Հին Երևանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ այս ճարտարապետական ստեղծագործությունը:
Շուրջ երկու տարի տևող այս բարբարոսության ընթացքում մասնագիտական և քաղաքացիական հանրությունը բազմիցս գրավոր կերպով ահազանգել է ՀՀ պետական բոլոր պատկան մարմիններին, այդ թվում ՀՀ դատախազությանը, սեփականատիրոջ հանցավոր ապօրինությունների վերաբերյալ` ներկայացնելով հնարավոր բոլոր փաստարկումները:
Սակայն ՀՀ իրավապահ մարմինները բավարարվել են միայն տուգանքներով և սին հավաստիացումներով, թե իբր ապօրինի շինարարությունը դադարեցված է ու գտնվում է խիստ հսկողության տակ:
Մինչդեռ իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխը ոչ միայն չի ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, այլև անգամ օրենքով սահմանված տուգանքների վճարումից հետո դիտավորյալ կերպով հետևողականորեն շարունակել է դրա քանդման ու վերակառուցման ապօրինի գործունեությունը` անթույլատրելի փոփոխությունների ենթարկելով նրա կերպարը, ներքին ու արտաքին կառուցվածքը, նսեմացնելով հուշարձանի պատմաճարտարապետական արժեքը: Չունենալով սահմանված կարգով պատկան մարմինների կողմից համաձայնեցված փաստաթղթեր, արհամարելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի հիմնարար դրույթը, ըստ որիհուշարձանների քանդումն արգելվում է, սեփականատերը անողոք կերպով ոչնչացրել է հուշաձանի ծավալի մեծ մասը` դրա տեղում տեղադրելով նոր առևտրի օբյեկտի կառույցը: Ըստ մամուլի տեղեկությունների` սեփականատերը պատրաստվում է ս.թ. սեպտեմբերի սկզբին շահագործման հանձնել խեղված և խաթարված հուշարձանի տեղում ապօրինաբար կառուցվող առևտրի օբյեկտը:
Գիտակցելով, որ նման գործընթացը ոտնահարում է մեր, Հայաստանի քաղաքացիներիս ազգային և մշակութային արժանապատվությունը, ինչպես նաև խաթարում է «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության կոնվենցիան» վավերացված մեր երկրի վարկանիշը միջազգային հանրության առջև, մենք` «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներս, հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև մշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներում ներառված մի շարք նորմերի պահանջները, կոչ ենք անում սկսել օլիգարխի ձեռքից հուշարձանի հասարակական ազատագրման պայքար:
Շարժումն իր առջև դնում է հետևյալ նպատակները.
1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.
- ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,
- հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:
2. Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:
3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումն այս նպատակներին հասնելու համար կիրառելու է ինչպես ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացմանն ուղղված քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձևերն ու մեթոդները:
Ավետիս Վիգեն, քանդակագործ
Գինոսյան Գագիկ, մշակույթի վաստակավոր գործիչ
Եղնուկյան Կարո, իրավաբան, գործարար
Իսպիրյան Արթուր, երգիչ
Հակոբյան Վարդան, դիրիժոր
Մարտիրոսյան Վահրամ, արձակագիր
Ներսեսյան Եղիա, բնապահպան ակտիվիստ
Չուգասզյան Գարեգին, համակարգային վերլուծաբան
Պարազյան Մարինա, ճարտարապետ
Սիմոնյան Ալեն, Արարատ ամսագրի գլխավոր խմբագիր,
Քալաշյան Սաշուր, ճարտարապետ