Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են անվերջ քննարկել ու հարվածի տակ պահել օրեր առաջ Հայաստանից քաղաքական ապաստան հայցած Ջավիդ Օրուջևին և իր ընտանիքին:
Կայքերից մեկը, բնականաբար ժխտելով Օրուջևի հայտարարությունը, թե իրեն ճնշել են, անդադարձել է նրա կենսագրությանը՝ նշելով, որ վերջինս ծնվել է 1976թ-ին: Իբր նրա հայրը ժամանակին ապրել է Շուշի քաղաքում, իսկ Արցախյան պատերազմի տարիներին նա 16 տարեկան է եղել: Հոդվածագիրը վստահ է, որ վերջինիս մտքով երբեք չի անցել պայքարել իր «հայրենիքի» համար և, հավանաբար, բանակում էլ չի ծառայել: Ապա նշում է, թե փախստականը մի անգամ ամուսնացել է մոր խորհրդով, ապա ամուսնալուծվել: Ներկայիս կնոջ հետ ծանոթացել է ինտերնետով: Ըստ կայքի՝ վերջինս նախկինում ամուսնացած է եղել:Հոդվածագիրը նշում է, որ Օրուջևի ընտանիքը միշտ երազել է ապրել արտերկրում՝ հատկապես Նորվեգիայում:
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ անկեղծ ուրախ է ստեղծված իրավիճակի համար, ապա հավելում. եթե նա ընտրել է մի երկիր, որը «օկուպացրել» է իր հայրենիքի մի հատվածը, արժանի չի, որ իր մասին խոսեն:
Հիշեցնենք, որ Ս.թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ: