ASEKOSE.am–ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանը:
- Մանկության տարիների ամենահաճելի հուշը, որը միշտ Ձեր հիշողության մեջ է:
- Մանկությանս ամենալավ հուշը, երևի թե, Զատկի գիշվա հետ է կապված, երբ հայրս մեր հասակից ավելի բարձր շոկոլադե ձու նվիրեց: Ես և եղբայրս խենթացել էինք այդ շոկոլադի մեծության վրա:
- Մարդ կամ մարդիկ, ովքեր դեռ մանկուց Ձեզ հետ են և որոշիչ դեր են ունեցել Ձեր բնավորության ձևավոման հարցում:
- Մնացել է միայն մայրս, բոլորն էլ գնացել են, բայց, երևի, տատս ինձ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել. իր պատմած պատմություններով է միայն, որ հասկացել ենք, թե ինչ է մարդկությունը, ինչ է կրոնը, ինչ է հայությունը: Անշուշտ հայրս էլ շատ է վրաս ազդեցություն թողել:
- Ինչի՞ց են առավել հաճախ Վալերի Գործունյանի դեմքի մկանները հաճելիորեն լարվում:
- Ես շատ հեշտ եմ ուրախանում: Նախ մտածում եմ, որ մարդիկ բարևելիս միշտ պետք է ժպտան, դա կյանքին շնորհակալություն հայտնելու մի ձև է, որ դուք առողջ եք և ապրում եք ազատ, շնորհակալություն պետք է ասել, որ ժպտալ կարողանաք ամեն օր: Սիրում եմ ընկերությունը, սիրում եմ գեղեցկությունը և մեծ բախտ ունեմ ապրելու, երևի թե, աշխարհի ամենասիրուն քաղաքում` Փարիզում ու շատ եմ ուրախանում, երբ տունս լցվում է ընկերներով, հյուրերով:
- Վալերի Գործունյան` կին, ով տարիներ շարունակ ընկերություն է ղեկավարել: Բնավորության ո՞ր հատկանիշներն են Ձեզ օգնել հասնել և հարմարվել ղեկավարի աթոռին:
- Երևի թե, իմ ամենալավ հատկանիշը մարդասեր լինելն է ու ամենքին հավասար մոտենալն է: Իմ բոլոր գործընկներներն ինձ համար հավասար էին ու կարծում եմ` դա ինձ բերեց հարգանք իմ գործընկերների կողմից, ովքեր անշուշտ չէին ուզում խաբել ինձ:
- Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու բարդույթը: Իսկ նա, ով կարողանում է ներողություն խնդրել…
- Ասում են` ով ներողություն է խնդրում, արդեն իսկ կիսով չափ ներված է:
- Իսկ Վալերի Գործունյանը հե՞շտ է ներում:
- Քանի որ ես Աստված չեմ, պետք է ներեմ, բայց կյանքում մի բան կա, որ չեմ ներում. դա դավաճանությունն է` և անձնական կյանքում, և ընկերության մեջ: Չեմ կարող ներել, նամանավանդ, երբ ես անկեղծորեն նվիրվում եմ այդ մարդկանց, բայց իրենք դավաճանում են:
-Նա հիասթափվում է, երբ…
- Հիասթափվում եմ այդ դավաճանությունից: Ինչքան էլ ինձանից ներողություն խնդրեն, ես չեմ ներում: Ասեմ Ձեզ` դժբախտաբար ես շատ անգամ, նամանավանդ իմ անձնական կյանքում, խորը հիասթափություններ եմ ապրել, բայց որոշ ժամանակ անց նորից ոտքի եմ կանգնել` չնայած խորը դեպրեսիայի, որն իմ մեջ այլևս չապրելու ցանկություն էր արթնացնում:
- Երբևէ «հայտնվե՞լ եք» դատարկության մեջ:
- Անշուշտ դատարկությունն այն է, երբ հասկանում ես, որ քո սիրած անձնավորությունը խաբել է քեզ և դավաճանել: Երբ դա իմանում ես, դատարկություն ես զգում ու այդ վայրկյաններին մտածում ես` ինչու՞ եմ ապրում…
- Ձեր բնավորության ո՞ ր գիծը կնվիրեիք Ձեր թշնամուն:
-Երևի իմ միամտությունը կնվիրեի թշնամուս ու շատ սիրով սրամիտ կդառնայի: Սիրում և հարգում եմ համեստությունը, դավաճանությունն էլ ատում եմ:
- Ասում են` այսօր արա այն, ինչ ուրիշները չեն ուզում, վաղը կապրես այնպես, ինչպես ուրիշները չեն կարող: Եթե Ձեր ձեռքում կախարդական փայտիկ լիներ, ի՞նչ կանեիք հենց այս պահին:
- Ի՞նչ կանեի այս պահին… Հայաստան պետությունը կփոխեի, կստեղծեի շատ առողջ տնտեսություն, որ ամեն մի հայ կարողանար իր աշխատանքով ապրել իր հայրենիքում ու ամբողջ սփյուռքը, բոլոր հայերը հետ գային իրենց հայրենիք:
- Կոկո Շանելը մի առիթով ասել է` ինձ հետաքրքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում: Իսկ ի՞նչ դեր ունի դիմացինի կարծիքը Վալերի Գործունյանի համար:
-Ես համաձայն եմ Կոկո Շանելի հետ: Կարևորում եմ միայն այն մարդկանց կարծիքները, ում ես հարգում եմ, իսկ մնացածներինը ընդհանրապես ինձ չեն հետաքրքրում:
- Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել, որը` զվարճացրել:
- Զայրացրել է այն, որ ես իմ հարկերը չեմ վճարել Հայաստանում, դա նշանակում է, որ ես գող եմ, ու դա անշուշտ սուտ է: Իսկ զվարճացրել է այն ասեկոսեն, որ ես պիտի ամուսնանայի իմ տղաների տարիքի մի տղայի հետ:
Հարցազրույցը` Սեդա Հերգնյանի