Հայ-ադրբեջանական սահմանին վերջին մի քանի օրվա ընթացքում զարգացումներին առ այժմ անդրադարձել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, այն էլ ընդամենը իր Twitter-յան էջի միջոցով: Ժամանակին մենք նեղվում էինք, որ նման միջադեպերի ժամանակ համանախագահներն ընդամենը հանդես էին գալիս չանձնավորված դիվանագիտական փուչ հայտարարությամբ, բայց այսօր, ցավոք սրտի ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ Մինսկի խումբը նույնիսկ «լայաղ» էլ չի անում պաշտոնապես արձագանքել Ադրբեջանի կողմից, մեղմ ասած, ապակառուցողական գործողություններին: Ի՞նչ կարելի է ենթադրել համանախագահող երկրների նման պահվածքից: Չէ՞ որ նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեն՝ ճանաչված միջազգային հանրության և հակամարտող կողմերի կողմից:
Միակ արձագանքը, որ մենք ստացանք հնչում էր հետևյալ կերպ. « Շփման գծում բռնությունն ու լարվածությունը հարվածում են հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ջանքերին: Ցավում եմ, մահվան կապակցությամբ»: Սա ինչ է, ցավակցական հեռագի՞ր, քննադատությու՞ն, թե՞ ծաղրանք ուղղված մեզ: Կարծում եմ առաջինը՝ ցավակցական հեռագիրը, որն ուղարկում են հեռավոր վայրերից և կարճ հայտնում եղելությունը և երկրոդ՝ իսկական ծաղրանք ստեղծված իրավիճակին:
Սա իսկական ապտակ է մեր պետության, մեր ժողովրդի ինքնասիրությանն ու արժանապատվությանը: Կարծում եմ, որ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից նման պահվածքը պետք է լուրջ քննադատության ենթարկվի Հայաստանի արտաքին գերատեսչության կողմից: Եթե տվյալ կառույցն անտարբեր է մեր խնդիրներին, ի վիճակի չէ օբյեկտիվորեն արձագանքել ստեղծված իրավիճակին և ընդունում է, որ ամեն ինչ դուրս է եկել իր վերահսկողությունից, ապա պետք է հրաժարվի միջնորդական առաքելությունից և մեզ էլ հնարավորություն տա լուծել խնդիրը այլ՝միջազգային հանրության կողմից ընդունելի նորմերի շրջանակներում: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի Խումբը երբեք էլ չի ընդունի, որ նրանք չեն կարողանում վերահասկել իրավիճակը: Ի վերջո նրանք կատարում են իրենց առջև դրված և ՄԱԿ-ի կանոնադրությաբ սահմանված ամենակարևոր գործառույթը՝ չեն թողնում, որ պատերազմը վերսկսվի (Ըստ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի Միջնորդության (Mediation) կարևորագույն խնդիրներից մեկը ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է): Սակայն, այնուամենայնիվ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ՀՀ իշխանությունները պարզապես իրավունք չունեն թսղնել այս անտարբերությունը անարձագանք: