Իրանը մեր տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող ռեգիոնալ գերտերություն է: Այն կարող է իր ներկայությամբ, կշռով լուրջ ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Իրանը մեզ համար ունի ինչպես զսպիչ (Թուրքիա), այնպես էլ խթանիչ (տնտեսություն) նշանակություն: Սակայն Երևանն այդպես էլ չօգտագերծեց այդ երկրի քաղաքական ու, հատկապես, տնտեսական ռեսուրսները՝ հավանաբար Արևմուտքի ու Ռուսաստանի մոտ դժգոհություն չառաջացնելու կասկածելի հեռանկարով: Արևմուտքում գոյություն ունի դիվանակիտական չգրված օրենք, համաձայն որի, առկա է հարևանների հետ խաղաղ գոյակցության ու լավ հարաբերություններ պահպանելու ու զարգացնելու էթիկա: Այստեղ կա քաղաքական որոշակի ըմբռնում: Իսկ Ռուսաստանի համար Իրանն աշխարհաքաղաքական այն կենտրոնն է, որի ներկայությունը Կրեմլի գլոբալ շահերի իրացման ստորին հարթակն է: Ուստի պետք էր քաղաքական ռացիոնալիզմի հաշվարկային, խորքային մոտեցում, քան՝ առկա տեսանելի իրականության դոգմատիկային թեորեացում: Հայաստանն Իրանի հետ հարաբերությունների կառուցման ռազմավարությունը պետք է բխեցնի տակտիկական երկու ասպեկտից, որը, հավանաբար, կհիմնվի գլոբալ ընկալման հաշվարկի վրա.
1. արտաքին կամ գլոբալ՝ այսպես կոչված «դիվանագիտական լեգիտիմացում», որը ենթադրում է. Ա Արևմուտքի համար Հարավային Կովկասում ռուսական քաղաքական, տնտեսական ազդեցության հակակշռման գործոնի ընկալում Բ Ռուսաստանի համար Իրան-Հայաստան-Ռուսաստան գեոստրատեգիական գծի կառուցման ու ամրապնդման հեռանկար Գ ռուսական տարածաշրջանային ճնշումների «միջանցիկ ուղղորդում». Հայաստանի վրայից ճնշումները հոսում են Ադրբեջանի ուղղությամբ Դ Հայաստանի գոյապահպանական շահի իրացման ընդունում Ե իրանական անկանխատեսելիության ու փակության փոխարկելիության հնարավորության տեսանելիություն հայկական միջանցքով
2. ներքին կամ ռեգիոնալ՝ ազգային կենսական շահերի իրացման դիրքերի ամրապնդում, որը ենթադրում է հետևյալ գործոնների հաշվառում և քայլերի որդեգրում.
Ա/ մեկ կենտրոնից (Ռուսաստան) էներգետիկ կախվածության զսպում
Բ/ Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի դեպքում ադրբեջանական տարածքների տրամադրման հնարավորություն
Գ/ Իրանական Ատրպատականի ադրբեջանական խաղարկման վտանգ. դրա մասին անընդհատ ահազանգում
Դ/ Ադրբեջանին իրանական ճնշման թիրախավորում
Ե/ Ադրբեջանի թալիշներին Թեհրանի կողմից աջակցության ծրագրերի խրախուսում
Այս քայլերը հնարավոր էր անել ավելի վաղ՝ այն ժամանակ, երբ կառուցվում էր Իրան-Հայաստան գազատարը, եթե դրա տրամաչափը լիներ շատ ավելի մեծ, քան կա: Դա նոր որակի խթան կլիներ տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում, բայց, ըստ երևույթին, ռուսական կողմի ճնշմամբ դա չարվեց, և հիմա, իրավիճակն ավելի է բարդացել: Բանն այն է, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, և այդ ոլորտում բավական հեռուն է գնացել: Հիմա Իրանի հետ հարաբերությունների որակական շարժը կարող է ազդել այդ գործընթացի վրա: Գործընթացը շատ նուրբ քաղաքական երևույթ է. այն ունի մեկնարկման ու սահմանադրականացման զգայուն փուլեր և դրանցից է կախված վերջին՝ անկման կամ զարգացման փուլը: Ուստի պետք է լինել մաքսիմալ զգույշ: Սակայն Ռոհանին արևմտյան վերլուծական շրջանակներում համարվում է ռեֆորմիստական լիդեր, ուրեմն և՝ նա կարող է ընկալվել Արևմուտք-Իրան կոնֆլիկտում որպես խորքային կառուցվածքների որոշակի տեղաշարժման հնարավորություն: Գրագետ ձևով օգտվելով դրանից, կարելի է Իրանի հետ զարգացնել նոր որակի հարաբերություններ բայց միայն մի պայմանով. մեր ավանդական արտաքին քաղաքական ինստուիտիվ նախապատվային մոտեցումը պետք է փոխարինել արհեստավարժ կադրերի ներգրավմամբ, նրանց իրականացրած վերլուծությունների, հետազոտությունների գնահատման և օգտագործման կամքով:
Արման Սահակյանի գրառումը
Ֆեյսբուք