումներն օգտագործելով արհեստական կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Դրա համար օգտագործում է կոգնիտիվ կոնֆլիկտի իմիտացիա: Այս նպատակի համար հարմար առիթներ էին մեկ միլիարդի զենքի վաճառքը, ինչպես նաև՝ հասարակական մակարդակով որոշակի լարվածությունը՝ կապված վերջին դեպքերի հետ: Հիմա Բաքվում փորձում են պրոռուսական խաղեր տալ, սակայն հստակ է, որ այնտեղ ավելի շատ ու ուժեղ են ձգտում դեպի արևմուտք, քան Հայաստանում: Հենց թեկուզ վերցնենք Գաբալայից ռուսներին տակտիկական ապտակով լարելը: Մյուս կարևոր հանգամանքն ադրբեջանառուսական մեղրամիսի կայանում է Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները, Ալիևը ձգտում է ռուսական լեգիտիմացման, իսկ Մոսկվան՝ Բաքվի պրոռուսական ալիևացման: Բայց ինչու՞ Հայաստանի վրա ճնշումն ավելի մեծ է, այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը, ի տարբերություն Բաքվի, բազմիցս հայտարարել է, որ սեփական անվտանգության համար ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի: Հայաստանում այդպես էլ չսովորեցին, որ կոշտ ուժը փափուկ բնավորությունից չի փափկում, և պետք էր գոնե մեկ անգամ ցույց տալ Ռուսաստանին, որ այստեղ ինքն ունի ռազմաբազաներ, և դրանք ոչ թե Հայաստանի անվտանգությունն են ապահովում (պատկերացրեք Թուրքիան, եթե փորձի հարվածել Հայաստանին, մի քանի ժամ հետո ռուսական ռազմաբազայից ամենամեծ կտորը կմնա կալաշնիկովի խզակոթը), այլ սպասարկում են Ռոսւաստանի աշխարհաքաղաքական շահերը: Եվ ամենակարևորը, պետք էր զարգացնել տնտեսությունն այնքան, որ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով անհնար լիներ զիջումներ կորզելը (արտաքին քաղաքականությունը միշտ և ամենուր ներքինի շարունակությունն է): Իսկ մենք երբեք չփորձեցինք Գաբալայի թնջուկն օգտագործել ռուս-ադրբեջանական հարաբերություններում, և հիմա Բաքուն վերադարձնում է մեր չվճարածի մանրը:
Արման Սահակյանի գրառումը
Ֆեյսբուք