Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը հարձակում սկսվեց Քեսաբի թուրքական սահմանի ողջ երկայնքով: Թուրքական տասը ՀՄՄ-ներ (БМП) հատեցին թուրք-սիրիական սահմանը: Բազմաթիվ տանկեր նույնպես: Ուժգին հարձակում սկսվեց սիրիական բանակի դիրքերի վրա: Հարվածներն ուղղված էին հատկապես Սեւ Աղբյուրի եւ Քեսաբի բարձունքի վրա գտնվող սահմանային պահակակետերին: Թուրքական հրթիռները հարվածեցին Քառասունհինգ կոչվող բարձունքի սիրիական բանակի դիրքը:
Ականատեսների վկայությունները ներկայացրել է «Հորիզոնը»՝ հղում անելով Գանձասարին:
Թուրքական մեքենաներով հազարավոր զինյալներ ու մեծ քանակությամբ զինամթերք բերվեց Սև Աղբյուրի սահմանի ուղղությամբ: Զինամթերքը թուրք զինվորները բաժանեցին զինյալներին: Այսպիսով՝ հարձակման ճանապարհը թուրքական կողմը պատրաստեց: Զինյալները չեչեն, աֆղանստանցի, լիբիացի և մեծ թվով թուրքմեններ էին: Հարձակումը սկսվեց Քեսաբի բարձունքից: Հազարավոր զինյալներ կայծակի արագությամբ ներխուժեցին նախ Սև Աղբյուր, ճեղքեցին անցան սահմանի պահակակետը:
Գործողությունների ընթացքը ակնհայտ դարձրեց, որ տեղի ունեցածը զինյալների սովորական հարձակում չէր, այլ գերազանց կազմակերպված, ուղղորդված եւ ղեկավարված բանակի գործողություն:
Մենք գիշերը հետևում էինք սահմանի ամբողջ երկայնքով կատարվող գործողություններին: Առավոտյան ժամը 5-ին սկսվեց հարձակումը: Առաջին պայթյունը լսվեց Քեսաբի բարձրունքից եւ այլեւս չդադարեց: Հարձակվողները հրետանու երեք հարվածներով փլեցին Քեսաբի բարձունքի սիրիական սահմանակետը: Դրանից հետո գործողությունները շատ արագ ընթացան: Մենք, ելնելով իրավիճակից, սկսեցինք վտանգված շրջաններից կանանց ու մանուկներին տարհանել: Մեր ընկերներից մեկը ձերբակալվեց և հրաշքով ազատվեց: Զոհ չունեցանք:
Զինյալները հատուկ մարզված ուժեր էին: Եթե քեսաբցիներս զգացած չլինեինք սահմանի վրա եղած շարժը եւ ժամանակին մարդկանց տարհանած չլինեինք, կրկնվելու էր Ըսլընֆէի ջարդը:
Քեսաբում բնակչություն չկա: Այն ամբողջությամբ հայաթափված է՝ իր ավանով և 12 Գյուղերով:
Հազարավոր խաղաղասեր և աշխատասեր քեսաբահայեր դարձան գաղթական ու անտուն, արմատախիլ եղան իրենց պատմական բնակավայրից, որտեղ ապրել էին, արյուն-քրտինք թափել, քարից հաց քամել, մշակույթ կերտել: Լաթաքիայի հայությունը գրկաբաց ընդունեց գաղթական քեսաբահայերին: Սակայն քեսաբահայերին անորոշ օրեր են սպասվում:
Ո՞վ կարող է կանխատեսել գալիք օրերը: Ինչո՞ւ զարմանալ, երբ հայի դժբախտության պատճառը միշտ նույնն է` Թուրքը. ամոթ քաղաքակիրթ աշխարհին: