▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա

Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վաշինգթոնում, Բրյուսելում ու Երևանում տարակուսում են, թե ինչո՞ւ է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպումը շատերի մոտ անհանգստություն առաջացնում։ Պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Նման միջոցառումները Ռուսաստանում մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով։ Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլ Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա տեղափոխմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի ոչնչացմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ է Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Չէ՞ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ դարձնում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին»,- գրել է Զախարովան։

***

Ապրիլի 1-5-ը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը կմիանան Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպմանը՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Եվրոմիության աջակցությունը Հայաստանի տնտեսական կայունությանը: Այս մասին մարտի 27-ի երեկոյան լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

Նա չի բացառել, որ Ադրբեջանի հետ կապված հարց կարող է ծագել զրույցի ժամանակ, սակայն «դա բրյուսելյան հանդիպման նպատակը չէ»։ «Բրյուսելում կայանալիք հանդիպմանը հիմնական ուշադրությունը կհատկացվի Հայաստանի տնտեսական կայունությանը, որն աշխատում է իր առևտրային գործընկերությունը դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ»,- ասել է Միլերը։

Միլերը չի համաձայնել Ադրբեջանի այն հայտարարությանը, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է կիսեն այդ հանդիպումից հետո հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը»։ «Այս հանդիպման ուշադրության կենտրոնում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել հումանիտար կարիքները։ Ես չեմ հասկանում՝ ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրում»,- նշել է դիվանագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее