«Մինչև ընտրարշավն արդեն պարզ էր, որ բոլոր քաղաքական ուժերն ընդունեցին իշխանության թելադրած խաղի կանոնները և ընտրության արդյունքներն արդեն կանխորոշված էին. ով ուներ փող, նա պետք է հաղթեր: Ռեյտինգային համակարգը հենց դա է նշանակում: Արդյունքում տեսանք, որ կյանքում մեկ քաղաքական հայտարարություն չարած մարդիկ 30.000-40.000 ձայն էին հավաքել»,-ամփոփելով խորհրդարանական ընտրությունները՝ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ մենք շատ արագ գնում ենք դեպի միակուսակցական համակարգ: Անգամ լուրջ որոշումը կարող են անցկացնել:
«Վտանգն էլ այն է, որ ուժեղանում է ավտորիտարիզմը, կառավարությունը դառնում է անվերահսկելի, երկիրն էլ քանդվում է: Ու այն մարդիկ, ովքեր չհասկացան, թե ի՞նչ պետք է արվի այս ընտրությունների ժամանակ, պետք է քաղաքական դաշտից դուրս գան: Մտան ու չպայքարեցին: Մահացավ «Հաց բերող»-ը: Ի՞նչ ռեակցիա տվեցին, ոչ մի: Ոչ փողոց դուրս եկան, ոչ էլ ցույց արեցին: Ձերբակալեցին Սամվել Բաբայանին, դարձյալ ոչ մի արձագանք: Ներկայացվեցին դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները: Կարող էին նստացույց անել»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընտրություններից հետո շատերի համար պարզ դարձավ, որ իմաստ չունի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին.
«Որոշումը աշխատասենյակներում է կայացվում՝ ընտրություններից առաջ: Դա է պատճառը, որ 3 ուժ առաջադրվեց: Եվ, օրենքի համաձայն, Երևանի ավագանու կազմում պետք է նվազագույնը լինի 3 ուժ, այսինքն, ընտրություն չունենք կատարելու: Բոլորն ավտոմատ անցնում են, ընտրական համակարգը ջախջախված է: Ցավում եմ, որ այդ բեմադրությանը մասնակցում են «Ելք» դաշինքն ու Զարուհի Փոստանջյանը»,-նշեց Ստեփան Գրիգորյանը:
Անի Կարապետյան