▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատական գործընթաց, որտեղ ամեն կերպ փորձում են վերացնել ապացույցները». ահազանգ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դատական գործընթաց, որտեղ ամեն կերպ փորձում են վերացնել ապացույցները․
2023թ․ հունվարի 13-ին Էջմիածնի դատարանում տեղի ունեցավ Նաիրի Հոխիկյանի և Վլադիմիր Կարապետյանի դատական հերթական վեճը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ։
Սա հայտնի «Լապշինի գործն» է, որով փաստերով՝ ձայնային հաղորդագրություններով ու նամակներով ապացուցվում է, որ դեռևս 2019թ․ մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը և այն ժամանակ նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հստակ ասել են, որ ծրագրում են բարեկամանալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, լուծել Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի։
Հիմա մենք մի փուլում ենք, երբ ՀՀ ԱԱԾ-ն առգրավել է և չի վերադարձնում ապացույցները պարունակող բնօրինակ հեռախոսը, իսկ դրանից հետո դատարան դիմած Վլադիմիր Կարապետյանը (ներկայումս ՀՀ դեսպանը Ուկրաինայում) Նաիրի Հոխիկյանին մեղադրում է զրպարտության մեջ։
Դատարանը պահանջում է ռուսերեն ապացույցների հայերեն թարգմանությունը՝ նոտարի հաստատմամբ։ Նաիրի Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը ներկայացնում է նոտարի գրավոր պարզաբանումը, որ չի կարող թարգմանությունը նոտարի հաստատում ունենալ, քանի որ բացակայում է բնօրինակը։
Նաիրի Հոխիկայնի կողմը դատարանից պահանջում է բնօրինակ հեռախոսի պարունակությունը քննարկել դատարանում և դրա իրականացման համար օգտվել թարգմանչի ծառայություններից։ Այսինքն՝ հրապարակել այն ապացույցները, որոնցով պարզ է դառնում Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հետ գործարքի փաստը։
Դատարանը հունվարի 13-ի նիստում մերժեց այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե դատավարական օրենսդրությամբ փաստաթղթերը դատարանում թարգմանչի միջոցով հրապարակելու կետ չկա։ Այդկերպ բնօրինակ հեռախոսի պարունակությունը, փաստորեն, դատավորը հրաժարվեց ներկայացնել դատական նիստի ժամանակ՝ չօգտվելով նախադեպային որոշումներից։
Հիմա Վլադիմիր Կարապետյանի կողմը փորձում է ընդհանրապես նիստերի ժամանակ քննարկումից հեռացնել նաև կրիչների վրա պահպանված ապացույցները՝ նշելով, թե դրանց թարգմանությունը պատշաճ չէ և նոտարով հաստատված չէ։
Նաիրի Հոխիկյանի փաստաբանը շատ հստակ նշեց, որ հնարավոր չէ նոտարով հաստատված թարգմանություն բերել, քանի որ դատական հայց ներկայացնելուց առաջ ԱԱԾ-ի միջոցով Նաիրի Հոխիկյանից ապօրինի կերպով առգրավվել է բնօրինակ հեռախոսը։
Ստացվում է՝ Նաիրի Հոխիկյանին ԱԱԾ-ի ձեռքով զրկում են բնօրինակ ապացույց ունենալու հնարավորությունից, հետո պահանջում ներկայացնել այդ ապացույցը նոտարի հաստատմամբ։
Սա ՄԻԵԴ-ի՝ Եվրոպական դատարանի դասական գործ է, որտեղ անպայման կմտնենք, եթե դատարանը շարունակի միակողմանի որոշումներ կայացնել՝ հօգուտ իշխանության։ Առանց այդ էլ՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանը առնվազն մեկ անգամ սայթաքել է՝ ապօրինություն թույլ տալով և հայցը վարույթ ընդունելով առանց Վլադիմիր Կարապետյանի փաստաբանի լիազորագրի։ Այդ հարցով Նաիրի Հոխիկյանը դեռ կդիմի ԲԴԽ և իրավական այլ մարմինների՝ դատավորի կողմից միտումնավոր կամ ոչ միտումնավոր անփութություն թույլ տալու մեղադրանքով։ Իսկ նման ապօրինությունը էժան չի նստի։
Դատավորը փորձում է արտաքուստ հավասարություն պահել՝ մերժելով Նաիրի Հոխիկյանի կողմի արժեքավոր միջնորդությունները, իսկ Վլադիմիր Կարապետյանի ոչ էական միջնորդությունները։ Օրինակ՝ Նաիրի Հոխիկյանի կողմի պահանջով թարգմանիչ ներգրավելու և այդկերպ բնօրինակ հեռախոսի պարունակությունը քննարկելու միջնորդությունը դատավորը չի ընդունում, ապա, որպեսզի իր անկողմնակալությունը կասկածի տակ չդրվի, հայտարարում է, թե չի ընդունի Վլադիմիր Կարապետյանի կողմի միջնորդությունը, ըստ որի, պետք է նոտարի տված փաստաթուղթը քննարկման չդրվի՝ այն կցելով գործին։
Մենք դեռևս դատական գործով գնում ենք, թեպետ արդեն մի քանի անգամ մեզ զրկել են իշխանության ներկայացուցիչների հետ հավասար մրցակցության հնարավորությունից։
Ամեն դեպքում պատրաստ ենք իշխանության կողմից բոլոր սադրանքներին և ունենք պահեստային պատասխան հարվածներ։ Ի վերջո, ՄԻԵԴ-ը կա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее