▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարճ՝ Թուրքիայում ընտրությունների մասին․ Акела промахнулся, բայց не полностью, стае нужен новый вожак

Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շատ կարճ Թուրքիայում ընտրությունների և անձամբ Էրդողանի մասին` «Մաուգլի» մուլտֆիլմի մոտիվներով. «Акела промахнулся», բայց не полностью, բայց և այնպես` «стае нужен новый вожак»։

Առաջիկա ժամերին պարզ կլինի` արդյոք Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, թե կգործի «փոքր քայլերի ճարտարապետությունը», որը կապահովի Էրդողանին հաղթանակից բաժանող ձայների մեկ տոկոսը:

Հ.Գ. Շարունակում եմ կարծել, որ Էրդողանը Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին` 2023 թ. հոկտեմբերին, պատրաստ չէ չլինել երկրի նախագահ»:

Ռուբեն Մելքոնյանը  տեղադրել է նաև  Էրդողանի քաղաքական ժառանգ ընտրելու հրամայականի մասին դեռևս մայիսի 8-ին հրատարակած իր հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև․

Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին օրերի առողջական խնդիրները պատճառ դարձան տարատեսակ մեկնաբանությունների՝ սկսած բժշկական վերջացրած քաղաքական ու քաղաքագիտական: Սակայն, անկախ ամեն ինչից, Էրդողանի տարիքը, առողջական վիճակը շատ բնական և տրամաբանական են դարձնում այն, որ Թուրքիայի նախագահի համար կարծես թե մոտենում է քաղաքական ժառանգորդ ընտրելու հարցը: Այս խնդրում մարդկության պատմությունը դարեր շարունակ ամրագրել է որոշ օրինաչափություններ և մասնավորապես այն, որ քաղաքական բազմաթիվ ուժեղ լիդերներ, կայսրեր, արքաներ, բռնապետեր չեն կարողացել հաղթահարել մարդկային սովորական խանդը և դժվարացել են ժառանգորդ ընտրելու հարցում: Կարծես նման մեղքից զերծ չէ նաև Էրդողանը և ներկայիս Թուրքիայի քաղաքական երկնակամարում ընդգծված ժառանգորդ չի առանձնանում, ուստի կանխատեսելի է, որ թշնամական երկրի հաջորդ ղեկավարի որոշման հարցը տեղի է ունենալու քաղաքական թեժ պայքարի միջոցով:

Սակայն այստեղ ևս Էրդողանի գործոնը դոմինանտ է լինելու. եթե մինչ այս Թուրքիայում տարբեր լիդերներ մրցում էին «նոր Աթաթյուրք» կամ «երկրորդ Աթաթյուրք» դառնալու համար, ապա այդ քաղաքական իդեալը փոխվելու է, և հաջորդները պայքարելու են «նոր Էրդողան» դառնալու համար, ընդ որում և՛ իշխանական և՛ ընդդիմադիր գործիչները: Կանխատեսելի է նաև քաղաքական մեկ այլ օրինաչափություն. Թուրքիայի հաջորդ լիդերը դժվարություն է ունենալու վերցնել «էրդողանական թագը» կամ ստանձնել համանման դերակատարում, քանի որ դա ընդգծված անձնավորված է ներկայիս նախագահի «քաղաքական լավ տղայի», բռավադայի կերպարով, ուստի թուրքական պետության համար ցնցումներ, համաշխարհային դերակատարման նվազում չի բացառվում ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունեցել աշխարհի տարբեր երկրներում ուժեղ տիրակալների հեռանալուց հետո:

Ինչ վերաբերում է Էրդողանին այս ընտրություններով հաղթելուն և ընդհանրապես քաղաքական մրցապայքարին, ապա բավական հիմքեր կան ենթադրելու, որ այսօր Թուրքիայի քաղաքականդաշտում գործող քաղաքական գործիչները պայքարելու են միայն հետէրդողանական Թուրքիայի և նրա ժառանգության համար և այդ պայքարում ընդդիմադիր դաշտում այս պահին ավելի վառ ու մրցունակ կերպարներ կան, որոնցից է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, իսկ իշխանական թևից առանձնանում են ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ևս մեկ-երկու կերպար:

Էրդողանը արդեն իսկ մտել է պատմության մեջ, իր քաղաքական և անձնական ծրագրի մեծ մասը իրականացրել է, այսօր Թուրքիայի Հանրապետության պատմությունը կերպարների առումով ունի երկու հենասյուն՝ Աթաթյուրք և Էրդողան, նրանց միջև տասնամյակների ընթացքում եղած գործիչները՝ Մենդերես, Օզալ, Դեմիրել և այլն, մեկն են հավասարներից, բայց բացառիկ չեն: Էրդողանը նաև կերտել է քաղաքական ռեկորդ` 2002-ից դե ֆակտո, իսկ 2003-ից դե յուրե ղեկավարելով Թուրքիան, ընդ որում՝ հաղթելով ընտրություններում արդար կամ «թեթև խախտումներով»: Այնպես որ, եթե ֆորս մաժոր չլինի, եթե Ալլահը իր մոտ չհրավիրի Էրդողանին, ապա շարունակում եմ կարծել, որ մեծ է նախագահական ընտրություններում նրա հաղթանակի հավանականությունը, սակայն նույն օրը անցկացվող խորհրդարանական ընտրություններում Էրդողանի գլխավորած դաշինքի համար ավելի դժվար է լինելու խորհրդարանում ձևավորել մեծամասնություն:

Եվ ի վերջո, այս ընտրություններին հատուկ է որոշակի հուզականություն, քանի որ սա Էրդողանի «հրաժեշտի ընտրություններն» են, որոնցում նա վերջին անգամ է դիմում և շփվում քաղաքացի-ընտրողների հետ, որոնք էլ, կարծում եմ, այդ հրաժեշտի արարողությանը չեն գնա դատարկաձեռն, այլ գործող նախագահի օգտին քվեաթերթիկներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее