▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ռուսական ռազմաբազա. պաշտպանությո՞ւն, թե՞ սպառնալիք

Ռուսաստանի հակառակորդները Հայաստանի թշնամիները չեն: Որո՞նք են բազայի գործառույթները Հայաստանի շահերի տեսանկյունից

 

Հայաստանում սկսել է հաճախակի անհանգստություն հնչել երկրում ռուսական ռազմաբազայի առկայության և դրա գործառույթների ու պարտավորությունների անորոշության կապակցությամբ: Դրան վերջերս գումարվեց նաև տարածաշրջանում ռազմական և հակաահաբեկչական գործողություններին բազայի ներգրավվելու սպառնալիքը, որում Հայաստանը շահագրգռված չէ:

102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանի ամենահյուսիսային քաղաքում՝ Գյումրիում, Թուրքիայի հետ սահմանին մոտ: Բազան մտնում է ռուսական ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ, միևնույն ժամանակ 2016թ-ից, միջպետական պայմանագրի համաձայն, այն Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմի մեջ է մտնում: Հազիվ թե ինչ-որ մեկը որոշակիորեն կարողանա ասել, թե որոնք են այդ բազայի գործառույթները Հայաստանի շահերի տեսանկյունից: Բազան կտրականապես չի միջամտում հայ-ադրբեջանական հակամարտությանը: Բացի այդ, Ռուսաստանի քաղաքական ղեկավարները չեն հայտարարում Հայաստանի վրա Թուրքիայի կողմից հարձակվելու դեպքում բազան գործարկելու պատրաստակամության մասին:

Ավելին, 2015թ-ի նոյեմբերին, երբ թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական ինքնաթիռը Սիրիայի երկնքում, և Մոսկվան հայտարարեց Անկարայի հետ ռազմաքաղաքական կապերի խզման մասին, թուրքական ինքնաթիռները ցուցադրական-հետախուզական թռիչքներ էին իրականացնում Հայաստանի երկնքում:

Ոչ հայկական հակաօդային պաշտպանությունը, ոչ ռուսական բազայի ուժերը, ոչ ռուս սահմանապահները, որոնք պահպանում են Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը, քայլեր չձեռնարկեցին ոչ բարեկամ ուղղաթիռների նկատմամբ: Իսկ դա բերում է այն մտքին, որ ռուսական բազան Հայաստանի դաշնակիցը չէ նրա գլխավոր պոտենցիալ սպառնալիքների՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում:

Փոխարենը Հայասատնում բազայի գործունեությունը կապված է հարբած ռուս զինվորների բազմաթիվ պատմությունների հետ, որոնք կռիվներ, հրաձգություն են իրականացրել, որոնց զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ: Առավել աղաղակող դեպք տեղի ունեցավ 2015թ-ի հունվարի 12-ին, երբ ռուս զինվոր Վալերի Պերմյակովը գնդակահարեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին հենց իրենց տանը: Ռուսական կողմը ստիպեց Հայաստանին դատական նիստերն անցկացնել 102-րդ ռազմաբազայի տարածքում և կտրականապես հրաժարվում էր հայկական արդարադատությանը հանձնել Պերմյակովին:

Գյումրին 2015թ-ի հունվարին ալեկոծվում էր. հայ իրավապահներին հազիվ հաջողվեց հավաքվածների՝ բազա ներխուժելու և ինքնադասատան կազմակերպելու փորձերը կասեցնել:

Հենց այդ ժամանակ Հայաստանում սկսեցին բացահայտ կոչեր հնչել բազան դուրս բերելու մասին, որն իսկական պատուհաս է դարձել խաղաղ բնակչության համար:

Ի վերջո Պերմյակովը հայկական դատարանի առջև կանգնեց և 2016թ-ի օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման Ավետիսյանների ընտանիքի սպանության համար: Իսկ Գյումրիում ՌԴ կայազորային ռազմական դատարանը սպանության քրեական գործից առանձնացված գործով դրանից դեռևս մեկ տարի առաջ՝ 2015թ-ի օգոստոսի 12-ին Պերմյակովին մեղավոր էր ճանաչել ՌԴ ՔՕ երեք հոդվածով՝ դասալքություն, զենքի հափշտակություն, դրա ապօրինի կրելը, և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

Հայստանում ռուս զինվորականների իրագործած այլ հանցագործությունների մասին կարելի է կարդալ այստեղ:

Այն ժամանակ կրքերը հաջողվեց հանդարտեցնել, ավելին, հայկական կառավարությունը բազային նոր կառույցներ և տարածքներ տրամադրեց՝ շարունակելով վճարել բազայի բոլոր կոմունալ և անգամ տրանսպորտային ծախսերը: Հատկանշական է, որ Ռուսաստանը Հայաստանին բազայի տեղակայման համար չի վճարում: Սակայն չի էլ բացատրում, թե Հայաստանի ինչին է այն պետք՝ գլուխն ազատելով «հավասարակշռության պահպանման համար» ոչինչ չասող արտահայտությամբ:

2016թ-ի ապրիլի 2-ին Ադրբեջանը Ղարաբաղի դեմ ագրեսիայի փորձ արեց, և թեև 4 օրից հաշտությունը ստորագրվեց Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք բարձրացավ՝ այն օգնության պատճառով, որը Մոսկվան անթաքույց տրամադրել էր Ադրբեջանին: Կրկին սկսեցին հնչել կոչեր երկրից դուրս բերել բազան, որը ոչ մի կերպ չարձագանքեց ագրեսիայի այս փաստին: Ինչո՞ւ մենք պետք է վճարենք օտարերկրյա բազայի համար, եթե վտանգի պահին այն մեր կողքին չի կանգնում. այս հարցն այդ օրերին հաճախ էին տալիս:

Գրեթե մեկ տարի անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն արեց, որը Հայսատանում ընկալեցին որպես անվտանգության հերթական սպառնալիք:

«ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերն ու Հայաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները պատրաստ են ցանկացած պահի դիմակայել “Իսլամական պետություն” էքստրեմիստական խմբավորման ահաբեկիչներին”, – հայտարարել է Սերգեյ Լավրովը “Միր” հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

INFO: ՀԱՊԿ-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ տարածքում դեռևս 1992թ-ին վերջինիս փլուզումից հետո: Վրաստանն, Ադրբեջանն ու Ուզբեկստանը շատ արագ լքեցին կազմակերպության շարքերը, և այժմ ՀԱՊԿ 6 անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Հայտարարությունը Հայաստանում ոչ միանշանակ ընդունվեց: Քաղաքագետ Գագիկ Համբարյանըհայտարարեց, որ ծայրահեղ անհանգստացած է հայտարարությամբ. «Առաջին հերթին, Լավրովը պետք է Հայաստանի անվտանգության 100% երաշխիքներ տա բազան ԻՊ դեմ օգտագործման դեպքում: Իսկ նման երաշխիքներ պարոն Լավրովը չի կարող տալ: Բացի այդ, ցանկանում եք կռվել ԻՊ-ի դե՞մ, խնդրեմ, սակայն ոչ Հայաստանում, որովհետև Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ոչ մի կապ չունի ԻՊ հետ:

Դա վերաբերում է նաև դրան, որ երկրի տարածքը չի մտնում ահաբեկչական կազմակերպության գործողությունների գոտու մեջ և ԻՊ կազմում Հայաստանի քաղաքացիների առկայությանը: Հարևան Վրաստանում և Ադրբեջանում նման խնդիր կա, ինչպես նաև Ռուսաստանում. այդ երեք երկրների քաղաքացիները կռվում են ահաբեկչակաան կազմակերպության կողմից: Իսկ Հայաստանը պետք է հեռու մնա դրանից»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ Լավրովի հայտարարությունում հիմնական սպառնալիքն այն է, որ Հայաստանն ակամա դառնում է ուրիշների պլանների մաս. «Ոմանք ասում են, թե իբր հենց ռուսները գնան, թուրքերը կներխուժեն Հայաստան: Հայաստանում, ցավոք, ոչ ոք չի ցանկանում քննարկել, թե անվտանգության ինչ համակարգ է ենթադրվում, և ընդհանրապես, արդյո՞ք մենք կարող ենք ինքնիշխան որոշումներ կայացնել, թե՞ ցանկացած պահի մեզ կարող են ներգրավել ուրիշների պլանների մեջ: Իրականում Ռուսաստանը ԻՊ հետ պայքարին ներգրավում է ոչ թե բազան, այլ Հայաստանը: Հայաստանը Ռուսաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործիք է»:

Սակայն այլ կարծիքներ էլ կան: Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների հակված քաղաքական գործիչները կոչ են անում դրանում սպառնալիքներ չփնտրել:

ՀԱՊԿ Արագ արձագանքման  հավաքական ուժերի գործառույթի մեջ մտնում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի տարր. ստորաբաժանումները կարող են գործարկվել այդ ուղղությամբ, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը.

«Ի՞նչ կապ կա ԻԼԻՊ-ի և Հայաստանի միջև: Հիշեցնեմ, որ Սիրիան այնքան էլ հեռու չէ, իսկ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում… Տեսականորեն նշված գործառույթներն ամրագրված են համաձայնագրերով, և անհրաժեշտության դեպքում բոլոր ռեսուրսները կարող են օգտագործվել»:

Tert.am-ին Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ասել է, որ հայտարարությունն ավելի շուտ ֆորմալ բնույթ է կրումՍակայն նա կարծում է, որ եթե խնդիրներ առաջանան, ապա հարավային մասում տեղակայված ռուսական ռազմաբազաներն անպայման կմասնակցեն այդ գործողություններին. «Եթե ԻՊ-ն հասնի այս տարածք, ապա ոչ միայն ռուսական ռազմաբազան, այլ նաև Հայաստանի ԶՈւ ստիպված կլինեն մասնակցել պայքարին»:

Ուրեմն ի՞նչ խնդիրներ է լուծում ռուսական ռազմաբազան Հայաստանում, և ի՞նչ է փոխվել Հայ-ռուսական միասնական զորքերի խմբավորմանն անդամակցելուց հետո:

Միասնական խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանիխոսքով, խմբավորումը պատրաստ է չեզոքացնել պոտենցիալ սպառնալիքը թուրքական կողմից. «Եթե թուրքական կողմից սպառնալիք լինի, մենք կկանգնենք թշնամու ճանապարհին: Դա ամրագրված է փաստաթղթերում»:

Խոսելով այն մասին, թե արդյոք խմբավորման հնարավորությունները տարածվում են Ադրբեջանի կողմից անվտանգության սպառնալիքների վրա, Անդրանիկ Մակարյանը նշեց, որ դա քաղաքական հարց է: Այն հարցին, թե արդյոք Պուտինը կարող է իրենց արգելել գրոհել, գեներալը պատասխանեց. չի կարող: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք վստահություն կա, որ ռուսական բազան կենթարկվի հրամանին, գեներալը նշեց. բոլորը պետք է կատարեն փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները:

Ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ ԱԳՆ-ն, ոչ պաշտպանության նախարարությունը չարձագանքեցին Սերգեյ Լավրովի հայտարարությանը և չմեկնաբանեցին Հայաստանի համար հնարավոր սպառնալիքներն այն դեպքում, եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան հանկարծ ինչ-որ տարածաշրջանային կամ գլոբալ գործողությունների մեջ ներգրավվի Միացյալ զորքերի կամ ՀԱՊԿ կազմում: Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր հակառակորդներ ունեն, և այդ պայմաններում միասնական ուժերի գործարկումը խնդրահարույց է դառնում:

Ոչ մի երկիր ՀԱՊԿ-ի համար հակառակորդ չէ, հայտարարել է Սերգեյ Լավրովը

«Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. «ՀԱՊԿ զարգացման ռազմավարությունում ոչ մի հիշատակում չկա այն մասին, որ որևէ երկիր կամ պետություն, կամ կազմակերպություն մեր հակառակորդն է: ՆԱՏՕ-ի անդամներն, ընդհակառակը, Ռուսաստանն ընկալում են որպես երկիր, որը հակառակորդ, սպառնալիք է, և ամեն կերպ ձգտում են նսեմացնել այն ամենի կարգավիճակն ու նշանակությունը, ինչ անում է ՀԱՊԿ-ը»:

Ընդ որում, Հայաստանը ՆԱՏՕ-ին իր հակառակորդը չի համարում, իսկ ՆԱՏՕ-ն Հայաստանին գործընկեր է անվանում, նրա հետ մի շարք նախագծեր է իրականացնում և համատեղ վարժանքներ անցկացնում:

Հայ քաղաքագետներն անհանգստացած են նաև նրանով, որ ռուսական իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները կարող են ավտոմատ կերպով Հայաստանին ՆԱՏՕ-ի, Արևմուտքի կամ այլոց թշնամի դարձնել, որոնց հետ պաշտոնական Երևանը ոչ մի խնդիր չունի:

Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ արտացոլեն խմբագրության դիրքորոշումը:

 

Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее