Անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի, Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:
Այս մասին գրում է 168 ժամ թերթն ու մանրամասնում, որ աղբյուրների փոխանցմամբ, նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը ևս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն, քանի որ այն հայտնի պատճառներով հետաձգվել և տեղի է ունեցել հունվարի 20-ին, Գյումրիի նախկին քաղաքապետը չի մեկնել Մոսկվա, քանի որ այդ օրը համընկել է իր ծննդյան օրվա հետ: Փոխարենը՝ Ղուկասյանների ընտանիքի անունից Դեդ Հասանին հրաժեշտ է տվել Սպարտակ Ղուկասյանը, ով հայտնի է քրեական աշխարհում ունեցած կապերով և «օրենքով գող» դառնալու ցանկությամբ: Խնդիրն այն է, սակայն, որ անցած տարվա հայտնի իրադարձությունների պատճառով խուլիգանության մեջ մեղադրվող, որոշ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը Հայաստան վերադառնալուց հետո ազատ էր արձակվել` բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ:
Ի դեպ, 168.am-ը ոմն Արմինե Ղազարյանից էլեկտրոնային նամակ է ստացել, որում հայտնվում է, թե նամակի հեղինակը «շատ ստույգ տեղկատվություն» ունի այն մասին, որ Սպարտակ Ղուկասյանն այսօր մեկնել է Փարիզ:
Ըստ նույն աղբյուրի, Սպարտակի հետ է եղել նաև Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը:
Նշենք, որ մեկնաբանելով Սպարտակ Ղուկասյանի` Փարիզ մեկնելու մասին տեղեկատվությունը, Գյումրիի նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանն «Ա1+»-ին ասել է. «Մարդ է, իրա համար մեկնել է երևի, իրավունք չունի՞: Իսկ ինչի՞ համար եք հետաքրքրվում: Ես տեղյակ չեմ, դուք ավելի լավ եք տեղեկացված: Մարդը գնացել է, էս քաղաքում ավելի շատ հետաքրքիր խնդիրներ կան, որ կարելի է լուսաբանել, ինչո՞ւ եք սևեռվել էդ ընտանիքի անդամների վրա»: