Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ
կապերի և լրատվության վարչությունը տարածել է ի շարք բուհերում ուսման վարձերի բարձրացման վերաբերյալ ԵՊՀ ռեկտորատի 7 կետից բաղկացած պարզաբանումը, որ ներկայացնում ենք ստորև.
«Մի շարք պետական բուհերի, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի կողմից 2013 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների համար ուսման նոր վարձավճարների չափերի սահմանումը վերջին շրջանում հայտնվեց հանրության ուշադրության կիզակետում՝ լայնորեն ներկայացվելով զանգվածային լրատվության միջոցներով և հաճախ առաջ բերելով հարցի շուրջ կողմնակալ մեկնաբանումներ, շահարկումներ, իրականությանը չհամապատասխանող գնահատականներ ու ոչ պրոֆեսիոնալ տեսակետներ: Հաշվի առնելով նոր ուսումնական տարվան ընդառաջ հարցի շահարկման աշխուժացող միտումները, որոնք գերազանցապես բովանդակում են թյուր կարծիքներ և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ, ԵՊՀ ռեկտորատը հարկ է համարում նշել հետևյալը.
1. Ուսման վարձերի բարձրացման խնդիրը բազմիցս քննարկվել է համալսարանի կառավարման մարմիններում և մասնավորապես ԵՊՀ գիտական խորհրդում:
Դեռևս 2012 թ. նոյեմբերի 8-ին կայացած նիստի ընթացքում լսելով ԵՊՀ գիտական խորհրդի՝ համալսարանի ֆինանսական մուտքերի ու ելքերի ուսումնասիրման և օպտիմալացման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը՝ ԵՊՀ գիտական խորհրդի անդամները, ի թիվս այլ միջոցառումների, նախանշում էին ուսման վարձերի բարձրացման անհրաժեշտությունը: Այնուհետև, 2013 թ. ապրիլի 18-ին կայացած նիստում ԵՊՀ գիտական խորհուրդը իրեն վերապահված լիազորությամբ, համաձայն ԵՊՀ կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետի սահմանել է 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների համար ուսման վարձավճարների չափը: Այսպիսով՝ անհիմն են բոլոր այն պնդումները, թե ուսման նոր վարձավճարների սահմանումն անօրինական է, և իբր ԵՊՀ գիտական խորհուրդը չուներ այդ լիազորությունները:
2. Սահմանված ուսման նոր վարձավճարները վերաբերում են բացառապես 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիներին, իսկ բարձր կուրսերի ուսանողների ուսման վարձավճարները սահմանվել են նախկինում և մնում են անփոփոխ նրանց ուսումնառության ողջ ընթացքում: Նոր ուստարվա ընդունելության մրցույթով անցած դիմորդները (նրանք դեռևս հրամանագրված չեն որպես ուսանող) ընդունելության դիմում-հայտերը ներկայացնելիս տեղեկացված են եղել սահմանված վարձավճարների մասին. նախ՝ այդ օրերին հարցն ակտիվորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, պատշաճ ներկայացված է եղել ԵՊՀ կայքում, համալսարանականները հանդես են եկել պարզաբանումներով, երկրորդ՝ բուհի ընդունող հանձնաժողովը բոլոր դիմորդներին անխտիր ծանոթացրել է ընդունելության պայմաններին, մասնագիտությունների ցանկին և սահմանված ուսման վարձավճարներին. ընդունելության պայմանների մասին իրենց իրազեկվածությունն ու համաձայնությունը դիմորդներն արտահայտել են իրենց ստորագրությամբ: Այսպիսով՝ անհիմն են բոլոր այն պնդումները, որ վարձավճարների չափը և վճարման ժամկետը անակնկալ են եղել դիմորդների կամ նրանց ծնողների համար: Դիմորդները բավարար ժամանակ են ունեցել կողմնորոշվելու բուհի կամ մասնագիտության հարցում: Ավելին՝ ընդունելության մրցութային բարձր ցուցանիշներ արձանագրվել են առավելագույն վարձավճարներ ունեցող մասնագիտություններից:
3. ԵՊՀ-ում սահմանված նվազագույն վարձավճարը 400 հազար դրամ է, իսկ առավելագույնը՝ 800 հազար դրամ: Բակալավրիատի 59 մասնագիտությունների կեսից ավելիի՝ 32 համար, սահմանված է վերոնշյալ նվազագույն վարձավճարը: Այս նվազագույն ուսման վարձավճարը քիչ է պետական պատվերի շրջանակներում մեկ ուսանողի հաշվով ԵՊՀ-ին տրամադրվող ֆինանսավորումից (2013/14 ուսումնական տարում մեկ ուսանողի հաշվով պետպատվերի շրջանակներում հատկացվելու է շուրջ 450 հազար դրամ): Անդրադառնալով մեկ ուսանողի հաշվով ծախսվող գումարի չափին՝ հարկ է նշել, որ եվրոպական զարգացած երկրներում այն նվազագույնը շուրջ 10.000 եվրո է, իսկ ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում՝ հասնում է մինչև 50 հազար դոլարի: Ավելորդ չէ նշել, որ անվճար կրթություն գոյություն չունի, և բարձրագույն կրթության համար վճարում է կամ պետությունը, կամ շահառուն, կամ էլ զանազան բարեգործական հիմնադրամներն ու անհատները: Հաշվի առնելով մեր երկրի ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, պետական բյուջեի չափը՝ ակնհայտ է դառնում, որ պետությունը չի կարող վճարել բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ցանկություն ունեն ստանալու բարձրագույն կրթություն: ԵՊՀ-ն, բացի պետական պատվերի շրջանակում իրականացվող կրթությունից, վճարովի հիմունքներով մատուցում է կրթական ծառայություններ, որոնցից օգտվելու համար ուսանողները դիմում են կամովին՝ տեղյակ լինելով ուսման վարձավճարների չափին:
4. Հայաստանի քաղաքացին, այդ թվում դասախոսը, ով իր ողջ կյանքը կապել է կրթության և գիտության հետ, նույնպես իրավունք ունի ապրելու արժանավայել և ունենալու պատշաճ վարձատրություն: Ցավոք, ԵՊՀ անձնակազմի աշխատավարձը, որը միջինը կազմում է 150.000 դրամ չի կարող համարվել բավարար, ուստի ԵՊՀ կոլեկտիվը մշտապես հարց է բարձրացրել՝ կապված դրա վերանայման և բարձրացման հետ: Ցածր աշխատավարձը խոչընդոտում է կադրերի երիտասարդացումը, ինչն արդիական խնդիր է բուհական համակարգի համար: Այն հաճախ նպաստում է նաև երիտասարդ կադրերի արտագաղթին: Հարկ է նշել, որ միջազգային առաջատար պրակտիկան ցույց է տալիս, որ բուհի զարգացման կարևոր ցուցանիշ է այն, որ հաստատության աշխատավարձի և դրան հավասարեցված վճարներին ուղղված ծախսերը չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 60%-ը: Ցավոք, ԵՊՀ բյուջեի 73%-ը արդեն իսկ ուղղվում է աշխատանքի վարձատրությանը, այդուհանդերձ այսօր աշխատավարձի բարձրացման մեծ կարիք է զգացվում: Այսպես, 2013թ. սեպտեմբերից կբարձրանան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի 1-ին և 2-րդ կարգի աշխատակիցների տարբերակված հավելավճարները, իսկ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ 2014թ. հունվարից հնարավորություն է ընձեռվում 5%-ով բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը: Միաժամանակ, ավելորդ չէ նշել, որակյալ բարձրագույն կրթությունը ենթադրում է նաև բազմաթիվ այլ ծախսեր՝ գույք, ուսումնագիտական սարքավորումներ, գրականություն, պրակտիկաների կազմակերպում, միջազգային փոխանակումներ և այլն:
5. Առաջին անգամ չէ, որ ուսման վարձերը ԵՊՀ-ում վերանայվում են: Ցանկանում ենք ընդգծել, որ 1995 թվականի համեմատ, 18 տարիների ընթացքում, ԵՊՀ-ում միջին վարձավճարն աճել է ընդամենը մոտ 1.5 անգամ (1995/96 ուստարում այն կազմել է 308.000 դրամ, իսկ 2013/14 ուստարում՝ 460.000 դրամ), այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածի գնաճի ցուցանիշներն ակնհայտորեն անհամեմատելի են: Այդուհանդերձ, ԵՊՀ-ն մեծ դժվարությամբ է գնացել վարձավճարների վերանայմանը: Պետք չէ մոռանալ, որ 2011թ. ընթացքում ԵՊՀ առաջին կուրս ընդունվածների թիվը 2500 հոգով պակաս էր նախորդ տարվանից (12-ամյա համակարգին անցնելու պատճառով դպրոցները չունեին շրջանավարտներ), ինչը, բնականաբար, ֆինանսական մեծ հարված էր ԵՊՀ-ի համար: Սակայն, սույն թվականի ապրիլին գիտական խորհուրդը ընդունել է անխուսափելի որոշում՝ նպատակ ունենալով ապահովել ԵՊՀ բնականոն զարգացումը:
6. ԵՊՀ-ն իրականացնում է սոցիալական պատասխանատվության հետևողական քաղաքականություն: Վերջին ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ն իր միջոցների հաշվին, ընդհանուր հաշվով շուրջ 275 միլիոն դրամի չափով, սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին տրամադրել է կրթաթոշակներ և զեղչել նրանց ուսման վարձավճարները, ինչը կազմում է ընդհանուր մուտքերի մոտ 6%-ը: Այս ուսումնական տարում աջակցության ծավալը զգալիորեն կավելանա: Կցանկանայինք ընդգծել նաև, որ հատկապես վերջին 6-7 տարիների ընթացքում ուսման վարձը չվճարելու պատճառով ԵՊՀ-ից չի հեռացվել բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ոչ մի ուսանող: 2013 թվականից ընտանիքների անապահովության գնահատման «Փարոս» համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին տրամադրվելու են տարբեր չափերի նպաստներ և զեղչեր՝ ընդհուպ մինչև ուսման վարձի 100% չափը:
7. Վերջին ժամանակահատվածում անընդհատ շահարկվող, այսպես կոչված, վարձավճարների բարձրացումը մեկ ուստարվա ընթացքում ԵՊՀ բյուջեին լավագույն դեպքում կավելացնի շուրջ 350 միլիոն դրամ (բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերը միասին վերցված): Այս գումարի չափը թեև առաջին հայացքից պատկառելի է, սակայն գիտակրթական պատշաճ գործունեություն իրականացնելու դիտանկյունից նայելու պարագայում այն կարող է բավարարել ընդամենը մի քանի արժեքավոր գիտական սարքավորումների ձեռքբերման համար, կամ այն կազմում է ԵՊՀ աշխատակիցների շուրջ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը: Այս գումարն ամբողջովին տրամադրվելու է ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձացմանը. ինչպես վերը նշվեց, 2013թ. սեպտեմբերից կբարձրանա ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի 1-ին և 2-րդ կարգի աշխատակիցների տարբերակված հավելավճարները (շուրջ 120 միլիոն դրամ) և 2014թ. հունվարից բոլոր աշխատողների աշխատավարձը՝ 5%-ով (շուրջ 230 միլիոն դրամ): Այսպիսով, ակնհայտ է, որ խնդիրը շահարկվում է անհարկի, ծիծաղելի են այն պնդումները, որ առաջին կուրսեցիների համար սահմանված նոր վարձավճարներն ահռելի եկամուտներ են ապահովելու բուհերի համար, այնինչ դրանք ընդամենը նպաստելու են ընթացիկ որոշ խնդիրների լուծմանը:
Առաջին կուրսեցիների նոր վարձավճարները միայն տարիների ընթացքում կունենան կուտակային ազդեցություն, և միայն այդ դեպքում հնարավորություն կընձեռվի ամեն տարի քայլ առ քայլ բարձրացնել աշխատավարձերը և բարելավել կրթական ծրագրերի ռեսուրսային ապահովվածությունը:
Երևանի պետական համալսարանը կանգնած է եղել մեր պետականության կայացման ակունքներում, մեր գիտության ու կրթության ռահվիրաներից է, մեր երկրի Մայր բուհը և մշտապես նվիրված է եղել ազգային խնդիրների լուծմանը: Համալսարանական ցանկացած խնդրի հանդեպ ոչ կառուցողական մոտեցումը, հարցի անհարկի շահարկումը առաջին հերթին հարվածում է Մայր բուհի հեղինակությանը, դրական վարկանիշին: ԵՊՀ-ն մշտապես բաց է հասարակայնության առջև, որդեգրել է թափանցիկ գործելաոճ, իսկ ԵՊՀ ղեկավարությունը պատրաստ է համալսարանական ցանկացած հարցի շուրջ կառուցողական և պրոֆեսիոնալ բանավեճի: