Հայաստանի տիպի երկրներում, այսինքն՝ դիկտոկրատական ռեժիմ ունեցող, նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևը միտում ունի վերաճելու սուպերնախագահականի, քանի որ ինստիտուտների անոմալիան կամ չկայացածությունն ի վիճակի չէ ստեղծելու ընդունելի հարաբերություններ, քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Ուստի նախագահի ձեռքում են սկսում կենտրոնանալ իշխանության ճյուղերը հերթով կամ միանգամից: Այս պարագայում, թվում է՝ պետք է, որ ընդունելի լիներ սահմանադրական փոփոխությունը հօգուտ պառլամենտական կառավարման մոդելի, բայց այդպիսի նախաձեռնությունն իշխանության կողմից հանդիպեց բավական կոշտ արձագանքների, ինչու՞: Առկա է 2 պատճառ հասարակության տեսանկյունից՝ ներքին և արտաքին.
1. ներքին՝ իշխանության նկատմամբ վստահության դեֆիցիտ. այդ իսկ պատճառով, երբեք չի արթնանում հասարակական աջակցություն, որովհետև նրա ցանկացած որոշման տակ հանրությունը տեսնելու, փնտրելու է իշխանության պահպանմանն ու վերարտադրմանն ուղված քայլերի ամբողջություն: Նույնիսկ բարի կամքի դրսևորման քայլերը չեն կարող լեգիտիմության ճգնաժամ ապրող իշխանության պարագայում ունենալ դույզն-ինչ աջակցություն:
2. արտաքին՝ իշխանության գործելաոճի իներցիան. վերարտադրման ռեֆլեքսը երբեք չի թողնում հաստատել իրական քաղաքական պլյուրալիզմ, երբ տարբեր սոցիալ-քաղաքական խմբեր ռեալ հնարավորություն կունենան մասնակցելու իշխանության նվաճման գործընթացներին: Դրա համար, պարզ չէ՝ արդյո՞ք պառլամենտական կառավարման մոդելը դեմոկրատական ինստիտուտների կայացման, թե՞ իշխանության ավելի սահուն վերարտադրման փորձ է:
Փաստորեն իշխանությունը, ի թիվս այլ ոլորտների, լուրջ անելիքներ ունի նաև այստեղ:
Ֆեյսբուք