Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ոչինչ պետք չէ ակնկալել: Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ REGNUM-ի հետ զրույցում:
Նա շեշտել է, որ հանդիպումից հետո ոչինչ չի փոխվի, կամ լավագույն դեպքում անորոշ ու լղոզված հայտարարություն կստորագրվի:
Քաղաքագետի խոսքով՝
«Որևէ նախադրյալ գոյություն չունի, որ այս հանդիպումը տարբերվելու է նախորդ հանդիպումներից: Փոփոխություններ չեն լինի, ինչպես և չեն եղել նախորդ հանդիպումների արդյունքում: Բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ փակուղի են մտել»:
Հարցին, թե ինչ նախապայմաններ են անհրաժեշտ, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցվի, իսկ նախագահների հանդիպումները որևէ արդյունք տան. Քաղաքագետը պատասխանել է.
«Անհրաժեշտ են շարժառիթներ: Այս պահի դրությամբ՝ հակամարտության երկու կողմերի հետաքրքրությունները համընկնում են միայն ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու հարցում: Այս հարցում բանակցության գործընթացը և նախագահների՝ ժամանակ առ ժամանակ հանդիպումները նպաստում են: Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը և Հայաստանը ավելի ծանրակշիռ շարժառիթներ ունենան, քան առանձնազրույցներն են: Արժեքների մասինն կարող են մտածել Գերմանիան, Ֆրանսիան, իսկ հետխորհրդային երկրներում դա այնքան էլ ողջունելի չէ: Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Վրաստանը պրագմատիզմ են փնտրում: Որպեսզի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կագավորման գործընթացում առաջընթաց լինի, անհրաժեշտ է, որ երկու կողմերն ունենան ընդհանուր հետաքրքրություններ, օրինակ՝ ֆինանսատնտեսական շահը: Գոյություն ունի մեկ այլ տարբերակ ևս՝ արտաքին ճնշումը: