Այսօր գեղանկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է. մարդ, ում ստեղծագործական ժառանգությունը XX- րդ դարի Մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 - 1936 թթ. Փարիզում ստեղծած իր արվեստով Քոչարը դասվեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորվեց եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Քոչարը հիմնադիրն է Տարածական նկարչության /Peinture dans lespace/` պլաստիկ - գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: 1936թ. Քոչարը ներգաղթում է ԽՍՀՄ: Նրա ստեղծագործության Երևանյան շրջանի հանճարեղ փայլատակումներից են՝ Էքստազ, Պատերազմի արհավիրք կտավները, ժողովրդական էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, Զվարթնոցի արծիվ, Մելանխոլիա, Կիբեռնետիկայի մուսա, Վարդան Մամիկոնյան քանդակները և Երևանի խորհրդանիշը դարձած Սասունցի Դավիթը :Հայ մեծ հանճարի ծննդյան օրվա առիթով ներկայացնում ենք քանդակագործի մտերիմ ընկեր, Երևանի նախկին քաղաքապետ ԳրիգորՀասրաթյանիհուշերը Երվանդ Քոչարի մասին: ՄԵԾԵՐԸ ՄԵԾԵՐԻ ՄԱՍԻՆ Գրիգոր Հասրաթյան-Երվանդ Քոչար Ես նրան երկրպագում էի դեռ աշակերտական տարիներից: Երբ անցնում էր քաղաքի փողոցներով՝ երկար մազերով, բուրավետ ծխամորճով, ձեռնափայտով, քայլվածքով ու պահվածքով գեղեցկություն էր սփռում շուրջը: Տարբեր էր ամեն ինչով, անգամ դեմքի արտահայտությամբ, որ կարծես ի լուր ամենքի հայտարարում էր, թե մոտ է արարման պահը: Երվանդ Քոչարի հետ ծանոթացա 1957 թվականին: Կառավարությունը որոշում էր ընդունել մայրաքաղաքում կառուցելու Սասունցի Դավթի արձանը. ես այդ ժամանակ Երևանի գործկոմի նախագահի տեղակալն էի: Գուրգեն Փահլևանյանից հանձնարարական ստացա հեղինակի հետ մշակելու, պլանավորելու անելիքներն ու սկսելու աշխատանքները: Հաջորդ օրն ինձ մոտ եկավ Քոչարը՝ տիկնոջ՝ Մանիկի հետ. մենք մանրամասն ծրագրավորեցինք անելիքները, և երբ անցա վարձատրման չափի ու ձևի հարցերին, ինձ զարմացրեց նրա խուսանավելը, կարծես դա իրեն չէր վերաբերում: Մաեստրոյի ցուցումով անհապաղ սկսվեցին աշխատելու համար անհրաժեշտ շինության և արձանի մետաղական կմախքի կառուցման աշխատանքները, որոնք ավարտից հետո մեծանուն քանդակագործը, մանրազնին ստուգելով կառուցվածքի բոլոր հանգույցներն ու չափերը, մի պահ կանգնեց, խաչակնքեց ու բարձրացավ տախտակամածի վրա: Օրնիբուն նա կերտում էր երևակայության մեջ խոյացող Դավթի պատկերը. հոգում բռնկված հրդեհը կարծես զրկել էր նրան հանգստի զգացողությունից: Վեջապես հասավ երանելի օրը, երբ մաեստրոն իջավ տախտակամածից, երկար զննեց արձանի բոլոր մասերն ու արձանն՝ ամբողջապես: Լուռ էր, գունատ, խորասուզված մտքերի մեջ: Ես ոչ մի րոպե և ոչ մի քայլ չէի հեռանում նրանից: Նախքան պղնձյա թիթեղների վրա դրոշմելը, արձանի գիպսե բնօրինակը հանրապետության անվանի արվեստագետների ու մտավորականների մասնակցությամբ դրվեց քննարկման: Ինձ անասելի զարմանք պատճառեց, որ մեր երկու մեծանուն վարպետները բացասաբար արտահայտվեցին: Բայց Ղուկաս Չուբարը, Ռուբեն Զարյանը, Նաիրի Զարյանը, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը և ուրիշներ չհամաձայնեցին նրանց հետ՝ շատ բարձր գնահատելով ստեղծագործությունն ամբողջապես: Քննարկման ընթացքում իմ հայացքը գամված էր Մաեստրոյի դեմքին: Նա լուռ էր, անվրդով, սակայն մեծ խորհուրդներով էին լեցուն աչքերը: Երբ ձայն վերցրեց, հիմնովին հերքեց ընդդիմախոսներին. ես ծայրահեղ լարված լսում էի և զգում, որ աստիճանաբար իմ միջից ցնդում է տագնապը՝ հատկապես, երբ նա մեծ արվեստագետին հատուկ լայնախոհ ընդհարացումներով ապացուցեց ընդդիմախոսների անտեղյակությունը ցույց տալով, որ նրանք էպոսային ըմբռնումը շփոթում են պատմականի հետ և չգիտեն, որ էպոսը հիպերբոլա է: Բոլորին ճանապարհելուց հետո մենք մնացինք երկուսով. Նա ասաց. «Գուլոջան, եթեԱստծոձեռքըկպելէճակատիդևունեսոգի՝միբանկստեղծես: Դաէանարդարաշխարհիարդարությունը»։ Այն տարիներին, երբ Քոչարը ստեղծում էր «Սասունցի Դավիթը», ոչ հարմարավետ արվեստանոց ուներ և ոչ էլ նյութական ապահովվածություն: Բայց նա հրաշք էր արարում: «Սասունցի Դավիթ» արձանը պետք է գնահատվի որպես ոգու բռնկում: Քոչար-արվեստագետը այդ ստեղծագործությամբ հարաբերեց պահը անվախճանության հետ: Նա հրաշունչ ոգով միանգամից կերտեց գիպսե արձանն այնպիսի կատարելությամբ, որ հետագայում ոչ մի փոփոխման և շտկման կարիք չեղավ: Արձանի բարձրարվեստ ոճավորված ծավալաձևերը, լուսաստվերի կախարդիչ խաղով դիտողի մեջ անսահման հիացմունք և հոգեկան հուժկու լարում են հարուցում: Զգացումունքների դրամատիզմը արձանին հաղորդում է շռնդալից թափ, ներքին հզոր ուժ և մոնումենտալ հնչողություն: Հայ քանդակագործության մեջ մի ուրիշ այսպիսի վեհաշուք գործ հայտնի չէ, ուր բացառվում է ամենաչնչին խոտորումն անգամ: Զարմանալի ճշմարտությամբ գտնված է ամեն ինչի տեղն ու չափը: Դիտելով արձանը, հավատում ես Դավթին, նրա առասպելական ուժին՝ Քոչարը կերպարը կերտել է որպես ժողովրդի երազանքի մարմնավորում, որպես անպարտելիության և գոյատևման կոչ: Գիպսե բնօրինակից պղնձյա թիթեղների վրա փոխադրելու-դրոշմելու համար Քոչարի պահանջով Լենինգրադից վեց ամսով հրավիրվեցին վարպետներ: Հեռահար նպատակ էլ կար, որ մեր մասնագետները նրանց հետ աշխատելով ձեռք կբերեն մոնումենտալ արձաններ իրականացնելու կուլտուրա: Չանցած մեկ ամիս, տեղի ունեցավ անհավատալին՝ մեր «անփորձներն» այնպես վարպետացան, որ նրանց առկայությամբ հյուրերն անիմաստ համարեցին մնալը: Աշխատանքի ավարտից հետո Մաեստրոն առաջատար վարպետին շնորհեց «Վարպետաց վարպետ» տիտղոսը: Արև անունով գեղեցկատես, բարձր շնորներով օժտված երիտասարդ էր՝ բյուր ափսոս, որ նա էլ բռնեց արտագաղթի ճանապարհը: Արձանի ամողջական մանրամասն չափագրությունը իրականացրեց Ռուբեն Արազյանը: Երկրաչափական որոշակի ձև չունեցող արձանի ծավալը նա բաժանեց հազարավոր երկրաչափական անկախ մասերի և ամեն մեկի համար կատարեց հաշվարկ: Այդ տարիներին հաշվողական տեխնիկա գոյություն չուներ, նա այդ հսկայածավալ գործը կատարեց մտքի ու կամքի գերլարումով և աշխատանքը հանձնեց ժպտադեմ, անշահախնդիր, որպես նվեր: Կոնստրուկտոր Ռոբերտ Մանուկյանի ջանքերով հաշվարկվեց արձանի մետաղական հիմնակմախքը, որի վրա հավաքվեց և ամողջացած խոյացավ Սասունցի Դավթի արձանը: Արձանի ստեղծման առաջին իսկ օրից մինչև տեղափոխման, տեղադրման, պատվանդանի կառուցման ավարտը մեծ և անուրանալի է Հովհաննես Շահապունու վաստակը: Անմեռաց է այն, ինչ տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ սպիտակ ծածկոցը ցած քաշվեց Դավթի արձանի վրայից: Կախարդվեց բազմությունը, և հանկարծ բռնկվեց հիացական ծափերի ու խանդավառ բացականչությունների որոտը: Անպատմելի է, թե ինչ տեղի ունեցավ. մարդիկ անվերջ ու անդադար գրկախառնվում էին Քոչարի հետ, համբուրում ձեռքերն ու ճակատը, ծնկի գալիս: Երբ ասպարեզ եկավ աշնակցիների պարի խումբը, ժողովրդի ոգևորությունն ավելի ահագնացավ. կատարվեց անսպասելին՝ հուշարձանի շուրջբոլորը ինքնաբուխ բացվեցին հյուրասիրության սեղաններ. մարդիկ խնդրում էին բաժակ բարձրացնել, միանալ իրենց և կիսել ուրախությունը: Տարիներ անց Մաեստրոն տիկին Մանիկի հետ այցի եկավ՝ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի կառուցման հարցով: Նա լիովին հիմնավորեց դրա անհրաժեշտությունը: Ես այդ մասին տեղեկացրեցի Անտոն Քոչինյանին և, հակառակ կործանարար ժամանակների դաժան պահանջների, նա տվեց իր համաձայնությունը, որը մեծ ուրախություն և ստեղծագործական բուռն ոգևորություն առաջացրեց Քոչարի մեջ: Իսկ երբ սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, սկիզբ առավ նաև ահաբեկչական մեղադրանքների տարափը: Ես այդ բոլորը թաքցնում էի Մաեստրոյից՝ նրա միտքն ու եռանդը չկոտրելու համար: Անգամ որոշ մութ ուժեր դադարեցնում էին ֆինանսավորումը՝ մերթ ընդ մերթ արգելակելով աշխատանքների ընթացքը, արձանը համարելով ազգայնականության դրսևորում: Ես շատ ժամանակ զբաղվում էի մեղադրանքներ հերքելով, «ընդհատակյա» պաշտպան ունենալով Քոչինյանին: Մեղադրանքներ հարուցողներից էին նաև ինձ հետ աշխատող ղեկավար ընկերներից ոմանք: Երբ իմացանք այդ մասին, Մաեստրոն դառնացած հիշեց դասական ասույթը. «ՏերԱստված, փրկիրինձիմբարեկամներից, թշնամիներիսհետհաշիվներըկմաքրեմինքս»: Սակայն ոչ մի արգելք չէր կարող կասեցնել Քոչարի հոգու ստեղծագործական հաղթարշավը, որի գոյությամբ նա կերտեց Վարդան Մամիկոնյանի արձանը, որպես ալեհեր պատմության միջից խոյացած անպարտելիության մարմնավորում: Քոչարը մեր ծանոթության ամբողջ ընթացքում հույժ անհրաժեշտության դեպքում անգամ անձնական որևէ խնդրանք չունեցավ, բայց չափազանց խստապահանջ էր ստեղծագործելու հարցերում: Արձանի բացման ժամանակ ես ազատված էի աշխատանքից, անգործ՝ հեռվից դիտողի վիճակում էի: Սակայն Քոչարի թափանցող մտքից ու սուր աչքից ոչինչ անտես չէր մնում: Հանդիսավոր արարողությունից հետո տիկին Մանիկի հետ եկավ գտավ ինձ: Հուզիչ էր նրա մարդասիրությունը, հոգու վեհությունը: Հիշեց Փարիզի իր հովանավորին ու քաջալերողին, հիշեց այնպիսի ջերմությամբ ու պատկառանքով, ու երբ մեր հայացքները հանդիպեցին, նա, մի պահ լռելուց հետո, մտքաշաղախ ասաց. «Դավաճանությունիցավելիվատէերախտամոռությունը: Եվգիտե՞սինչու, որովհետևդաօտարիարարքչէ, դաքեզնովբախտավորվածուերջանկացածմարդուարարքէ»: «Գիտեսումնկարնէ», - հարցրեց: «Կինսէ, մնացՓարիզում։Երբեքչեմկարողմոռանալնրան, Գուլոջան: Սերըկոնկրետէ, աստվածային, հոգունպատկանյալ, դրահամարէլանմոռացէ: Մոռացվումէվերացականնումոգոնածը, ինչպեսձերկուսակցությանպատմություննէունրափիլիսոփայությունը. ինչքանսովորեք, ինչքանէլկրկնեքուտքնեք, միևնույնէ, չեքհիշելու»: Թանգարանի բացման նախօրյակին ես հանդիպեցի տիկին Մանիկին. նա հուզված էր ու անտրամադիր: Հետո իմացա պատճառը. կենտկոմի մի ինչ-որ աշխատող պահանջել էր ցուցադրությունից հանել իմ նկարը: Տիկին Մանիկը պատասխանել էր, որ առանց այդ նկարի թանգարանը չի բացվի, և թանգարանը բացվեց անփոփոխ ցուցադրությամբ: Քիչ արվեստագետների հետ չէ, որ շփվել ու մտերիմ եմ եղել, բայց այլ էր Երվանդ Քոչարը: Նա, եթե կարելի է ասել, մտքամատակարար արվեստագետ էր. տեսնելու, զգալու, ընկալելու և արտահայտելու եզակիորեն հզոր ու ինքնատիպ կարողության տեր էր, հենց իր լինելիությամբ մայրաքաղաքի մտավորականության վրա մի պայծառ երանգ էր ավելացնում: Քոչարի ապրած ստեղծագործական կյանքը մի ուսանելի դաս է այն մասին, որ իսկական մեծությունները խառը ժամանակներում էլ չեն խոնարհվում, չեն շեղվում, գիտակցում են, թե ինչն է մշտնջենականը, հաստատունը, և հոգու ամրությամբ պաշտպան են կանգնում արվեստի լավագույն արժեքներին: Նյութը տպագրվել է ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրում:
Երվանդ ՔՈՉԱՐԻ ծննդյան օրն է. Գրիգոր ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ նրա մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet