Հայաստանի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը ոչ միայն տարաբնույթ մեկնաբանություններ ստացավ ընդդիմադիր ուժերի շրջանում, այլև հենց ՀՀԿ-ի ներսում: Խնդիրը բացարձակապես նրանում չէր, որ ՀՀԿ-ում կային որոշ շրջանակներ, որոնք դեմ էին Մաքսային միությանն անդմակցությանը, այլ նրանում, որ ինտեգրացիոն պրոցեսների հետ կապված` կուսակցության ղեկավարի գլխավոր մեսիջը ու ԵՄ պաշտոնական արձագանքը կուսակցությունում ոչ բոլորն էին ընկալել:
Ինչևէ, ունենք մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ից, որոշ պատգամավորների շուրթերով, դեռևս շարունակվում են հայտարարություններ հնչել այն մասին, թե «Ֆյուլեն չպետք է որոշի, թե մենք ինչ անենք, կամ Հայաստանն անպայման Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովին նախաստորագրելու է ԵՄ ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը»:
Ցավալիորեն պետք է փաստել, որ խորհրդարանական ուժերի որոշ ներկայացուցիչների հայտարարությունները ԵՄ պաշտոնական արձագանքի ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ խիստ անհամարժեք էին, որոշ դեպքերում՝ ոչ կոռեկտ, ինչը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչների մի մասն, առհասարակ, իրենց «տեղում չեն»:
Ստեղծված իրավիճակը բավականին անցանկալի է հենց միայն այն իմաստով, որ խորհրդարանը կարևոր քաղաքական մարմինն է, որն այս իրավիճակում պետք է «ապահովագրող ֆունկցիաներ» իրականացներ: Սակայն ունեցանք մի իրավիճակ, որ խորհրդարանը ստեղծված իրավիճակում ոչ միայն ի վիճակի չեղավ ճիշտ արձագանքելու նոր իրողություններին, այլև հերթական անգամ ապացուցեց, որ որակական առումով մեծ խնդիրներ ունի:
Իհարկե, որոշ քաղաքական ուժեր պարզաբանումների պահանջով փակ հանդիպում ունեցան ԱԳ նախարարի հետ, հայտարարություններ հնչեցին, մեկնաբանություններ տրվեցին: Միգուցե դրանք կարևոր էին առաջին արձագանքի առումով, սակայն ոչ ողջ գործընթացի կտրվածքով:
Ֆեյսբուք