Ողջ աշխարհում մանկական մահացությունը միայն կրծքով սնուցումը ապահովելով հնարավոր է կրճատել 10 տոկոսով: Սա փաստում են մասնագետները, որոնք միաժամանակ ներկայացնում են անհերքելի վիճակագրական տվյալներ` մանկական մահացության մեջ կրծքով սնուցում ստացածների խիստ փոքր թվաքանակով: Ըստ Հայաստանում 2005 թ. անցկացված հետազոտության` 0-1 տարեկան առողջ երեխաների խմբում կրծքի կաթով կերակրման հաճախականությունը 4 անգամ ավելի շատ է, քան նույն տարիքի մահացած երեխաների խմբում: Մահացած երեխաների խմբում բացառապես կրծքով կերակրման տևողությունը մոտ 5 անգամ ավելի կարճ (ընդամենը 1 ամիս) է, քան առողջ երեխաների խմբում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը վաղ հասակի երեխաների սնուցման 3 կանոն ունեն. բացառապես կրծքի կաթով կերակրել երեխային մինչև 6 ամիս, շարունակել կրծքով սնուցումը մինչև 2 տարի (եթե երեխան ուզում է), և հավելյալ սնունդ (ճաշեր, շիլաներ և այլն) տալ երեխային` 6 ամսականից սկսած: Վաղուց արդեն ապացուցված է, որ կրծքի կաթով կերակրվող երեխաներն ավելի քիչ են հիվանդանում շնչառական և մի շարք այլ հիվանդություններով (օրինակ` փորլուծությամբ, լեյկեմիայով), ավելի լավ են արձագանքում պատվաստումներին, մտավոր ավելի զարգացած են, ավելի հազվադեպ են ատամի կարիես ունենում, ավելի լավ տեսողություն ունեն, ավելի քիչ են մահանում հիվանդություններից, հետագայում ավելի քիչ են հիվանդանում բոլոր օրգանների քաղցկեղներով, սրտանոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով:
Սակայն անկախ գրեթե բոլոր հնարավոր միջոցներով հասարակությանը տրվող այս կարևոր ինֆորմացիայից, մանկական արհեստական կերերի բիզնեսը Հայաստանում ծաղկում է ու ծաղկում: Մինչ ողջ աշխարհում քարոզարշավներ են ծավալվում բնական սնուցման օգտին և ամեն կերպ արգելում կաթնախառնուրդների գովազդը, հայաստանյան ծննդատներում մանկաբույժները շատ հաճախ անձամբ են նպաստում դրանց վաճառքին և կաթնարտադրության հետ աննշան դժվարություններ ունեցող երիտասարդ մայրերին օգնելու փոխարեն, նրանց տևական ժամանակով կապում են արհեստական կերակրի հետ:
Ակնկալվում է, որ այս բնագավառում առկա բազմաթիվ խնդիրների պատասխանը պետք է տա վաղուց արդեն մշակված կրծքով սնուցման վերաբերյալ օրենքը, այն սակայն թեև բազմաթիվ անգամներ ներկայացվել է ԱԺ-ում, ինչ-ինչ պատճառներով մինչ օրս չի ընդունվել: Խոսքը «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին» օրենքի նախագծին է վերաբերում, որը տարբեր անգամներ, տարբեր անուններով կարևորվել, քննարկվել, շրջանառվել և ուղարկվել է լրամշակման, սակայն մինչ օրս չի ընդունվել:
Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի ներկայացմամբ` այս օրենքը առաջին հերթին հստակ ամրագրում է կրծքով սնուցման խրախուսման դրույթները, այսինքն` ստեղծում է օրենսդրական այնպիսի դաշտ, որը կնպաստի կրծքով կերակրմանը:
Օրինագծի հիմնական նպատակն է խրախուսել առնվազն մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով սնուցումը, քանի որ դա միակ և այլընտրանք չունեցող սնուցումն է երեխայի առողջության և աճի համար:
«Մասնավորապես, եթե մենք ասում ենք, որ բուժաշխատողը չպետք է համագործակցի կաթնախառնուրդ արտադրողի հետ, ապա դրա վերաբերյալ կոնկրետ միջազգային օրենսգրքի նորմը մեզանում իրավական ուժ չունի: Բայց եթե մենք դա ամրագրում ենք օրենքով, ապա նաև նախատեսում ենք դրա դիմաց պատժամիջոցներ և բժիշկը արդեն շատ լուրջ կմտածի` արժե՞ համագործակցել կաթնախառնուրդ արտադրողի հետ, թե՞ ոչ: Ի վերջո, կրկնվելու դեպքում բժիշկը կարող է նաև վարչական տույժի ենթարկվել, քանի որ Վարչական օրենսգրքում համապատասխան պատժամիջոցներ են նախատեսված»,- ասում է Կարինե Սարիբեկյանը և հավելում, որ օրենքն արգելելու է բուժաշխատողի և կաթնախառնուրդ արտադրող/ներմուծող կազմակերպությունների աշխատակիցների ոչ միայն համագործակցությունը, այլև նրանց մուտքը բուժհաստատություններ, այդ կազմակերպությունների կողմից ծրագրերի, գործողումների կազմակերպում, նրանց` ծնողների, մայրերի հետ աշխատանք և այլն: Անուղղակի գովազդ է դիտվելու նաև այն, երբ իրենք, ասենք, նվերներ բաժանեն, որոնց վրա առկա կլինի կազմակերպության լոգոն:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով` մի շարք պարտականություններ այս օրենքով սահմանվելու են առաջին անգամ: Օրենքը կանոնակարգելու է ոլորտում պետական կառավարման սկզբունքները, բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները: Մասնավորապես, բուժհաստատություններում արգելվելու է գովազդել կամ այլ կերպ խրախուսել որևէ արտադրողի արհեստական սնունդը: Օրինագիծը մշակողները լուրջ վտանգ են տեսնում այդ խրախուսման մեջ. ««Գովազդի մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ արգելում է գովազդել մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված արհեստական սնունդը, կերակրման շշերը, ծծակները: Մենք մի քայլ առաջ ենք գնացել: Ոչ միայն բժշկական հաստատություններում, ընդհանրապես օրենքի գաղափարախոսությունն է, որ արգելվում է մանկական սննդի և հարակից ապրանքների գովազդը: Գովազդի, խրախուսման, կամ ոչ ճիշտ տեղեկատվության վտանգն այն է, որ դա անմիջապես կարող է ազդել երեխայի, մոր առողջության վրա»,- ասում է Սուրեն Քրմոյանը` նկատելով, որ օրենքով արգելվելու են կաթնախառնուրդների վաճառքը բուժհաստատություններում, բուժաշխատողների կողմից դրանց գովազդը: Բացի մայր օրենքից` ներկայացվելու են փոփոխություններ նաև այլ օրենքներում, օրինակ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, «Ստուգումների մասին» օրենքում: Սա նշանակում է, որ առողջապահության նախարարությունը վերահսկողություն է իրականացնելու` առանց նախազգուշացման: Նախարարության տեսուչները իրավունք են ունենալու ցանկացած պահի մտնել առևտրի կետեր ու ծննդատներ և ստուգումներ անել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պատասխանատվություն է սահմանվելու և բժիշկների, և բուժհաստատությունների, և հեռուստաընկերությունների, և արտադրողների նկատմամբ:
ԱՆ աշխատակազմի ղեկավարի խոսքով` առաջին անգամ օրենքով կանոնակարգվել է նաև գործատուների պարտականությունը` ստեղծել համապատասխան վայրեր, որտեղ աշխատող կինը կկարողանա կրծքով կերակրել իր երեխային: Օրենքով մայրը և կարող է երեխային կերակրել աշխատավայրում, և կարող է գնալ տուն, կերակրել երեխային ու վերադառնալ աշխատանքի, եթե ուզում է: Օրենքը կանոնակարգելու է նաև այն դեպքերը, երբ մայրն ի վիճակի չէ կրծքով կերակրել երեխային, կամ երեխան բժշկական ցուցումներով լրացուցիչ և հավելյալ սննդի կարիք ունի:
Սակայն Կարինե Սարիբեկյանի խոսքով` 95% դեպքերում ոչինչ չի խանգարում, որ մայրը իր երեխային կերակրի կրծքի կաթով. բնությունը բոլոր մեխանիզմները ստեղծել է: «Այսօր Հայաստանում երեխաների մոտ 80%-ը կուրծք է ուտում: Մենք 95%-ին չենք հասել: Դրանք ավելի շատ հոգեբանական, անվստահության, կաթնախառնուրդները վաղ տալու խնդիրներ են: Գիտելիքների, հմտությունների պակաս է: Խնդիրներ կարող են լինել կանանց առավելագույնը 5%-ի դեպքում, երբ հակացուցված է կրծքով կերակրումը: Իրենց երեխաներին կրծքի կաթով չեն կարող կերակրել միայն ժառանգական, բնածին հազվագյուտ հիվանդություններ, քաղցկեղային հիվանդություններ ունեցող կամ ՄԻԱՎ վարակակիր մայրերը:
Հեղինակ` ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀԱՅԱՑՔ օրաթերթ