Azatutyun.am-ը ներկայացրել է, Եվրամիության ընդլայման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հարցազրույցը: Զրույցը վարել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը:
«Ազատություն»․ - Եկեք սկսենք: Դուք երկու ժամ առաջ հանդիպում եք ունեցել Հայաստանի նախագահի հետ և բավական երկար քննարկում եք անցկացրել նրա հետ: Ինչի՞ մասին եք խոսել, Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, որևէ փոխզիջում կա՞ Հայաստանի համար, թե՞ ամեն ինչ վերջացած է:
Ֆյուլե․ - Ոչ, վերջացած չէ, և մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից: Նման բան տեղի չի ունենալու: Նախ՝ մենք քննարկեցինք տեղի ունեցածը և Մաքսային միությանը միանալու նախագահի որոշումը, և ես նրան վստահեցրեցի, որ այն, ինչ մենք պահանջում ենք ուրիշներից՝ հարգել ազատ ընտրություն կատարելու իրավունքը, մենք ինքներս էլ ենք հարգում ազատ ընտրություն կատարելու այդ իրավունքը: Սա է ամբողջը: Ուզում եմ ասել՝ մենք չենք պահանջել և ակնկալել մեր հարևաններից ինչ-որ բան անել, իսկ ինքներս՝ ուրիշ կերպ վարվել:
Մենք մի փոքր խոսեցինք անցյալից՝ բանակցություններից, հավատից և փոխվստահությունից: Թերևս ավելի կարևոր է այն, որ մենք քննարկեցինք, թե ինչպես առաջ շարժվել՝ հիմնվելով մինչ այժմ մեր ունեցած ձեռքբերումների, հայաստանցիների համար շատ կարևոր մի շարք ոլորտներում՝ բարեփոխումների և արդիականացման, շարժունակության, փոխադարձ կապերի, լավ կառավարման, օրենքի գերակայության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և ոլորտային կոռուպցիայի խնդիրների շուրջ տարիների համագործակցության և բանակցությունների վրա:
Ես ասացի նախագահին, որ որոշակի սկզբունքներ կան, որոնցից մենք չենք հրաժարվելու: Դրանցից մեկն այն է, որ մեր գործընկերները իրենք են ձևակերպում իրենց հավակնությունները, այն ճանապարհը, որով իրենք հասնելու են ընտրված արժեքներին և սկզբունքներին, և մենք հնարավորը կանենք այդ հավակնություններին համարժեք կերպով պատասխանելու մեր քայլերով և աջակցությամբ:
«Ազատություն»․ - Կարո՞ղ եմ ասել, որ սա Ձեզ համար շոկ էր, որ Դուք չէիք ակնկալում ուղղության այս անսպասելի փոփոխությունը: Գիտենք, որ գոնե հայաստանցիների համար շատ անսպասելի էր սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը: Ձեզ այդ մասին նախապես տեղեկացրե՞լ էին՝ նախքան այս հայտարարությունը: Թե՞ դա Ձեզ համար լիակատար շոկ էր, անսպասելի մի տեղեկություն:
Ֆյուլե․ - Այսպես ասեմ՝ մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները:
«Ազատություն»․ - Եկեք խոսենք մեկ այլ խնդրի մասին: Դուք խոսում էիք Ռուսաստանի մասին: Հայաստանի ղեկավարներն ասում են, որ իրենք ռուսական կողմից սպառնալիքներ չեն ստացել, և տարբեր պաշտոնյաներ ասել են՝ սա մեր քաղաքականությունն է եղել, մենք միշտ էլ Ռուսաստանի հետ ենք եղել: Այսօր Հայաստանի արտգործնախարարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խոր հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ մեր դաշնակցային հարաբերություններին Ռուսաստանի հետ»: Արդյոք այս հայտարարությունը Ձեզ համար անսպասելի չէ՞ր, որևէ հակասություն չկա՞:
Ֆյուլե․ - Ոչ, այս հայտարարությունը անսպասելի չէր, որովհետև երբ որևէ մեկն ասում է՝ ա, կարելի է ակնկալել, որ նաև ասելու է՝ բ: Եվ երբ Հայաստանի նախագահը որոշեց երկիրը տանել Մաքսային միության ճանապարհով, մենք գիտեինք, որ դրան կհետևի մեկ այլ հայտարարություն, որը կպարզաբանի կամ կձևակերպի Եվրամիության հետ հարաբերությունների շրջանակը: Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին...
«Ազատություն»․ - Այո, ճնշումների մասին․․․
Ֆյուլե․ - Այո, ինձ այդ բառը մտորումների տեղիք տվեց: Հայաստանյան պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ մեզ երբևէ որևէ բան չի ասվել ճնշումների մասին: Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում հարցականի տակ դնել այստեղ՝ Հայաստանում իմ զրուցակիցների անկեղծությունը:
Հասկանո՞ւմ եմ ես արդյոք Հայաստանի դիրքորոշումը․․․ Տեսեք, միայն քարտեզին նայելը բավական է հասկանալու համար այն որոշակի գործոնները և տեսակետները, որոնց հետ Հայաստանի իշխանությունները ստիպված են հաշվի նստել իրենց որոշումները կայացնելիս: Դրանք ակնհայտորեն ավելի նշանակալից են, քան մեր ցանկացած այլ գործընկերոջ մոտ:
Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին [նախագահին], և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա, չկա ստեղծագործականություն և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն: Բայց այսօրվա այս հանդիպումների նպատակն էր մեկմեկու հավաստիացնել, որ չնայած այս անսպասելի որոշմանը՝ առաջ գնալու տեղ դեռ կա:
Եվ իսկապես, ինչպես ես արդեն ասացի, կա որոշակի ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորություն: Եվ ես այսօր նաև խոսեցի քաղաքացիական հասարակության Ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ և հստակորեն ասացի, որ այն փաստը, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրից հրաժարվեց հօգուտ Մաքսային միության, չի նշանակում, թե եվրոպական օրակարգը, եվրոպական արժեքները և սկզբունքները անհետանալու են: Դա չի նշանակում, որ քաղաքացիական հասարակության ձեռքբերումները եվրոպական օրակարգն առաջ մղելու գործում, հիմնարար իրավունքների պաշտպանության արդեն ձեռք բերված մակարդակը կորչելու է: Մենք շարունակելու ենք նշանակալի ներկայություն ունենալ Հայաստանում և աջակցելու ենք քաղաքացիական հասարակությանը, աշխատելու ենք իշխանությունների հետ, որպեսզի այս ոլորտներում նահանջ չարձանագրվի, որպեսզի շարժվենք առաջ, թերևս ոչ այնքան արագ և ոչ այնքան համակողմանիորեն, բայց՝ շարժվենք առաջ:
Շարունակությունը` այստեղ: