Այսօր մեր մամուլում հաճախ են հայտնվում հոդվածներ բժիշկների մասին և, որպես կանոն, դրանք ներկայացվում են բացսական պարզաբանումներով: Իսկ եթե հետևել եք այդ նյութերից հետո եկող մեկնաբանություններին, ապա տեղյակ կլինեք բժիշկների հանդեպ ժողովրդի վերաբերմունքի մասին: Բանն այն է, որ այդ ոլորտը չափազանց աղոտ է մեր հասարակության համար: Մարդիկ բացարձակապես չեն պատկերացնում այդ աշխատանքի «ներքին խոհանոցը»: Այսօր ամբողջ աշխարհում բժշկական ծառայությունները բավականին թանկ գներով են մատուցվում: Պարզապես այլ պետություններում մշակված են որոշակի ծրագրեր, որոնց շնորհիվ դրանք հասանելի են դառնում շարքային քաղաքացիների համար, իսկ որոշ տեղերում էլ անհասանելի են, ինչպես մեզ մոտ: Զարմանալի է մեր քաղաքացիների ագրեսիվ վերաբերմունքը բժիշկների հանդեպ: Դրա համար տալիս եմ որոշակի հարցերի պարզաբանումներ:
Հաճախ մարդիկ ասում են, որ մեր բժիշկները անգրագետ են, այդ պատճառով շատ են լինում անտեղի մահվան և այլ դժբախտ դեպքեր: Այո՛, կան նաև անգրագետներ, բայց ոչ բոլորն են այդպես: Եթե տեղյակ չեք, ասեմ, որ բժշկության մեջ շատ մեծ է ռիսկային գործոնը: Երբեք մի մտածեք, որ օրինակ Ֆրանսիայում ապրող ու աշխատող բժիշկը մեր հայրենակիցներից ավելի լավ մասնագետ է: Կան պրոֆեսիոնալներ, որոնք անփոխարինելի են, բայց նրանք բոլորն էլ մահկանացուներ են և չունեն կախարդական փայտիկ մահացածին հետ բերելու կամ անբուժելի հիվանդին բուժելու համար: Բժշկության մեջ բոլոր մասնագետներն էլ ունենում են անկանխատեսելի թերացումներ, կամ հաճախ դրանք բխում են հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունից, օրինակ` ցածր իմունային համակարգի առկայությունը և այլն:
Մարդիկ դժգոհում են բարձր գներից: Պետք է ձեզ լուսաբանեմ, հարգելի ժողովուրդ, որ Երևանի հիվանդանոցներում կան 2 տեսակի բժիշկներ: Առաջին տեսակին պատկանում են «դևերը», երկրորդ տեսակին շարքային բժիշկները: Առողջապահության նախարարը այդպես էլ մտքով անգամ չանցկացրեց, որ կարելի է կարգի բերել հիվանդանոցներում տիրող «ներքին խոհանոցը»: «Դևերը» սովորաբար առաջատար մասնագետներն են, որոնք իրենց գործում պրոֆեսիոնալ են և երկար տարիների փորձ ունեն: Նրանք դևի պես նստում են հիվանդների վրա ու մեծ փողեր պահանջում իրենց աշխատանքի դիմաց: Իսկ նրանցից առավել հրեշ են գլխավոր բժիշկները, ովքեր ոչինչ չանելով մեծ հարկեր են դնում իրենց մոտ աշխատող բժիշկների վրա ու ստրուկի պես աշխատացնում իրենց սեփական շահերի համար: Երևանի գրեթե բոլոր հիվանդանոցները պատկանում են այս կամ այն մարդուն և նրանք դա վերածել են սեփական բիզնեսի: Բժշկի պահանջած գումարի գերակշռող մասը կարող է կազմել նրա հիվանդանոցին «մուծվելու» գումարը: Իսկ դուք հաճախ տեղյակ չեք լինում այդ մասին ու «շան լափը» լցնում նրանց վրա:
Շարքային բժիշկներին այդ «դևերն» ու «հրեշները» թույլ չեն տալիս գումար վաստակել նորմալ կենսակերպի համար: Նրանք ամեն օր աշխատանքի են գնում հուսահատության ու հիասթափության զգացումով, նյարդայնացած իրենց դժվար կյանքի համար` սովորել 11 տարի, ամեն օր տեսնել հիվանդ ու նվնվացող մարդկանց ու պահել հոգեկան հավասարակշռություն, տեսնել դաժան մահեր ու այդքանից հետո ուժ գտնել ապրելու սովորական կյանքով: Այս բոլորին էլ գումարվում է մարդկանց անբարեհաճ վերաբերմունքը:
Հայաստանի մարզերում բժիշկներն աշխատում են խղճուկ գումարների դիմաց ու ստանում խղճուկ աշխատավարձներ, իսկ մեծ ու կլորիկ գումարները գնում են պետության գանձարան, որոնք սպառվում են մեր պետական այրերի կողմից շատ կասկածելի նպատակներով:
3. Եթե դուք կարծում եք, որ Հիպոկրատի երդում տված բժիշկը պարտավոր է հոգևորականի պես ճգնել /թեև մեր հոգևորականները չեն ճգնում/ և բավարարվել մի կտոր չոր հացով, ապա չարաչար սխալվում եք: Բժիշկները հնուց ի վեր եղել են հասարակության ամենահարգված ու բարձր խավի ներկայացուցիչները: Ժամանակին, երբ հոգևոր արժեքները դեռևս արժեք էին համարվում, նրանց ձեռքերի վրա է պահել ժողովուրդը, քանի որ նրանց շնոհիվ մարդու կյանքը կարելի է երկարացնել թեկուզև ամենաչնչին հիվանդության դեպքում: Ուստի, մեր բժիշկները, իչպես նաև մնացած ինտելիգենցիան, ՊԵՏՔ է լավ ապրեն: Իսկ եթե ոչ նրանք, ապա ովքե՞ր: