98 կողմ, 2 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունները: Այս նախագծով առաջարկվում էր էականորեն նվազեցնել երթեւեկության խախտումների դեպքում տրանսպորտային միջոցների տուգանքների չափերը:
ԱԺ-ն հաստատեց նաեւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ուղղակի պետք չէ քվեարկել, քանի որ այնտեղ գտած ձեւակերպումներն ուղղակի անհեթեթություններ են:
Այժմ ԱԺ-ում շարունակում են քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության ներկայացրած փոփոխությունները:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մինչ հարցը կուղղեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ասաց.
«Եթե երեկ լիներ՝ մեկ հարց ունեի. գիշերները լավ քնում եք, թե՞ չէ»:
Ապա պատգամավորը նշեց, որ այսօր հարցերի ծավալը մեծացել է. «ՍԴ-ում քննարկումներին մասնակցեցիք, իսկապես գտնու՞մ եք, որ, եթե «պարտադիր» կուտակայինը փոխենք «սոցիալական նպատակային վճար» բառով, դրանից պարունակությունը փոխվում է: Երկրորդ, ՍԴ որոշման իրավական դիրքորոշումներում հստակ ամրագրված է, որ կայուն սոցիալական պաշտպանության համակարգն անհրաժեշտություն է ձևավորում՝ պետություն, գործատու, աշխատող եռամասնությամբ ապահովել անձի կենսաթոշակային իրավունքը: Ձեր բերված փաթեթում՝ բացի նվազագույնից, որտե՞ղ է գործատուն մասնակցում: Երրորդ, ՍԴ-ում ամրագրված էր նաև, որ ԱԺ-ն և Կառավարությունը պատշաճ հսկողության և վերահսկողության մեխանիզմներ պետք է գործադրեն: ԱԺ-ն որտե՞ղ պետք է մասնակցի՝ վերահսկողություն սահմանելու հարցում»:
«Հանգիստ քնելու համար նախ պետք է ասեք՝ երեկվա ու այսօրվա միջև ի՞նչ տարբերություն կար: Մեր աշխատանքն ամեն օր տևում է 8-14 ժամ և դրանից հետո դժվար է լինում չլուծված խնդիրների պարագայում հանգիստ քուն ունենալ: Ինչ վերաբերում է «պարտադիր» և «սոցիալական նպատակային վճար»-ի տարբերությանը, ապա, եթե իրոք ցանկություն կա՝ դիտարկել տարբերությունը, նշեմ, որ պարտադիր կուտակային վճարը անձի աշխատավարձից պահվում էր և առանց պետական բյուջե փոխանցվելու գնում էր ակտիվները կառավարողներին: ՍԴ որոշումը հենց այս դրույթին է անդրադարձ կատարել: Իսկ «սոցիալական նպատակային վճար»-ը համապատասխանեցված է սահմանադրական իրավունքի տեսանկյունից: «Սոցիալական նպատակային վճար»-ը լրացուցիչ կենսաթոշակ է ապահովում»,-պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Նախարարի խոսքով՝ գործատուների մասնակցությունը ցանկացած պարագայում կա: «Աշխատավարձից անվանական կատարվող վճարումներն ի վերջո գործատուի կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ են»,-նկատեց Արտեմ Ասատրյանը:
Անի Կարապետյան