«Մեր դատական համակարգը շատ վատ վիճակում է: Զարմանում եմ մեր ԱԺ-ի բոլոր խմբակցությունների անտարբերության վրա, որովհետև սա վերաբերում է բոլորին»,-ԱԺ-ում ցավ հայտնելով կիսադատարկ դահլիճի համար՝ ասաց պատագմավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Եթե մենք չունենանք ինքնուրույն դատական իշխանություն, այս երկրում որևէ առաջընթաց բացառում եմ: Մարդը նախ և առաջ պետք է պաշտպանված լինի անաչառ դատարանի կողմի»,-նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ արդեն ավանդույթ է դարձել, որ կառավարությունը պետաիրավական հանձնաժողովի արած դիտողությունների հետ համաձայնում է, ընդունում, բայց, նորից բաժանվում է մի տեքստ, նախագիծ, որտեղ իրենց բարձրացրած շատ հարցեր, որ ընդունվել են, ասում են՝ կանենք՝ առաջինից երկրոդ ընթերցում:
«Այսինքն, մենք մի քայլ առաջ էինք գնում, փորձում էինք առաջին ընթերցմանը շատ թե քիչ համաձայնեցված նախագիծ ներկայացնել, որի հիման վրա կարելի էր կատարել բարելավման աշխատանք, այդ փուլը անտեսում ենք և այն պայմանվորվածությունը, որը ձեռք էր բերվել հանձնաժողովում, «վաճառում» ենք երկրորդ ընթերցման ժամանակ»,-ասաց Գ.Ջհանգիրյանը՝ շարունակելով.
«Մենք ստեղծեցինք դատավորների ընդհանուր ժողովի կազմում էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով: Իսկ, ի՞նչ արեցինք այդ հանձնաժողովների հետ: Նրանց հանեցինք արդարադատության խորհրդի կազմից: Մենք վարույթ հարուցող մարմնին դուրս հանեցինք հարցը լուծող մարմնի կազմից. «Հոնքը շտկելու փոխարեն աչքն էլ հանեցինք»:
Եթե կարծում էինք, որ Արդարադատության խորհուրդը վճռաբեկ դատարանի նախագահի համար դարձել է մամլիչ մարմին՝ ցանկացած դատավորի ինքնուրույնությունը ճնշելու համար, մենք սրանով այդ խնդիրը չլուծեցինք: Ավելին, վատթարացրեցինք էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների անկախության խնդիրը: Հիմա էլ ստեղծում ենք ևս մեկ մարմին՝ գնահատման հանձնաժողով. «ջրից դուրս ենք գալիս, ընկնում ենք ջրհորը»: Դատական համակարգում այսօրվա ստրկատիրական կարգերը փոխում ենք ճորտատիրականով: Ինչո՞ւմ է ստրուկի և ճորտի տարբերությունը: Ստրուկը հողին կպած չէր, ճորտը կպած էր: Հիմա դատավորներին կպցնում ենք իրենց զբաղեցրած աթոռին: Ասում ենք՝ այ, որ դու մնաս այստեղ, պետք է քեզ տարին մեկ քանակական գնահատեն, 3 տարին մեկ՝ որակական: Խելոք կմնաս՝ էթիկան քո նկատմամբ վարույթ չի հարուցի և այլն»,-եզրափակեց պատգամավորը:
Անի Կարապետյան