«Եթե սա կոչվում է նպատակային վճար, ապա ինչո՞ւ եք ամեն տեղ 60-70 անգամ պարտադիր բառը նշել.պարտադիր հիմնադրամներ և այլն: Վերնագիրն էլ չի պարունակում պարտադիր բառը: Դուք կարդացե՞լ եք այս օրենքի նախագիծը մինչև վերջ, մինչև անցումային դրույթները, թե՞ հավատացել եք Ձեր իրավաբանական վարչությանը, որը ասել է, որ այստեղ անհեթեթություններ չկան: Օրինակ՝ 13-րդ հոդվածում գրված է. մասնակցի լռությունը համարվում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունն ընդունելու կամքի արտահայտություն: Դուք սա համարում եք իրավաբանական տերմի՞ն»,-«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության ներկայացրած փոփոխությունների քննարկման ժամանակ խոսքն ուղղելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ հարցրեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Պարտադիր հիմնադրամը և պարտադիր համակարգը տարբեր բաներ են և, ըստ էության, մենք սահմանել ենք պետության պարտադիր մասնակցությամբ կենսաթոշակային ֆոնդ հասկացություն, այսուհետ պարտադիր կենսաթոշակային ֆոնդ»,-պատասխանեց նախարարը:
Խոսելով թերությունների մասին՝ Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանք կարող են լինել: Ինչ վերաբերում է մասնակցի լռությանը՝ նա ասաց, որ ընդունված ձևաչափ է:
«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի բացատրությունը, ինչպես նոր մեկնաբանեցիք, այստեղ չկա: Եվ, եթե դահլիճում որևէ մեկը հասկացած լիներ, որ պարտադիր ֆոնդը պետությանն է վերաբերում, ես ներողություն կխնդրեմ»,-արձագանքեց Արամ Մանուկյանը:
Անի Կարապետյան