▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմը հերթական անգամ ցույց տվեց իր անօգնական լինելը

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը, որը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:

«ԵԽԽՎ-ն այսօր չէ, որ այդ տեսակի է: Առաջին տարին չէ, որ մեր ԱԺ-ն գնում և մասնակցում է այդ նիստերին: Իսկ ամենակարևորն այն է, որ վաղուց պետք է ունենայինք մի ինստիտուտ, որը կաշխատեր պատգամավորների հետ: Այդպես էլ չգտան ձևը՝ աշխատելու այն ոլորտում, որը կոչվում է պառլամենտական դիվանագիտություն: Ու պետք չէ վերջում զարմանալ, այլ անհրաժեշտ է նախապես աշխատել: Ոչ մի օղակ պատշաճ ձևով չի աշխատել ու հերթական անգամ ցույց տվեցին իրենց անօգնական լինելը: Եվրոպայում բացակայում է նաև հայկական լոբբին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը նկատում է.

«Վերջին 21 տարիների ընթացքում մենք չենք կարողացել գոնե ինչ-որ առումով փոփոխություն մտցնել այս հարցին, որն է՝ ոչ թե հայկական ուժերն են զբաղեցրել իրենց չպատկանող տարածքները, այլև հակառակը: Վեճը  սկսել է Ադրբեջանն ու մասամբ տանուլ է տվել վիճելի համարվող տարածքը: Մենք այս պարզ բանաձևն անգամ չենք կարողացել շրջանառության մեջ դնել: Սա քաղաքականություն է ու իրավական փաստաթուղթ չէ, որ ընդունվում են: Ինձ ցույց տվեք մի որոշում, որն առաջարկվել է հայկական կողմից և ընդունվել է: Հազար անգամ ասել եմ՝ նստաշրջանին մասնակցող խմբի հետ պետք է աշխատեն փորձագիտական խմբեր, նրանց հետ փորձագետ պետք է գնա, ոչ թե մի ուրիշ բան: Ադրբեջանը դա անում է: Նա կարողանում է իր սուտը առաջ տանել: Քաղաքականության մեջ ամեն մի փաստաթուղթ դառնում է փաթեթի ևս մեկ նյութ, որը գործընթացի համար ծանրակշիռ փաստարկ է դառնում Ադրբեջանի համար:  Քաղաքականության մեջ սուտը մեկ դարից ավել կարող է աշխատել: Վատն այն է, որ չենք կարողանում տեղ հասցնել իրականությունը»:

Լարիսա Ալավերդյանը շտապեց տեղեկացնել, որ այսօր ԵԽԽվ-ում ավարտել է իր գործունեությունը Ռոբերտ Ուոլթերը.

«Եվ սա ոչ թե իր «կարապի երգն է», այլ ագռավի կռռոցը»,-նկատեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Նշենք, որ զեկույցի նախագիծը ԵԽԽՎ քննարկմանը կներկայացվի 2016 թվականի ձմեռային նստաշրջանին։ 

Անի Կարապետյան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը, որը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:
Բանաձևի նախագծում, ըստ հանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրության, Մինսկի խմբին է կոչ արվում պլենար նիստ անցկացնել և Լեռնային Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի ինչպես անվտանգությունը, այնպես էլ ներքին ինքնակառավարումը, ինչպես նաև համաձայնեցված միջանցք բացել Հայաստանի և ԼՂ-ի միջև ու վստահության ամրապնդմանն ուղղված այլ քայլեր կատարել, այդ թվում՝ դեպի Նախիջևան մուտքի թույլտվություն։
Հանձնաժողովը անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի ԼՂ-ի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»։ Կոչ անելով զերծ մնալ բռնություններից՝ նախագծում առաջարկ է հնչում նաև հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։
Զեկույցի նախագիծը ԵԽԽՎ քննարկմանը կներկայացվի 2016 թվականի ձմեռային նստաշրջանին։ ԵԽԽՎ զեկույցները ունեն խորհրդատվական բնույթ և պարտադիր կատարման ենթակա չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее