Վերջին ժամանակներս ներքաղաքական քննարկումների կենտրոնում հայտնված Օսկանյանի և ԲՀԿ-ի քայլերը կապվում են նաև առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ինչպիսի՞ն կլինեն այս և մյուս կուսակցությունների քայլերը այդ ընտրությունների ժամանակ, և ինչու՞ կուսակցություններից շատերը դեռևս չեն հայտարարում իրենց թեկանծուների անունները: Այս և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը պարզաբանումներ է ստացել քաղտեխնոլոգ Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԻՑ:
-Պարոն Քոչարյան, հայաստանյան նախագահական ընտրությունների նախաշեմին մի քանի կուսակցություններ ձգձգում են հայտնել ` իրենք կառաջադրեն սեփական թեկանածուին, թե` ոչ: Ո՞րն է դրա իմաստը, օրինակ, ԲՀԿ-ի դեպքում:
- Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Գագիկ Ծառուկյանի հաջորդ դասը լինելու է «И дольше века длится ПЕРЕМЕНА»ն (դասամիջոց) ու հաջորդ դասը այդպես էլ չի սկսվում: Ծառուկյանը լավ բիզնեսմեն է, բայց լավ քաղաքական գործիչ չէ: Հայտնվելով քաղաքականության մեջ` նա հիմա կրակն է ընկել իր իսկ կուսակցության, իր իսկ քաղաքական քայլերի ձեռքը: Ժամանակը ցույց կտա, ես չեմ կարող ասել` ինչ կլինի:
-Այնուամենայնիվ, ո՞րն է ձգձգելու իմաստը:
-Ձգձգելու իմաստն է այն է, որ Հայաստանում վաղուց արդեն շատ-շատերը ինքնուրույն չեն:
- ԲՀԿ-ի պարագայում քննարկվում են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և անդամ Վարդան Օսկանյանի թեկանածությունները: Ըստ Ձեզ, այնուամենայնիվ ԲՀԿ-ն թեկանածու կառաջադրի՞:
- Կարծում եմ` ԲՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին: Թելադրող ինչ-որ մեկի կողմից մեսիջն արդեն գնացել է, որ եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա` Օսկանյանը կառաջադրվի:
- Իսկ, եթե ԲՀԿ-ն չառաջադրի Օսկանյանին, ըստ Ձեզ, նա կառաջադրվի որպես անկախ տեկնածու:
- Կարծում եմ` այո:
- ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում բավական շատ ձայներ հավաքեց: Ինչպիսին կլինի պատկերը նախագահական ընտրությունների դեպքում, եթե նշված կուսակցությունը հանդես գա սեփական թեկանածուով:
-Մի կողմից ԲՀԿ-ն 450 հազար ձայն հավաքեց և անընդհատ հիշեցնում է այդ մասին և գայթակղություն կա, որ նախագահական ընտրություններում էլ ԲՀԿ-ն շատ ձայներ կհավաքի: Մյուս կողմից էլ, ԲՀԿ կոալիցիոն հուշագիր է ստորագրել, համաձայն որի` 2013 թվականի նախագահական ընտրություններին սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանում Ազգային ժողովի և նախագահի ընտրությունները շատ տարբեր են: Հնարավոր է Ազգային ժողովում շատ ձայն հավաքես, բայց նախագահականում` բավական քիչ և ընդհակառակը`քիչ ձայներ հավաքած լինես Ազգային ժողովում, բայց նախագահականում` շատ:
Օրինակ, 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանը հավաքեց բավականին թվով ձայներ, իսկ 3 ամիս անց խորհրդարանական ընտրություններին «Արդարություն» դաշինքը, որը ղեկավարում էր Ստեփան Դեմիրճյանը, հավաքեց 14 տոկոս ձայն:
Եվ բացի այդ, նախագահական ընտրությունների ժամանակ ընտրակշառքի ազդեցությունը շատ ավելի քիչ է, քան խորհրդարանականների ժամանակ:
- Քանի որ խոսքեցինք Օսկանյանից, անդրադառնանաք նրա դեմ հարուցված քրեական գործին: ԲՀԿ-ն այս գործը շատ է շահարկում` անընդհատ նշելով, որ այդ գործը քաղաքական քայլ է` ուղղված իրենց դեմ: Ի՞նչ եք կարծում, սրանով ԲՀԿ-ն դիվիդենտներ կշահի է:
- Կշահի: Ընդանհրապես, կարծում եմ, Օսկանյանի գործը սխալ էր, եթե պետք է այն հարուցվեր, ինչու՞ դա արեցին միայն հիմա և ոչ թե երկու տարի առաջ: Սա նշանակում է, որ այնուամենայնիվ, այստեղ կան քաղաքական մոտիվներ, որքան էլ, որ ասեն` չկա: Եվ հետո, անհասկանալի էր ինչու իշխանությունները Օսկանյանին հերոսացրին: Իսկ այն, որ այսօրվա գրեթե ողջ ֆորմալ և ոչ ֆորմալ ընդդիմադիր դաշտը, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանեցին նրան, բնականաբար, հասկանալի էր, քանի որ բաց դիվիդենտներ են ձեռք բերում:
Այս գործի կապակցությամբ իրավաբաններն ասում են, որ եթե այստեղ փողերի լվացում է, ապա դա ունի կրիմինալ ծագում: Իսկ, եթե խոսքը փողերի լվացման մասին է, ապա տրամաբանությունը թելադրում է, որ հիմա պետք է միջազգային հետախուզում հայտարարվեր Հանթսմաի նկատմամբ:
-Հասկանալի է, որ Օսկանյանի գործը իրավական հարթակից տեղափոխվեց քաղաքական դաշտ: Սրան խառնվեցին նաև դեսպանները: Արդյո՞ք կարիք կար, որ այս գործին արձագանքեին նաև Հայաստանում ԱՄՆ և Գերմանիայի դեսպանները:
-Դա արդեն գալիս է մեր երկրի փոքր-ինչ թուլությունից, որովհետև դեսպանները մի քիչ շատ են սկսել խառնվել ամեն հարցի: Մեր դիվանագիտական թուլությունն այն է, որ «դեսպանի պորտը տեղը չեն դնում», որպեսզի ամեն ինչի մեջ չխանվի:
-Անդրադառնանք, մյուս կուսակցություններին: Օրինակ, եթե դաշնակներն առաջադրվեն, ո՞վ է նրանց համար պոտենցյալ թեկանծու, ըստ Ձեզ:
- Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշա Շահբազյանը… յուրաքանչյուրը: Եթե իրենք չեն ասում, թե ում են առաջադրելու, ես չեմ կարող ասել` ով է պոտենցյալ թեկնածու:
- Իսկ «Ժառանգության» մասին ի՞նչ կասեք, ըստ Ձեզ, Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի, թե ոչ:
- Նույն վիճակն է: Րաֆֆի Հովհաննիսյանը ոչինիչ չի ասում` կառաջադրվի, թե ոչ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այնպիսի էքսցենտրիկ քաղաքական գործիչ, ինչպիսին Րաֆֆի Հովհաննիսյանն է, վերջին 20 տարում Հայաստանում չի եղել: Մանդատ դնել-վերցնել, գլուխ-բեխ սափրել, գնալ դրոշի կողքը նստել: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը այն է, որ նա , արդեն 21 տարուց ավելի լինելով Հայաստանում, չհասակացավ հայաստանցու մենթալիտետը, ինքը մնաց ամերիկացու մենթալիտետով` ժպիտով բարևել մարդկանց, դրոշի կողքը նստել, որովհետև ամերիկայում դրոշը սրբություն է: Մեր մոտ դա լուրջ չի ընկալվում:
-Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու այն պատճառաբանությունը, թե դա արվում է իր տեղը երիտասարդներին զիջելու համար…
- Ինձ համար դա ծիծաղելի է: Ո՞վ է երիտասարդ` Ռուբեն Հակոբյա՞նը, Մասիս Այվազյա՞նը… Դա նման է նրան, երբ երեխային հարցնում ես` ինչու՞ ես այս բանն արել, ինքը մի պատճառ է ասում զուտ պատասխանելու համար, առանց մտածելու, թե հետո դրան ինչ պատասխան է տալու:
Հարցազրույցը` Սեդա ՀԵՐԳՆՅԱՆԻ