ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Արման Մելիքյանի, Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, գրողներ Վահան Տերյանի, Պարույր Սևակի, դերասան Մհեր Մկրտչյանի ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ Հովհաննես Ազոյանի, ՌաֆայելՂազանչյանի, Հասմիկ Կարապետյանի, Սիրուշոյի, Նազենի Հովհաննիսյանի և այլոց ծաղրանկարները այսօր մեկտեղվել էին երիտասարդ ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսում:
«Նկարներիս հերոսները այն մարդիկ են, ովքեր ինձ մուսա են տվել: 200 նկարներից ընտրել եմ 40-ը, և ցուցահանդեսը ոչ թե ինձ, այլ` նկարներիս համար է, որպեսզի դրանք ավելի հայտնի դառնան»- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հեղինակը: Երիտասարդ հեղինակին ծաղրանկարչությունը հնարավորություն է տալիս իր մտքերը նկարներում ազատ արտահայտել:
«Ծաղրանկարչությունը չի թողնում մնալ կաղապարների մեջ. նկարի մեջ կարող ես արտահայտել բնավորության բոլոր գծերը, թե վատ և թե լավ կողմերը»,- նշեց նա: Տ.Հակոբյանը քննադատություններից չի խուսափում և անհամբերությամբ դրանց է սպասում: «Ինձ համար շատ կարևոր է քննադատություններ լսելը. քննադատությունն է, որ ստիպում է ինձ ավելի լավ նկարել: Երբեմն ավելի հաճելի է քննադատություններ լսելը, քան` միայն հաճոյախոսություններ»,- ընդգծեց նա:
Ծաղրանկարիչը նշեց նաև, որ առաջարկներ արտերկրից շատ են լինում, և առաջիկայում, գուցե, լինի ցուցահանդես արտերկրում, բայց մինչ այդ նա Երևանում կայանլիք իր հաջորդ ցուցահադեսին է պատրաստվում, որը սյուռեալիզմի ուղղությամբ կլինի:
Ծաղրանկարչության հիմնադիրը համարվում է Լեոնարդո դա Վինչին` իր գրոտեսկային ոճի նկարներով: Ծաղրանկարչության իմաստը պատկերված հերոսի կամ երևույթի թերի ու բացասական կողմերի վերհանումն է երգիծանքի միջոցով: