ՈՒԵՖԱ-ն վերջերս հրապարակել է լայնածավալ հաշվետվություն անդամ երկրների ֆուտբոլային լիգաների վերաբերյալ: VivaroNews.am-ը ուսումնասիրել է այն ու բացահայտել մի շարք հետաքրքիր փաստեր հայկական ֆուտբոլի մասին: Գնացինք.
1. Լիգայի կառուցվածքը
Ընդհանուր առմամբ՝ ի տարբերություն 2000-ականներին, երբ ազգային առաջնություններում թիմերի ավելացման միտում կար, այժմ հակառակ պատկերն է: 2002-07թթ. 16 լիգաներ ավելացրել էին իրենց մասնակիցների թիվը՝ 707-ից դարձնելով 733: Հաջորդող՝ 2008-2016թթ. բարձրագույն լիգաներում խաղացող ակումբների թիվը կրկին նվազել է մինչև 706-ի:
Հայաստանի Բարձրագույն խումը Եվրոպայի միակ բարձրագույն լիգան է, որի ընթացքում թիմերը միմյանց հանդիպում են 6 անգամ:
Բարձրագույն լիգաների մասնակիցների թվի փոփոխությունները 2014-2017թթ.:
2. Գարուն-աշո՞ւն, թե՞ աշուն-գարուն
Եվրոպական 64 լիգաներից միայն 12-ն են պահպանել գարուն-աշուն ձևաչափը: Վերջինն այս ցանկին միացել է մեր հարևան Վրաստանը, որը 2016թ. աշնանը խաղարկեց 3-ամսյա անցումային առաջնություն: Իսկ Հայաստանը վերջինն էր, որ անցում կատարեց աշուն-գարուն ձևաչափի:
3. Գավաթի խաղարկության ձևաչափեր
Եվրոպական երկրների մեծ մասում, այդ թվում Ալբանիայում, Իսլանդիայում, Մալթայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, գավաթի խաղարկություններին մասնակցում են 32 թիմ: Ադրբեջանում, Ֆարերներում, Ջիբրալթարում, Վրաստանում, Ղազախստանում, Լիտվայում, Լատվիայում, Սլովենիայում ու Իտալիայում (2-րդ փուլով) գավաթի խաղարկությունները սկսում են 16 թիմ: Սան Մարինոյում մասնակիցների թիվը 15-ն է, Կոսովոյինը՝ 14-ը, և միայն Անդորրայում, Լիխտեյնշտեյնում ու Հայաստանում են դրանք անցկացվում 8 թիմով: Սա այն թվերն են, որ ուղարկվել են ՈՒԵՖԱ, իսկ իրականում Հայաստանի գավաթի խաղարկությանն այս տարի մասնակցեցին միայն 7 թիմ, քանզի «Էրեբունին» հրաժարվեց պայքարից, իսկ «Կոտայքը» հասցրեց անցկացնել միայն 1 խաղ: Շատ դժվար է հուսալ, որ հաջորդ մրցաշրջանում կունենանք ավելի շատ մասնակից: Վերջում, ևս մեկ անգամ տխրելու համար նշենք, որ Նորվեգիայում գավաթի խաղարկություններին մասնակցում են 128, Սլովակիայում՝ 124, իսկ Հունգարիայում՝ 116 թիմ:
Բավականին հետաքրքիր տարբերակներ կան նաև գավաթի խաղարկությունների ձևաչափերում: Շատ երկրներում այն անցկացվում է խմբային փուլերով, որտեղ թիմերը կազմում են 4-5 մասնակից ունեցող խմբեր, իսկ ապա նոր խաղում փլեյ-օֆֆում: Այս ձևաչափը որոշակիորեն նման է Չեմպիոնների լիգային: Հաշվի առնելով, որ մոտակա տարիներին
4. Սահմանափակումներ
Հայաստանի առաջնությունում նախորդ մրցաշրջանում դեռ գործում էր դարպասապահների սահմանափակումը, և մեր երկիրը միակն էր, որտեղ նման կանոն էր գործում: Հիմա այն արդեն հանվել է, իսկ «Շիրակն» առաջին թիմն էր, որ օգտվեց դրանից ու իր կազմում ընդգրկեց ռուս դարպասապահ Վսեվոլոդ Երմակովին:
Նշենք, որ երկրների մեծ մասում կիրառվում է լեգեոներների սահմանափակումներ, բայց մեծ մասամբ դրանք էական դեր չեն խաղում: 18 լիգաներում գործում է լեգեոներների սահմանափակման ռեժիմ, ևս 16 երկրներում դա կիրառվում է ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար: 4 լիգաներում պարտադիր պայման կա ունենալու տվյալ երկրի քաղաքացի համարվող ֆուտբոլիստներ, իսկ Ավստրիայում ակումբները նույնիսկ պարգևավճարներ են ստանում Ավստրիայի քաղաքացի կամ մինչև 18 տարեկանը Ավստրիայում մարզված ֆուտբոլիստներ ունենալու համար: Չեխական ակումբները պարտավորված են դաշտում մշտապես նվազագույնը 4 չեխ ֆուտբոլիստ ունենալ, իսկ գերմանական ակումբները պետք է մշտապես պայմանագիր ունենան նվազագույնը 12 գերմանացիների հետ:
5. Հաճախելիություն
Նախորդ մրցաշրջանում Եվրոպայում դիտվել է հաճախելիության լուրջ աճ: Ընդհանուր առմամբ, եվրոպական մարզադաշտերում երկրպագուների թիվը 2,6 մլն մարդով ավելի է եղել քան նախորդ մրցաշրջանում՝ կազմելով 170 մլն մարդ:
Մեզ հետ կապ չուներ, այնպես չէ՞: Մեզ հետ կապ չունի նաև այն, որ 14 լիգաներում նախորդ մրցաշրջանում ռեկորդային հաճախելիություն է գրանցվել նախորդ 10 տարիների համար: Այդ 14-ի թվում են Ադրբեջանը, Էստոնիան, Լյուքսեմբուրգը, Սան Մարինոն… : Այնուամենայնիվ, նշենք որ Հայաստանում ևս գրանցվել է աճ՝ ավելի քան 20% 2014/15-ի նկատմամբ, սակայն հանդիսականների թիվն ի սկզբանե այնքան քիչ է եղել, որ նույնիսկ այդ աճն ինչ-որ էական բան չի փոխել հայկական մարզադաշտերում:
Առավել հետաքրքիր է մեկ այլ վերլուծություն, համաձայն որի՝ հայկական ակումբների երկրպագուներն ամենազգայունն են իրենց թիմի ցուցադրած արդյունքների նկատմամբ: Այսպես, աղյուսակում 3 հորիզոնական նահանջելու դեպքում հայկական ակումբները կորցնում են հանդիսականների մոտ 47%-ը: Սա ամենաբարձր ցուցանիշն է ողջ Եվրոպայում, ընդ որում, այն ահավոր բարձր է, որովհետև Հայաստանից հետո հաջորդ վատագույն ցուցանիշներ ունեցող Վրաստանում և Մոլդովայում նույն ցուցանիշը 27% է: Սա նշանակում է, որ Հայաստանում երկրպագուները ամենաանհավատարիմն են ու լքում են մարզադաշտերը իրենց թիմի վատ ելույթների դեպքում: Նշենք, որ Իսպանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Թուրքիայում, Պորտուգալիայում և Բոսնիա և Հերցեգովինայում թիմերի՝ 3 հորիզոնական նահանջելու դեպքում պակասում են երկրպագուների միայն 1%-ը:
Մեր նյութի հաջորդ մասում կանդրադառնանք հիմնականում ակումբների ֆինանսական ցուցանիշներում ու շատ հետաքրքիր բացահայտումներ կանենք:
Կարեն Ռաֆայելյան