Սամվել Ֆարմանյանի այսօրվա հայտարարությունը Ազգային ժողովում
Տևական քննարկումներից հետո օրեր առաջ հայտարարվեց մեր երկրի որոշումը` Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Մի կողմ դնելով հանգամանքը, որ հասարակությունը, քաղաքական ուժերը դեռ լիարժեք պատկերացում չունեն նման որոշման հիմքում ընկած բոլոր փաստարկների ու մեր երկրի ունեցած ակնկալիքների մասին, մի կողմ թողնելով աքսիոմատիկ ճշմարտությունը, որ, ինչ էլ այսօր ասենք, նման բախտորոշ որոշումների սխալականությունը կամ ճշմարտացիությունը անաչառորեն գնահատվում են բացառապես ապագա զարգացումների, պատմական լայն համատեքստում, այսօր արդեն կարելի է մի քանի նկատառում ներկայացնել.
1.Մեր հասարակությունն այսօր անտարբեր է երկրի զարգացման երկարաժամկետ հեռանկարների ընտրության հարցում, ինչը մտահոգիչ է: Քաղաքական ուժերի, գործիչների ու հոսանքների, հասարակական շրջանակների մինչ օրս հնչեցված դիրքորոշումները, անգամ նման բախտորոշ հարցի շուրջ, առավելապես հետապնդում են պահի քաղաքական շահը, խարսխված չեն երկրի հեռանկարային զարգացման անկեղծ պատկերացումների վրա և որոշ դեպքերում նույնիսկ ածանցյալ են արտաքին պարտավորություններից ու հաշվարկներից, ինչը նույնպես մտահոգիչ է:
2. Հարցի շուրջ քննարկումները կրկին սրել են մեր հավաքական մտածողության մեջ առկա դարավոր մտասևեռումը, որ Հայաստանի Հանրապետության գոյությունը պայմանավորված է այս կամ այն գերտերության թևի տակ մտնելու, կամ-կամի տրամաբանությամբ վաղ թե ուշ պատմական անխուսափելի ընտրութուն կատարելու հրամայականով: Զարմանալի է՝ պատմությունը ինչքան պետք է մեզ պատժի, որպեսզի մենք մեկնընդմիշտ հասկանանք, որ սեփական շահերն ունեցող և բացառապես սեփական շահերով առաջնորդվող աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունների բախման կիզակետում հայտնվելը երբեք չի բերել ու չի բերելու մեր շահերի առաջմղմանը:
3. Պակաս մտահոգիչ չէ հանգամանքը, որ նման որոշումը երբեմն անգամ դիտարկվում է խաղաղության ու պատերազմի այլընտրանքի համատեքստում, ինչը, նախ հեռու է իրականությունից, և երկրորդ, շեղում է հանրային ուշադրությունը բուն խնդրից՝ գոյություն ունեցող կամ ձևավորվելիք որևէ համակարգին ինտեգրումը ինքնաբերաբար չի լուծելու մեր երկրի, պետականության առջև ծառացած մանրումեծ խնդիրները, չի ապահովելու մեր անվտանգությունը: Մեր հարցերի լուծումը բացառապես մեր ներսում է, մեր ձեռքերում է և ինտեգրացիոն որևէ գործընթաց չպետք է շղարշի մեր` բոլորիս պատասխանատվությունը մեր ապագայի հարցում:
4.Եվ վերջում. ապագայի զարգացման ինչպիսի հեռանկար էլ մենք ընտրենք, դա պետք է լինի մեր ընտրությունը, պետք է բխի մեր շահերից: Այս համատեքստում անընդունելի և դատապարտելի է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Գլազևի՝ Հայաստանի Հանրապետության Կալինինգրադի մարզի հետ հայտնի համեմատությունը: Մեր պետական արժանապատվությունը վիրավորող նման հրապարակախոսության հեղինակը նախ պետք է հասկանա, որ այսպիսի աճպարարությամբ միայն վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, և ապա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից հրապարակային խոսքում ոչ ճիշտ բառապաշար ընտրելու համար: