Երեկ ԲՀԿ գրասենյակում այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ՀՅԴ ղեկավարներին ու քննարկել համագործակցության միասնական օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր։
Հաջորդ շաբաթ Ծառուկյանին կհյուրընկալվեն ՀԱԿ և «Ժառանգության» ղեկավարները։
Մի փոքր ինտրիգ կա այն հարցում, թե արդյո՞ք առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անձամբ կգնա Կանյաչնի, թե՞ ՀԱԿ–ը կբավարարվի Լևոն Զուրաբյանի մակարդակով։
Չնայած այս ինտրիգը, զուտ բովանդակային առումով, պակաս հետաքրքիր է Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքային վերջին ելույթից հետո, երբ նա, ըստ էության, գործընթացի առանցքային սուբյեկտ համարեց «հրաշալի քառյակին»։
«Հրաշալի քառյակի» առանցքն, իր հերթին, ԲՀԿ–ն է, որի առաջնորդի ուսերին ընկած է նոր ընդդիմության ձևավորումը
Այս հանդիպումների բովանդակությունը պակաս կարևոր է. դրանցով ԲՀԿ–ն լեգիտիմացնում է ընդդիմության առաջնորդի իր կարգավիճակը։
Նոր կարգավիճակում՝ Ծառուկյանն երկու ճանապարհ ունի։
Առաջինն այն է, որ օգտագործի խորհրդարանական մյուս երեք ուժերի գործոնը՝ իրեն ձեռնտու իշխանական դասավորություն, ԲՀԿ–ի մասնակցությամբ նոր մեծամասնություն ու կառավարություն ստանալու համար։
Երկրորդ ճանապարհն ավելի բարդ է ու ենթադրում է իրապես նոր ընդդիմության ստեղծում։
Սա կարող է բերել՝ թե Իվանիշվիլու էֆեկտի կրկնությանը, թե Հայաստանի ամենաազդեցիկ օլիգարխի քաղաքական դևալվացիային։
Ինչևէ, մեկնարկը տրված է՝ սպասենք արդյունքներին…