Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ելույթ է ունեցել Ադրբեջանի Գաբալա քաղաքում կազմակերպված թյուրքալեզու երկրների գործարար համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովում: Նա նշել է, որ թյուրքական աշխարհի նոր տրանսպորտային հաղորդակցման նախագծերը փոխում են տարածաշրջանային հավասարակշռությունը, ինչպես նաև ժամանակակից «մետաքսի ճանապարհի» ստեղծմամբ թյուրքական աշխարհի բարօրությունը հսկայական առաջընթաց կգրանցի:
Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Գյուլը, թյուրքական պետությունների դիվանագիտական խնդիրներին անդրադառնալիս ասել. «Պետք է վերջ դրվի բռնազավթմանը: Թյուրքալեզու երկրների հաջորդ գագաթնաժողովը միասին Ղարաբաղում անցկացնելու մեծ ցանկություն ունեմ»:
Ըստ թուրքական «Ինտերետհաբեր» լրատվական կայքի` Աբդուլնահ Գյուլի խոսքերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենասեղմ ժամկետներում խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա պետք է լուծվի:
«Դրա համար մենք կշարունակենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Ադրբեջանին». փոխանցում է Ermenihaber-ը:
Իսկ azatutyun.am-ի հաղորդմամբ Գյուլը ելույթում հատուկ ընդգծել է. «Հուսով եմ, որ կգա մի օր, երբ մենք բոլորս կհավաքվենք Լեռնային Ղարաբաղի քաղաքներից մեկում»:
Համաժողովի տանտիրոջ կարգավիճակով հանդես եկող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, դիմելով իր թյուրքալեզու գործընկներներին, նշել է, որ խորհրդի անդամ պետությունները միջազգային կառույցներում մշտապես աջակցում են միմյանց: Այդ առումով ղարաբաղյան հիմնախնդիրը ևս բացառություն չէ:
«Մեր պետություններն իրենց նպաստն են բերում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործին: Չնայած դրան, Ադրբեջանի միջագգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը խաթարված է, հայկական կողմը ադրբեջանցիների դեմ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն, խախտվել են միջազգային բոլոր նորմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծումը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա: Այս մոտեցումը տեղ է գտել նաև մեր գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում»,-հայտարարել է Իլհամ Ալիևը:
APA գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայի գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հայտարարության 13-րդ կետում նշված է․-«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային անվտանգությանը խոչընդոտող գլխավոր գործոններից մեկն է: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը կողմ է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված ցանկացած քայլին, պայմանով, որ դրանք ենթադրեն Ադրբեջանի` միջագայնորեն ճանաչված սահմանների պահպանումը»:
Ի դեպ, այս հայտարարության տակ ստորագրած երկու պետությունները` Ղազախստանն ու Ղրղըզստանը, Հայաստանի դաշնակիցներն են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում,-գրում է azatutyun.am-ը: