Ղրիմի շուրջ ստեղծած իրավիճակը հստակ գնահատականների ու մեկնաբանությունների կարիք ունի։ Նկատում եմ, որ հայ քաղաքական միտքն այստեղ փորձում է չերևալ։ Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում և ի՞նչ գնահատականներ պետք է տալ Ղրիմի իրադարձություններին։ Ստորև հնչեցնում եմ որոշ գնահատականներ. ի վերջո 8 տարի է աշխատում եմ այդ հիանալի երկրում և շատ բաներ գիտեմ ոչ թե լսելով, այլ տեսնելով։ Այս ընթացքում մի քանի անգամ եղել եմ Մայդանում և կարծում եմ բավականին ծանոթ եմ մթնոլորտին։
Որո՞նք էին Մայդանի հիմնական պահանջները։
1. Յանուկովիչի հեռացումը ու կոռուպցիայի վերջ տալը։ Իհարկե, Ուկրաինայում կոռուպցիան հավանաբար Հայաստանի չափ չէր։ Այնտեղ, օրինակ, Հայաստանի պես ամեն մի օլիգարխի պատվերով օրենքներ չէին ընդունում։ Այնտեղ, օրինակ, Վերահսկիչ պալատի բերանը օրենքով չեն փակում։ Այնտեղ, օրինակ, հարուստների հարկային բեռը չի կարող ավելի թեթև լինել աղքատների հարկային բեռից։ Այնտեղ, օրինակ, օրենքով կարմիր գծեր չեն քաշում։ Հայաստանում այսօր տրամաբանորեն օրինական է այն, ինչն օրենքից դուրս է։ Եվ հակառակը՝ այն, ինչը կարգավորված է օրենքով, հաճախ ապօրինություն է։
2. Եվրոպական տնտեսական, քաղաքական և մշակույթային արժեքների հետ ինտեգրվելը։
Այս համատեքստում Մայդանում ծավալված շուրջ եռամսյա պայքարը չի ունեցել կրիմինալ, հակառուսական և կամ ազգայնական (բենդերական) բնույթ։ Ուկրաինական ժողովուրդը հստակորեն ձեռնամուխ է եղել իր տունը վերանորոգելու գործին։ Բոլոր այն տեսանյութերը, ռեպորտաժները, հոդվածները, որոնք ուկաինացիների կողմից անհանդուրժողականության, ազգայնական դրսևորումներ իբր թե փաստեր ան պարունակում՝ սուտ են։ Ուկարաինացիներն ընդհանրապես տոլերանտ ժողովուրդ են։ Անկախության տարիներից ի վեր այստեղ հայտնի չեն հակառուսական, հակաթաթարական, հակահրեական, հակաբելառուսական, հակալեհական կամ հակահայկական իրադարձություններ և/կամ ելույթներ։ Հայտնի չեն ազգային հողի վրա սպանություններ։ Եռամսյա պայքարի ընթացքում, թերևս, մեկ անգամ (2014-ի փետրվարի 23-ին) ներկայացվել է լեզվի մասին մի անհաջող օրենքի նախագիծ (այս նախագծով, մասնավորապես, մարզերը զրկվում են մարզային հանրաքվեի հիման վրա տվյալ մարզի տարածքում ուկրաիներենից բացի որպես պետական հռչակել երկրորդ այլ լեզու) և կոչեր են եղել ուկրաինական ուղղափառ եկեղեցուն (Կիևի պատրիարքան) միացնել նույն ուղղափառ եկեղեցու մոսկովյան պատրիարքարանին պատկանող որոշ մենաստաններ։ Երկրի հարավում և հարավ-արևելքում հակառուսական ելույթներ չեն եղել։ Այս ամենի ֆոնի վրա, իհարկե, տարակուսելի է ռուս ազգաբնակչության պաշտպանության հիմնավորմամբ Ուկրաինայի տարբեր ռեգիոններ զորքեր կամ երիտասարդ ակտիվիստներ ուղարկելը։
Բոլորովին այլ հարց է, սակայն, 2014-ի մարտի 6-ին ՂԻՀ պառլամենտի որոշումը՝ ՌԴ-ին միանալու մասով մարտի 16-ին հանրաքվե անցկացնելը։ Մեծ հաշվով Ղրիմը ինքնավար հանրապետություն է այն հիմքով, որ այնտեղ ապրող 2 մլն բնակչությունից 1.2 մլն-ը ռուսներ են։ Սա, իհարկե, այլ հարց է։ Ըստ իս ՂԻՀ ռուսները ինքնորոշման խնդիր են դնում։ Անկասկած, նրանք դրա իրավունքն ունեն։ Խնդիրը հար և նման է ԼՂՀ խնդրին։ Տարբերությունն այն է, որ Ղրիմի ռուսները ոչ թե անկախություն են ուզում, այլ ցանկանում են լինել ՌԴ կազմում։ Ինչպես հիշում ենք, 1989-ի դեկտեմբերի 1-ին նույնպես ՀՀ Գերագույն խորհուրդը հարգեց ԼՂՀ խորհրդարանի դիմումը և այն միացրեց Հայաստանին։ Հետագայում պատմական փորձը ցույց տվեց, որ ավելի ճիշտ է անկախություն հանրաքվե անցկացնել (ԼՂՀ-ում 1991-ի սեպտեմբերի 2-ին ընդունվեց Հռչակագիր, իսկ 3 ամիս անց՝ հանրաքվե)։ Սա իբր թե թույլ է տալիս հող ունենալ Ադրբեջանի հետ խնդիրը բանակցելու առումով։ Բացառված չէ, որ Ղրիմում ևս քաղաքական իրադարձությունների էվոլյուցիան պահանջի մարտի 16-ից բացի ևս մեկ (կամ մի քանի) հանրաքվե անցկացնել։ Մյուս տարբերությունն էլ այն է, որ Ղրիմում ուկրաինացիները երբեք չեն էլ փորձել ճնշել ռուսներին, կպնել նրանց ազգային ինքնությանը։ Ավելին, ՂԻՀ-ում ռուսերենը պաշտոնապես եղել է պետական լեզվի կարգավիճակում։
Հիմա, ի՞նչ կարող է պատահել մարտի 16-ից հետո։ Ուկրաինան պնդելու է, որ այդ հանրաքվեի արդյունքներն իրավական հիմք չունեն, քանի որ ըստ երկրի Սահմանադրության Ուկրաինայի տարածքները կարող են փոխվել միմիայն ամբողջ երկրով մեկ կազմակերպած հանրաքվեի արդյունքում։ Ռուսները պնդելու են, որ ինքնորոշման իրավունք ունեն ինչպես Կոսովոյի ալբանացիները, Արևելյան Թիմորը, Շոտլանդիան կամ Կատալոնիան։ Ի վերջո խնդիրը հանգելու է ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների բախմանը հնարավոր 3 տարբերակով. ՂԻՀ կարգավիճակը չի փոխվում, ՂԻՀ-ը դառնում է ՌԴ անքակտ մասը և ՂԻՀ ունենում է Սահմանադրություն ու կոնֆեդերատիվ հիմունքներում գոյակցում Ուկրաինայի ու/կամ ՌԴ հետ։ Ընդ որում բոլոր դեպքերում ՌԴ զորքերն այնտեղից դուրս են բերվում (Ղրիմն, ի վերջո, կարող ունենալ իր բանակը)։ Բանակի պարագան անհասկանալի է. ի վերջո ի՞նչ պետք է անի այստեղ զինված զորախումբը։ Թերակղզու քաղաքներում (Սիմֆերոպոլ, Յալթա, Ալուշտա, Ալուպկա, Սուդակ, Թեոդոսիա, Կերչ) հիմնականում ռուսներ են ապրում։ Ուկրաինացիները (500 հազ մարդ) համեմատաբար շատ են Կոկտեբել, Եվպատորիա, Սակի, Արմյանսկ քաղաքներում և թերակղզու արևմտյան հատվածի գյուղերում, ղրիմի թաթարները (300 հազ մարդ) հիմնականում ապրում են Բախչիսարայ և Ջանկոյ քաղաքներում, ինչպես նաև տափաստանային գյուղերում։ Այսինքն, այստեղ զորքով լուծելու հարցեր չկան։ Ի վերջո հաղթելու ինչ-որ փոխզիջումային տարբերակ։